▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

15-ամյա տղայի բաց նամակը ՀՀ նախագահին

Իմ այս ուղերձը հղում եմ մեր պետության գլուխ կանգնած իշխանություններին և մեր հարգարժան նախագահ Սերժ Սարգսյանին, ճիշտ է, ես փոքր եմ՝ 15 տարեկան, շատ փոքր մարդ եմ իմ երկրի համար, բայց չկարողացա զսպել իմ մեջ ապստամբ հայի հոգին և գրեցի Ձեզ այս թուղթը:

Հարգարժան նախագահ, ուզում եք սա անվանեք նամակ, սպառնալիք, թուղթ կամ հոդված, բայց ինձ համար միևնույնն է, քանի որ ես ուզում եմ ժողովրդիս խոսքն ուղղել ձեզ:
Կներեք այսքան մեծ համարձակություն ունենալու համար, բայց մեր երկիրը շատ ծայրահեղ վիճակում է գտնվում. դրա համար էլ չկարողացա զսպել ինձ և գրեցի: Քիչ առաջ ասացի, որ մեր երկիրը շատ ծայրահեղ վիճակում է, բայց, քանի որ նախագահ եք, պետք է որ ավելի լավատեղյակ լինեք: Իսկ ինչո՞ւ կոնկրետ քայլեր չեք ձեռնարկում երկրի ներքին հարցերը կարգավորելոււ համար, ինչո՞ւ եք այնպես անում, որ հայը թողնի իր դարավոր հայրենիքը, լքի իր երկիրը, չէ՞ որ հենց այդ հայ մարդը կամ մարդիկ՝ ժողովուրդը, Ձեզ պահողն ու սնուցողն է, ձեզ պահպանողն ու երկիրն առաջ տանողն է, բայց Դուք, պարոն նախագահ, ձեր իշխանության հինգ տարիների ընթացքում ամեն ինչ արեցիք, որ հայը լքի իր երկիրը: Ձեր կառավարման շրջանում Հայաստանը լքել ու լքում են շուրջ 300 հազար հայեր, որոնք գնացին անվերադարձ, որոնց մեծ մասն էլ իմ հարևաններն ու բարեկամներն են. նրանք վաճառում են իրենց վերջին հողակտորը, բնակարանը շատ չնչին գներով ու լքում են երկիրը: Այստեղ ապրելն անհնարին է դարձել, քանի որ աշխատանք չկա, հարկերը շատ բարձր են, օր օրի թանկանում են սննդամթերքն ու առաջին անհրաժեշտության ապրանքները: Այդ մարդկանց աշխատանքը չի գնահատվում, իրենց աշխատանքի դիմաց ստանում են կոպեկներ, որոնց վրա դարձյալ աչք ունեք և ուզում եք մարդու վերջին կոպեկն էլ ձեռքից խլել, որ նա ստիպված վաճառի իր հողը, տունը չնչին գնով և ձեր կուսակցության «հաստավիզ» անդամներից մեկը գա ու գնի, այնուհետև դարձնի «սուպերմարկետ», «հասարակաց տուն», «խաղատուն» և այլն:

Միգուցե իմ այս հոդվածը ձեզ չհասնի կամ Դուք, պարոն նախագահ, չկարդաք սա, բայց ես շատ կուզենայի, որ ձեր մամուլի աշխատակիցներից մեկը գտներ սա համացանցում և փոխանցեր Ձեզ:

Ահա և կսկսվեն 2013թ. փետրվարյան նախագահական ընտրությունները, որոնց ես ի սկզբանե չեմ հավատում՝ բաց չեն, թափանցիկ չեն և արդար չեն: Համոզված եմ, որ այս անգամ կրկին Դուք եք լինելու ՀՀ նախագահ, հարգարժան Սերժ Սարգսյան: Ինձ համար՝ ժողովրդի համար, առհասարակ կարևոր չէ, թե ով է նստած նախագահի աթոռին, կարևորը, որ այդ առաջնորդը մի փոքր ուշադրություն դարձնի իր ժողովրդին:

Նախորդ ընտրությունների ժամանակ ձեր կարգախոսն էր՝ «Առաջ Հայաստան», բայց հետ գնացինք, սա՞ էր ձեր պատկերացրած Հայաստանը՝ Հայաստան առանց հայերի: Դուք ձեր կառավարման հինգ տարիների ընթացքում «Սպիտակ եղեռն եք իրականացրել ձեր իսկ երկրի հանդեպ»: Ամեն նախագահական ընտրությունների պես այս մեկին էլ մեր ժողովորդը՝ ես կասեի միամիտ, բայց շատ խելացի ժողովուրդը, հավատով է լցվում իր լավ ապագայի հանդեպ և ամեն անգամ խաբված է գալիս տուն:

Երբ մի թեկնածու գնում է Հայաստանի հեռավոր շրջաններից մեկը, որպեսզի քարոզարշավ անցկացնի, սարերից իջնում են մի քանի տղամարդիկ, որպեսզի լսեն այդ մարդուն և կիսվեն իրենց խնդիրներով: Այդ մարդիկ գալիս, կանգնում են Ձեր առջև, բայց նրանք շատ տանջված տեսք ունեն, հագներին հին ծակված տաբատներ, իսկ վերևում նրանց մարմինը ծածկում է դեռ 90-ականներից մնացած կաշվե մաշված վերարկուն: Այդ մարդիկ հույսով լցված են ձեր հանդեպ, իսկ դուք հուսախաբ եք անում այդ մարդկանց, բայց ձեր առջև կանգնած է մի ժողովուրդ, ես կասեի ՀԱՅ ժողովուրդ, որը եթե ոտքի կանգնեց, ուրեմն կփոխի այս երկիրը 180 աստիճանով:

Մտածեք, պարոն նախագահ, թե ինչ ժողովուրդ է Ձեր ձեռքում գտնվում հիմա. ասեմ՝ ՀԱՅԸ ամենաուժեղ կռվողն է, ամենաաշխատողն է, ամենախելացին է, ամենատաղանդավորն է, ամենահայրենասերն է, ամենահանդուրժողն ու դիմացկունն է: Ուրեմն տեսեք, թե ինչ ժողովուրդ ունեք, իսկ դուք նրան քշում եք օտարի մոտ, որ շենացնի նրանց տները, իսկ իր հայրենիքը մնա անտեր ու անմարդ: Հիմա թողել եք Ձեր երկրի ներկայիս գերխնդիրները և Թուրքիային տարածքային պահանջներ եք ներկայացնում, բայց Դուք էլ լավ գիտեք, որ հողը արյունով են վերցնում, և թուրքը մեզ մեկ սանտիմետր էլ չի տա: Դուք Ղարաբաղից խաղաղ ձևով մեկ մետր տարածք կտա՞ք Ադրբեջանին, իսկ ինչո՞ւ այդ հսկայական երկիրը մեզ տա Արարատը, Տրապիզոնը և Արևմտյան Հայաստանի մյուս տարածքները: Ուրեմն, պարոն Սերժ Սարգսյան՝ մեր ապագա նախագահ, չմոռանաք 2013-2018թթ. Ձեր կառավարման ծրագրի մեջ մցնել.

1. ՀՀ բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի, իսկ ԼՂՀ-ինը՝ 1 միլիոնի:

2. Երկրում զարգացնել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունն իր բոլոր ճյուղերով, որոնց զարգացման հնարավորությունն ունի ՀՀ-ը:

3. Մեր երկրում կան արդեն շատ ձևավորված «ավատատերեր» ու «հաստավիզ չինովնիկներ», որոնք ուղղակի ծծում են պետության արյունը, նրանք մակաբույծներ են և պետք է ոչնչացվեն, իսկ նրանց կալվածքները պետք է պատկանեն պետությանը ու ժողովրդին:

4.Երկրում կատարել բարեփոխումներ՝ սկսած կրթության ոլորտից, որը շատ անմխիթար վիճակում է, վերջացրած մշակութի նախարարությունով:

Կատարելով նման լավ գործեր ժողովրդի համար՝ Ձեր անունը կդասվի այս մարդկանց անունների շարքում՝ Աշոտ 3-րդ Ողորմած, Տիգրան Մեծ, Արտաշես Բարի, Բարեպաշտ, Արտավազդ 2-րդ, Տրդատ 3-րդ Մեծ, Լևոն Մեծագործ, Գագիկ 1-ին Շինարար...

Այսպես շարունակելու դեպքում մեր երկրում կսկսվեն զանգվածային արտագաղթ, սով, համաճարակ, պատերազմ և այլ աղետաբեր երևույթներ, իսկ դրանցից մեկի՝ սովի մեկնարկն արդեն տրված է: Մի վառ օրինակ բերեմ. քայլում էի մեր փողոցով, տեսա մի երեխայի, ով քայլում էր մոր հետ փողոցով և, նրա փեշերից կախվելով, խնդրում էր, որ մայրն այդ օրը կարտոֆիլի տապակա պատրաստի, իսկ մայրը ասում է.

-Որտեղի՞ց ես ամեն օր կարտոֆիլ գնեմ, որի 1 կիլոգրամը 250 դրամ է:

Ճիշտն ասած, պարոն նախագահ, այդ տեսարանը ինձ վրա շատ ազդեց, և ես սկսեցի խոսել բակի տղաների հետ մեր երկրի վիճակի մասին, բայց նրանց պատասխանն ուղղակի խոցեց սիրտս՝ նրանք շատ գռեհիկ ձևով ասացին.

-Աաաա՜, քեզ պետք ա, փողն ունես, տնեցիք մաշնեն տալիս են, քշում ես, փորդ կուշտ, գլուխդ էլ խելք կա, դե քո համար ֆռֆռա՜ էլի...

Ես այդ մարդկանցից չեմ, որ ձեռքերս ծալած նստեմ. ես մտածում եմ իմ ժողովրդի ու հայ զինվորի մասին, ով կանգնում է սահմանին, բայց կանգնում է պարզապես կանգնելու համար, քանի որ չի պատկերացնում, թե ինչ մեծ պարտականություն է դրված իր ուսերին, քանի որ մտածում է, թե այդ օրն իր ընտանիքը ինչ կերավ կամ կերա՞վ, թե՞ սոված մնաց, մտածում է իր ընտանիքի մասին, որովհետև ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով վիճակում: Դե ասեք տեսնեմ՝ այդ զինվորը ո՞նց պետք է ծառայի:

Ես շատ կուզեմ, որ սա Դուք կարդաք, հարգարժան Սերժ Սարգսյան:

ԵՍ ՉԵՄ ԹԱՔՆՎՈՒՄ, ապրում եմ Արմավիրի մարզի Թաիրով ավանում, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում:

 

Աղբյուրը` Արա Նախշքարյանի բլոգ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին