Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում մթնոլորտը կրկին լարվել է: Ըստ ուսանողների, ֆակուլտետում ստեղծվել է մի գաղջ մթնոլորտ, որտեղ ամբիոնները ղեկավարում են այնպիսի մարդիկ, որոնց անունները լրագրության ոլորտում ոչինչ չեն ասում:
Ուսանողները նշում են, որ ուսումն այս ֆակուլտետում բարցիթողի վիճակում է հայտնվել: Ոչ կարողանում են օգտվել համակարգչային սրահից, ոչ գրադարանից, ոչ էլ ռադիո և հեռուսատեսային ստուդիաներից: Պատճառն այն է, որ լաբորանտները, ովքեր ուսանողների խոսքով «ժուչոկի» դեր են տանում, գործնական պարապունքների համար նախատեսված սրահները օգտագործում են իրենց հանգստի և սրճելու համար:
Բացի դա, ուսանողներին մտահոգում է դասախոսների անտարբերությունը: Ժամանակին տեղեկություն տարածվեց, ըստ որի Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանն, ով վերոնշյալ ֆակուլտետում Մարկետինգի և գովազդի հիմունքներ է դասավանդում, ոչ միշտ է բարեհաճում գալ ինչպես դասերի, այնպես էլ քննությունների: Ավելին, եղել է անգամ դեպք, երբ Մարգարիտան մի ամբողջ խմբի երկուս է նշանակել՝ այդ թվում մահացած ուսանողուհու:
Սակայն նա միակ դասախոսը չէ, որին Մայր բուհում հաճախ չեն տեսնում:Ուսանողների փոխանցմամբ՝ իրենք դասախոսների անունները լսում են, բայց համալսարանում նրանց երբեք չեն տեսնում, ինչպես օրինակ Արտակ Ալեքսանյանին, Քրիստինե Մելքոնյանին, Սաթիկ Սեյրանյանին:Ավելին, Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը պարզապես գրանցված դասախոս է և ըստ ասեկոսեների, դեկանը նրան պահում է, որպեսզի վերջինս նրան հրավիրատոմսեր և շնորհակալագրեր տա:
Մի խոսքով, այս բուհի և հատկապես այս ֆակուլտետի գլխին միջակությունները «գալովի» են: