▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ. «Զղջում եմ, որ ակամա ՆԵՂԱՑՐԵԼ ԵՄ ԻՆՁ ՀԱՐԱԶԱՏ ՄԱՐԴԿԱՆՑ …»

Asekose.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ԱՄՍԱԳՐԻ հարցերին պատասխանում է ՀՀԿ մամուլի խոսնակ, Ազգային Ժողովի փոխնախագահ Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԸ:

- Մանկության օրեր երազի՞ նման … 

-Այո, միանգամայն, երջանիկ ու անհոգ մանկություն եմ ունեցել, իմ մանկությունից բողոքելու առիթ չունեմ:

- Ո՞ րն է եղել մանկության տարիների Ձեր երազած մասնագիտությունը:

- Իմ մանկության տարիներին հայ տղա երեխաների երկու կուռքերն էին Յուրի Վարդանյանն ու Խորեն Հովհաննիսյանը: Քանի որ ես ֆուտբոլ շատ էի սիրում, իմ կուռքը Խորեն Հովհաննիսյանն էր, նրան էլ նայելով, երազում էի ֆուտբոլիստ դառնալ:

- Հաջողա՞կ  մարդ  եք:

-Եթե չհաշվեմ ինձ հարազատ մարդանց կորուստը, որն Աստված է տնօրինում, ապա կարող եմ ասել, որ հաջողակ եմ, քանի որ շրջապատված եմ ինձ սիրելի մարդկանցով` ընտանիքիս անդամներով, ընկերներով:

- Գիրք կամ ֆիլմ, որ հեղափոխել է Ձեր գաղափարները:

- Շատ կան նման գրքեր, որոնք մեծ ազդեցություն են ունցել իմ կյանում, ինչպես`  Տուրգենևի «Հայրեր և որդիներ», Դոստոևսկու «Ոճիր և պատիժ»:

- Հայրենիքից հետո երկրորդ երկիրը, որը շատ եք սիրում:

- Սիրում եմ միայն իմ հայրենիքը, ավելի կոնկրետ պաշտում եմ, սակայն կան երկրներ, որոնց մշակույթի առջև խոնարհվում եմ. իտալական մշակույթի ջատագով եմ` Ռենեսանսի դարաշրջանի, գերմանական փիլիսոփաների, ֆրանսիական լուսավորիչների:

- Կա՞ նման նյութական արժեք, որը չունեք և կցանկանայիք ձեռք բերել:

-Չէ, ես այդքան էլ նյութականացված մարդ չեմ, չեմ ասի իդեալիստ եմ, իդեան և մատերիան ինձ համար հավասար հարթության վրա են դրված. ոչ թե ձևն է կարևոր, այլ` բովանդակությունը: Չեմ կարծում, որ պետք է ապրել ուտելու համար, մեքենան իմ համար միայն փոխադրամիջոց է և չեմ ձգտում շքեղ մեքենա ունենալ:

- Ի՞ նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել են Ձեզ:

- Ինձ դժվար է զայրացնել իմ մասին ասեկոսեներ տարածելով, լրջորեն չեմ վերաբերվում նման բամբասանքներին և հասկանում եմ, որ քաղաքականությամբ զբաղվող մարդիկ մշտապես հասարակության ուշադրության կենտրոնում են և միշտ չէ, որ կարող ես քո մասին հաճելի լուրեր լսել:

- Ձեր արած ամենամեծ խենթությունը:

-Խենթությունս կապված է կնոջս հետ, խենթությունը չափի մեջ լավ հատկանիշ է, մարդ պետք է իր սիրելիի համար պատրաստ լինի խենթ քայլերի: Կարող եմ ասել, որ մեր խենթությունները չեն ավարտվել և շարունակվելու են:

- Կա՞ մի քայլ, որը կատարելով` զղջացել եք:

- Զղջում եմ, որ ծանրաբեռնվածությունից կամ նյարդային իրավիճակից ելնելով`  կարող եմ ակամա նեղացնել ինձ ամենահարազատ մարդկանց, որ այդքան էլ շատ չեն, հուսով եմ` այդ մարդիկ հասկանում են, որ դա ոչ թե մտադրված է եղել, այլ զուտ էմոցիայի պոռթկում է եղել:

- Կցանկանայի՞ ք Ձեր երեխաներին քաղաքականության մեջ տեսնել:

-Կցանկանայի նախ և առաջ դաստիարակված և կիրթ քաղաքացիներ տեսնել, ես մաքսիմալիստ եմ, որտեղ կարող են իրենք կայանալ, թող այնտեղ էլ կայանան, ես դեմ չեմ լինի: Կցանկանայի, որ զբաղվեն այն մասնագիտությամբ, որ օգտակար լինեն մարդկանց և հետո լինեն պրոֆեսինալ:

- Գիտակցելով իր սխալը` Էդուարդ Շարմազանովը ի վիճակի՞ է ներողություն խնդրել:

-Իհարկե, ներողությունից վախենում են միայն այն մարդիկ, ովքեր կառչում են այդ բառից, ովքեր որոշակի բարդույթներ ունեն: Գիտակցելով սխալս կարող եմ ներողություն խնդրել նույնիսկ հրապարակավ, ինչը թերևս եղել է մի քանի անգամ:

- ՀՀԿ խոսնակ, պատգամավոր. կա՞ ավելիին ձգտելու ցանկություն:

-Պաշտոնի համար չեմ կարծում, բայց քաղաքական կյանքում կատարելագործվելու մշտական ցանկություն կա: Չեմ ընդունում այն ֆուտբոլիստին, որ չի ձգտում խաղից խաղ ավելի լավ խաղալ, չեմ ընդունում այն ջութակահարին, որ չի ձգտում համերգից համերգ ավելի լավ նվագել, նույնը նաև քաղաքականության մեջ է:

Պետք է մշտապես ինքնակրթությամբ զբաղվել, սովորելու համար երբեք էլ ուշ չէ. Չերչիլն ասում էր. «Մենք չենք սիրում, երբ մեզ սովորեցնում են, բայց սիրում ենք, երբ որ մենք սովորում ենք»:

- Եթե ռեփեր լինեիք ինչի՞ ց կբողոքեիք:

- Ռեփեր չէի լինի, ռոքեր կլինեի, քանի որ ռոքն ինձ ավելի հոգեհարզատ է,ինչ վերաբերում է բողոքելուն` ես չէի բողոքի, ես բողոքավոր տեսակ չեմ, պայքարող տեսակ եմ: 

- Ձեր բնավորության ո՞ ր գիծը կնվիրեիք Ձեր թշնամուն:

-Ես թշնամի չունեմ, միգուցե, գաղափարական հակառակորդներ, բայց ոչ թշնամիներ: Կարող եմ քաղաքականության մեջ սուր բանավեճեր ունենալ որոշ մարդկանց հետ, բայց անձնապես խնդիրներ չունեմ նրանց հետ: Հակառակորդներիս կնվիրեի մարդկանց մեջ լավը փնտրելու կարողությունը:

- Դիմացինի մեջ, ո՞ ր հատկանիշներն են Ձեզ համար առաջնային և ո՞ ր հատկանիշներն են, որ պարզապես տանել Չեք կարողանում:

-Ինձ համար առաջնային է մարդկանց սկզբունքայնությունը, չեմ ընդունում ոչ սկզբունքային մարդկանց. սկզբունքայնության մեջ և հայրենասիրությունն է մտնում և պարկեշտությունը, չի կարող սկզբունքային մարդը հայրենասեր չլինել: Խոսքը ոչ թե համառ սկզբունքայնության մասին է, այլ` մտածված և հիմնավորված սկզբունքայնության:

Հեղինակ` Սեդա ՂՈՒԿԱՍՅԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին