Օգոստոսի 19-ից 23-ը Բյուրականում կմեկնարկի ամառային դպրոցը: Մասնակիցների, նախատեսվող միջոցառումների, հայ երիտասարդ գիտնականնների` միջազգային ամառային դպրոցների մասնկացության մասին ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Հայկական աստղագիտական ընկերության (ՀԱԸ) համանախագահ, Բյուրականի աստղադիտարանի (ԲԱ) առաջատար գիտաշխատող և գիտական խմբի ղեկավար, Հայկական վիրտուալ աստղադիտարանի (ՀՎԱ) ղեկավար Արեգ Միքայելյանի հետ:
Պարոն Միքայելյան, 2006 թվականից Բյուրականում գործում է ամառային դպրոց: Ե՞րբ սկսվեցին նախապատրաստական աշխատանքները, ո՞րն է դրա նպատակը:
-Բյուրականյան միջազգային ամառային դպրոցների շարքը սկսել ենք 2006թ. և անցկացնում ենք երկու տարին մեկ` զույգ տարիներին: Արդեն կազմակերպվել է 4 դպրոց, որոնք բոլորն էլ մեծ հաջողություն են ունեցել:
Կազմակերպում ենք նաև ամառային դպրոցների շարք` Երևանի պետական համալսարանի Ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողների համար: Առաջին փորձն արեցինք 1995թ., հետո որոշեցինք դրանք դարձնել կանոնավոր, և հաջողվեց նման դպրոցներ կազմակերպել 2005 և 2009թթ.:
Մեր մտահղացումն էր, որ այդ դպրոցներն անցկացվեն բոլոր կենտ տարիներին, սակայն, ինչպես երևում է` 2007 և 2011թթ. բացթողումներ ենք ունեցել: Այնուհանդերձ, 2013-ի օգոստոսի 19-23-ին մեր հերթական` չորրորդ, տեղական դպրոցը կկայանա և այս անգամ այն նույնիսկ նոր` ավելի ընդլայնված, ձևաչափ կունենա: Այդ դպրոցին մասնակցելու են նաև ԵՊՀ այլ ֆակուլտետների և Հայաստանի մի շարք ԲՈՒՀ-երի ուսանողներ: Ուսանողների ընդհանուր թիվը հասնում է 42-ի:
Իսկ նպատակը ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի ուսանողներին ծանոթացնելն է Բյուրականի աստղադիտարանին և նրանում կատարվող գիտահետազոտական աշխատանքներին, ինչը հնարավորություն կտա լավ պատկերացնել իրենց հետագա մասնագիտացման հնարավոր տարբերակներից մեկը և ճիշտ ընտրություն կատարել: Սովորաբար նման ընտրությանը նպաստող միջացառում է հանդիսանում համալսարանում ուսանողների հանդիպումը տարբեր գիտահետազոտական ինստիտուտների աշխատակիցների հետ, սակայն մենք որոշել ենք գնալ աստղադիտարանի համար ապագա կադրեր ընտրելու ավելի խորացված տարբերակով:
Տվյալ ամառային դպրոցին զուգահեռաբար անցկացվում է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք չափազանց խոշոր մի միջացառման` ակադ. Բենիամին Մարգարյանի100-ամյակին նվիրված ՄԱՄ պաշտոնական գիտաժողովի կազմակերպչական աշխատանքներին մասնակցող ԵՊՀ, Երևանի պետական լեզվաբանական համալսարանի (ԵՊԼՀ) և Տուրիզմի հայկական ինստիտուտի (ՏՀԻ) ընտրված ուսանողների նախապատրաստական պարապմունքները (թրեյնինգը): Այստեղ ընդգրկված են լեզվաբան, տուրիզմի մասնագետ և լրագրող ուսանողներ: Կարծում եմ` միջազգային գիտաժողովին նրանց մասնակցությունը և արտասահմանցի գիտնականների հետ շփումը նույնպես կնպաստի նրանց հետագա մասնագիտական աճին:
Ամեն տարի դասախոսություններ և գործնական պարապմունքներ անցկացնելու համար նշանավոր աստղագետներ են հրավիրվում: Հիմնականում ո՞ր երկրներից են մասնակից թե’ դասախոսները և թե’ ուսանողները:
-Բյուրականյան ամառային դպրոցին մասնակցել են 11 երկրների շուրջ 30 հանրաճանաչ դասախոսներ և 70-ից ավելի ուսանողներ` նախկին Խորհրդային Միության, Մերձավոր Արևելքի և Եվրոպայի 21 երկրներից, ինչպես նաև բազմաթիվ հայ ուսանողներ: Իսկ տեղական ամառային դպրոցներին մասնակցում են ԵՊՀ ուսանողները: Ֆիզիկայի և ռադիոֆիզիկայի ֆակուլտետներից ներգրավված են 12 ուսանողներ, իսկ զուգահեռաբար անցկացվող ՄԱՄ գիտաժողովի նախապատրաստական պարապմունքներին հրավիրված են 30 ուսանողներ:
Այս տարի, քանի որ անցկացվում է տեղական ամառային դպրոց, ովքե՞ր դասախոսություններով հանդես կգան:
-Դասախոսները մեր աստղադիտարանի գիտաշխատողներն են` տնօրեն Հայկ Հարությունյանը, փոխտնօրեն Տիգրան Մաղաքյանը, երիտասարդ աստղագետներ Հայկ Աբրահամյանը և Գոհար Հարությունյանը, ինչպես նաև ինքս:
Բացի դասախոսություններից և գործնական պարապմունքներից ի՞նչ է սպասվում մասնակից երիտասարդ աստղագետներին:
Ծրագիրը հագեցված է Վիկտոր Համբարձումյանի և Բյուրականի աստղադիտարանի, Արեգակնային համակարգի, աստղերի, միգամածությունների, գալակտիկաների, տեսական աստղաֆիզիկայի եղանակների, աստղագիտական գործիքների և դիտողական եղանակների մասին դասախոսություններով: Գործնական պարապմունքները նվիրված են աստղագիտական տվյալների շտեմարանների կիրառմանը, աստղագիտական պատկերների և սպեկտրների մշակման և վերլուծության ծրագրային համակարգերին և այլն: Բացի այդ կլինեն գիշերային դիտումներ, ինտելեկտուալ խաղեր, աստղագիտական մրցույթ, մարզական խաղեր, էքսկուրսիաներ և այլ միջոցառումներ: Վերջապես, այդ միջոցառումը նաև հնարավորություն է ամառային հանգիստը վայելել Բյուրականի աստղադիտարանում:
Իսկ նկատե՞լ եք, ուսանողներն ունե՞ն ձգտում մասնակցել գիտաժողովների, ամառային դպրոցների և ինչպե՞ս է ընտրություն կատարվում:
-Ձգտում իհարկե կա, իրենց համար առավել հետաքրքիր է մասնակցել այլ ձևաչափով միջոցառումների. ամառային դպրոցներ, դասընթացներ, պրակտիկա…Իսկ գիտաժողովների հազվադեպ են մասնակցում:
Ինչ վերաբերում է ուսանողների` գիտաժողովներին, ամառային դպրոցներին մասնակցությանը, նշեմ, որ ընտրվում են ըստ երաշխավորագրերի: Դե, ավելի բարդ է ֆինանսավորման հարցը, ինչն էլ փորձում ենք մի կերպ լուծել:
Անհերքելի փաստ է, որ հայ երիտասարդ աստղագետներն էլ մասնակցում են միջազգային դպրոցների. Այս տարի քանիսն են գնացել կամ գնալու:
-Այո, իհարկե: Մենք լուրջ ուշադրություն ենք դարձնում մեր երիտասարդների մասնագիտական աճին և ամեն կերպ նպաստում ենք նրանց մասնակցությանը միջազգային ծրագրերին: Մասնավորապես, մի քանի անգամ հաջողվել է մերոնց ուղարկել չափազանց հեղինակավոր Վատիկանի աստղադիտարանի ամառային դպրոցին, մերոնք մասնակցել են Եվրոպական ՆԵՈՆ դպրոցին, Ամերիկյան և Եվրոպական վիրտուալ աստղադիտարանների ամառային դպրոցներին, այլ ամառային և ձմեռային դպրոցների Կանարյան կղզիներում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Պորտուգալիայում, Ռուսաստանում և այլուր: Այս տարի սեպտեմբերին մեր երեք երիտասարդներ կմասնակցեն Ռումինիայում կայանալիք ամառային դպրոցին:
Համեմատության համար կարող եմ ասել, որ եթե մինչև 2005թ. բոլոր նախորդ տարիներին միջազգային ամառային դպրոցների էր մասնակցել հազիվ 10 հայ երիտասարդ, ապա 2005թ.-ից հետո նման դպրոցների են մեկնել 20 հայ երիտասարդ աստղագետներ, այսինքն միջինում տարեկան 2-3 հոգի:
Սակայն, ամեն դեպքում, արտասահման մեկնելու հնարավորությունները սահմանափակ են, այդ պատճառով առավել կարևոր է մեզ մոտ կանոնավոր կերպով շարունակել միջազգային դպրոցների ծրագիրը, որոնց հնարավորություն կունենան մասնակցել ամեն անգամ 10-15 հայ երիտասարդներ:
Ե՞րբ կանցկացվի հաջորդ ամառային դպրոցը:
Հաջորդ միջազգային ամառային դպրոցը Բյուրականում կանցկացվի 2014թ. սեպտեմբերին: Հնարավոր է, որ այն համատեղվի ՄԱՄ ամառային դպրոցի հետ:
Հարցազրույցը` Անի Կարապետյանի