▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Աշոտյանն` իր մասին հնչած ասեկոսեների վերաբերյալ և ոչ միայն...

ASEKOSE.am-ի և ՄԵԳԱՊՈԼԻՍ ամսագրի  հարցերին պատասխանում  է  ՀՀ կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը: 

-Պարոն Աշոտյան, դպրոցում  ո՞ր առարկայի ժամանակ   եք միշտ նայել ժամացույցին` սպասելով   դասի ավարտին:

-Չկար նման դաս, որովհետև մանկուց սիրել եմ սովորել. հաճույքով եմ հաճախել դպրոց,  գերազանցիկ եղել եմ, դպրոցն ավարտել  ոսկե մեդալով: Սիրել եմ անխտիր բոլոր առարկաները`  մեկը մի քիչ շատ, մյուսը`  մի քիչ  քիչ:

-ԿԳ նախարար. սա  Ձեր կարիերայի բարձրակե՞տն է:  

-Ես չեմ պլանավորում իմ կարիերան,  պարզապես, սիրում եմ քաղաքականությունն ու իմ աշխատանքը:  2001 թվականին նվիրումով եմ անդամակցել ՀՀԿ-ին, և իմ քաղաքական ճակատագիրը անբաժանելի է իմ կուսակցության ճակատագրից, և  կարող են ինչպես վերելքներ, այնպես էլ` վայրէջքներ լինել:

Երբեք չեմ ցանկացել դառնալ ԿԳ նախարար  կամ, առհասարակ,  նախարար. պատգամավոր ցանկացել եմ դառնալ:  Իսկ նախարարի կյանքը,  վսահեցնում եմ, քաղցր կյանք չէ,  հատկապես այսօր,  երբ պահանջկոտությունը իշխանությունների նկատմամբ աճել է, հսկայական բարեփոխումների փաթեթ է իրականցվում, իսկ առջևում դեռ շատ  անելիքներ կան:

 -Երևույթներ, որոնց  դեմ եք սկզբունքորեն:

-Դավաճանություն, ստորություն և մարդկանց նկատմամբ արհամարհանք:

-Իսկ  որո՞նք  են  այն  սկզբունքները, որոնցով առաջնորդվում եք:

-Հավատ սեփական ուժերի հանդեպ ու հաղթելու ունակություն:

-Հենց այս պահին ներողություն կխնդրեիք…

-Ես պատկանում եմ այն մարդկաց շարքին, որոնք ընդունում են սեփական սխալները` անգամ հրապարակավ: Ումից  հարկավոր էր  ներողություն խնդրել, հենց այդ պահին խնդրել եմ: Սխալս  գիտակցելուց հետո`  ներողություն խնդրելը  երկար չի սպասում: Նույնիսկ, ֆեյսբուքում  են եղել  մեկ-երկու  դեպք:

-Համարձա՞կ եք:

-Համարձակ եմ, բայց չեմ կորցնում իրականության զգացումս:

- Ինչի՞ց եք վախենում:

-Մտերիմներիս կորուստից:

 -Ի՞նչ ասեկոսեներ եք լսել Ձեր մասին, որոնք զայրացրել կամ  զվարճացրել են Ձեզ:

-Ինձ վերաբերող  ասեկոսեները երկու խմբի կարելի է բաժանել: Առաջինը, այսպես ասած, իմ բիզնեսների մասին ասեկոսեներն են. թե  իբր ինձ են պատկանում «Գարդերոբ» խանութների ցանցը, «Բիոկաթը»: Այս խոսակցությունները պարզապես զավեշտ են: Բիզնես չունենալուս  պատճառը  այն չէ, որ դա վատ  գործ է, պարզապես, նախ` ձեռներեցական ջիղ չունեմ, չեմ ձգտում դրան,  երկրորդ` պաշտոնի առումով:

 Ասեկոսեների մյուս խումբը իմ  անձնական կյանքին են վերաբերում: Կան մարդիկ, ովքեր փորձել են   կնոջս ականջին հիմարություններ հասցնել  սիրուհիների և  նմանօրինակ բաների վերաբերյալ, որոնք  իսկական աբսուրդ են: Թերթերից մեկը   ֆեյսբուքյան նամակագրության մի հատված էր տպագրել` հավաստիացնելով,  թե  իբր այն պատկանում  է  ինձ  ու մի կնոջ: Դա, իհարկե, ակնհայտ կեղծիք էր. պարզվում է`ինչ-որ մեկը  իմ անունով էջ էր բացել ֆեյսբուքում, նման երկխոսություն հորինել  ու այդ անբարոյականությունը տպվել էր թերթում:

-Արտասվող տղամարդը…

-Կարծում եմ, որ  արտասվող ու ներողություն խնդրող տղամարդիկ`   «տղամարդու ուժի»  սանդղակում  բարձր տեղեր զբաղեցնող արական սեռի ներկայացուցիչներ են. խոսքը  զգացմունքներ ունենալու և դրանք ինչ-որ մի պահի նման ձևով արտահայտելու մասին է:

-Իսկ Ձեզ հաճա՞խ են դիմում որպես բժշկի:

-Նախկինում շատ հաճախ: Իմ հայրական տան հարևանները ինձ որպես բժիշկ էին ճանաչում:

 Ցուցաբերել եմ տարաբնույթ բուժօգնություն. արհեստական շնչառություն,  արյան բացթողում, ներարկում  և այլն: Վերջերս  մի քանի նման  դեպքեր   եղել  են, իսկ մոտ մեկ  տարի առաջ օդանավում  բուժօգնություն ցուցաբերեցի  իտալացի մի զբոսաշրջիկի, ով վատ էր զգում իրեն:

 -Մանկության տարիներին  Ձեզ հետ պատահած  դեպք, որը միշտ ժպիտով եք հիշում: 

-Առաջին դասարանում ծնողներս ինձ տարան երաժշտական դպրոց ընդունվելու: Բայց քանի որ  ես ձայն չունեմ` չընդունվեցի: Սակայն տատիս շատ մարտնչող կին էր և  պահանջեց, որ մեկ անգամ ևս փորձեմ.  «Փող չենք տվել, դրա համար չընդունեցիք: Նորից կոմիսիա եմ պահանջում, քննե՛ք»: Ու ես հիշում եմ, թե ինչպես էի տանջվում. նոտա էին սեղմում, և այդ ձայնը ես պետք է արտաբերեի: Բնականաբար, ես չունեի այդ ընդունակությունը: Ասում են` իմ «երգելը» մեծ ուրախություն է պարգևել  բոլոր ներկաներին: Բայց ես, այսպես ասած, թասիբի ընկա, և հաղթահարեցի միակ 2-ը, որն ստացել էի իմ կյանքի ընթացքում:

- Հիմա շարունակո՞ւմ եք ստեղծագործել:

-Այո: Ոչ այն ծավալով, որ կցանկանայի, բայց արդեն մի նոր սկավառակի համար նյութ ունեմ`  տասնյակ երգեր, որոնց և՛ երաժշտության, և՛ խոսքերի հեղինակը ես եմ, սակայն  ժամանակ չկա, որ   կատարող  ու ձայնագրման ստուդիա ընտրեմ:

-Իսկ ո՞վ  կամ  ի՞նչն  է  Ձեր ոգեշնչման աղբյուրը:

-Կյանքն իր բոլոր դրսևորումներով, և միակ մարդը,  ում համար գրում եմ այս ամենը` ես եմ.  երբևէ չեմ գրել դրսի սպառողի համար: Սակայն  այնպես ստացվեց, որ երգերս  հանրայնացվեց, ինչը ամենևին էլ  չի խանգարում,  որ շարունակեմ ստեղծագործել ինքս ինձ համար, բայց եթե դրանք ինչ-որ մեկի ևս  հետաքրքրում են, ապա ես ընդամենը ուրախ եմ ու երջանիկ:

-Իսկ երազների՞ թե՞ իրական աշխարհում եք նախընտրում ապրել:

-Ես ապրում  եմ իրական աշխարհում, բայց վախենում եմ այն մարդկանցից,  որոնք չունեն երազներ ու չեն կարողանում երազել, որովհետև երազանք ունենալը առաջընթացի բաղկացուցիչ մասն է. պետք է անպայման մի բան ցանկանալ ու  այդ երազանքին հասնելու ձգտում ունենալ:

Վախենում եմ այն մարդկանցից, որոնք միայն իրականության մեջ են ապրում և կորցրել են երազելու ունակությունը: Ըստ իս` այդ մարդկանց մոտ թուլանում է հոգևոր բաղադրիչը, քանի որ երազանքը ոչ միայն մտքի արգասիք է, այլև` արժեհամակարգից բխող ցանկությունների մի խումբ է, որին պետք է հասնել: Ինչքան էլ անհավատալի թվա ցանկությունը, պետք է հավատալ ու աշխատել այդ ուղությամբ և ամեն ինչ լավ կլինի:

 Ես ռոմանտիկ-պրագմատիկ եմ...

 

Հարցազրույցը` Անի Բեքիրյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին