«Եթե Հայաստանի ճանապարհների, զուգարանների հարցը 25 տարվա ընթացքում չեն լուծվել, կարծում եմ, 9 ամիսը շատ կարճ ժամանակ է, սակայն հարցերը ճիշտ կերպով բարձրացնելու և լուծումների ճանապարհ գտնելու համար այսօր քայլեր արվում են»,- «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսում ասաց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը:
Նա նշեց, որ, ըստ օրենսդրության, բոլոր բենզա և գազալցակայանները պարտավոր են ունենալ գործող զուգարաններ՝ զբոսաշրջիկներին և այցելուներին սպասարկելու համար: Զ. Զեյթունցյանի խոսքով, շատերն ունեն զուգարաններ, սակայն պայմանները վատն են, այդ իսկ պատճառով նամակ են ուղարկել առողջապահության և տարածքային կառավարման և զարգացման նախարարություններ՝ վեր հանելով բոլոր չափանիշները:
«Այդքան խնդիրը զուգարան ունենալը չէ, ինչքան զուգարանը լավ պահելը, զուգարանի կառավարման համակարգ ստեղծելը: Եղել են դեպքեր, որ կառուցել են զուգարաններ, բայց քանի որ չեն ունեցել մենեջմենթի համակարգ, այսինքն ինչ-որ մեկը չի հետևել այդ զուգարաններին, ինչ-որ ժամանակ հետո դարձել են կեղտոտ: Միայն մեր երկրում չէ»,- նշեց նա՝ միաժամանակ հավելելով, որ ամենադժվարը զուգարանի հետ կապված աշխատուժ բերելու խնդիրն է:
Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահը նաև տեղեկացրեց, որ այս պահին ունեն մի քանի հետաքրքիր ներդրումային ծրագրի առաջարկ այնպիսի գործարարների կողմից, ովքեր նաև Հայաստան ներկրում են սանիտարական, կենցաղային առարկաներ:
«Ներդրողների հետ քննարկում ենք, որ դարձնենք լուրջ բիզնես ողջ Հայաստանի տարածքով՝ մայրուղիներում կառուցվեն զուգարաններ, բայց ինչ-որ մեկի կողմից կառավարվեն»,- ասաց Զ. Զեյթունցյանը:
Խնդիրն այնքան զուգարան ունենալը չէ, ինչքան զուգարանի կառավարման համակարգ ստեղծելը. Զեյթունցյան
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet