▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արամ Կարապետյանը՝ Դեդ Հասանի սպանության և Պարույր Հայրիկյանի մահափորձի մասին

«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կասկածում է Պարույր Հայրիկյանի այն հայտարարություններին, ըստ որի՝ իր դեմ կատարված մահափորձը կազմակերպել են Ռուսական հատուկ ծառայությունները:

Այս մասին գրում է «168 Ժամ» թերթն ու հիշեցնում, որ Պ. Հայրիկյանը հայտարարել էր. «Ես, առաջին հերթին, ամենայն անկեղծությամբ ասեմ` կասկածում եմ օտար պետության` ինձ երկար տարիներ հետապնդած գաղտնի ծառայության, ոչ այս Ռուսաստանի, այլ` նախկին, ես կասկածում եմ նրանց գործելակերպի վրա: Որովհետև ես բավական շեշտակի դրեցի, որ մենք այլընտրանք չունենք, գնալու ենք Եվրոպա, և չբացառեցի, որ նույն դաշինքում մենք երազում ենք տեսնել նաև Ռուսաստանին: Բայց դրան զուգահեռ՝ ասել եմ՝ մենք գնալու ենք Եվրոպա, Եվրոպան է մեր ապագան: Իմպերիալիստական, կայսերապաշտական Ռուսաստանից ավելի շատ վնաս ենք ստացել, քան օգուտ»:

Ա. Կարապետյանը«168 Ժամ»-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ իրեն հավատ չեն ներշնչում Պ. Հայրիկանի այս հայտարարությունները, ասել է. «Չգիտեմ: Կասկածի տակ դրեցի, որովհետև ինձ համար անհասկանալի է: Ես կոնկրետ կասկածի տակ չեմ դնում Հայրիկյանի վարկածը, որովհետև նրա վրա կրակել են, և նա կարող է ամեն տեսակի հիմնավորում տեսնել դրա տակ: Բայց, կրկնում եմ, դրանք ինձ համար անտրամաբանական են: Հիշո՞ւմ եք, երբ այստեղ (նկատի ունի Ռուսաստանում) սպանեցին Դեդ Հասանին, որքան պատրաստվածություն կար գործն իրականացնելու համար: Չգիտեմ, ես հնչող վարկածների մեջ տրամաբանություն չեմ տեսնում: Եթե կատարվում է այլ ծառայությունների կողմից, ուրեմն պետք է ունենա գեոքաղաքական այնպիսի պատճառ, որը ստիպի այդ պետությանը նման քայլի գնալ: Անկեղծ ասած՝ ոչ մի տրամաբանական հայտարարություն, ելույթ կամ քայլ այս մահափորձի վերաբերյալ ես առայժմ չեմ տեսել: Մինչ օրս պարզ չէ անգամ Հայաստանի Հատուկ ծառայությունների պահվածքը, որոնք ոչինչ չեն ասում, այն մարդկանց պահվածքը, որոնք զազրելի ձևով խոսում էին Հայրիկյանի հետ, բայց նրա վրա կրակելուց հետո այդպիսի մեծ «սիրով» պալատից դուրս չէին գալիս: Չշեղվելով Ձեր հարցից` ասեմ, որ ես հակված եմ մտածել, որ, ամենայն հավանականությամբ, ընտրությունները չեն հետաձգվի:  Նաև չեմ բացառում հետաձգման տարբերակը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին