▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխանություններին «արջի ծառայություններ» մատուցողների մի մասը չի ցանկանում զիջել իր դիրքերը

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը տարբեր առիթներով հայտարարել է, թե իշխանություններին պետք չէ «արջի ծառայություններ» մատուցել, ՀՀԿ-ն դրա կարիքը չունի: Սակայն ինչպես ցույց է տալիս նախընտրական քարոզարշավի ընթացքը, այդուհանդերձ «նման ծառայություններ» մատուցողների մի մասը ոչ մի կերպ չի ցանկանում զիջել իր դիրքերը: Խոսքն այն անձնանց մասին է, ովքեր տարիներ շարունակ տարաբնույթ խոստումներով զանգվածներին «քշել» են ընտրատեղամասեր, (խոսքն իրենց թեկնածուի նախընտրական խոստումների մասին չէ), իսկ իրենք որպես «միջնորդներ» այդ «գործարքից» բավականին մեծ գումարներ աշխատել: Ո՞րն է պատճառը, որ դեռևս ընտրական պրոցեսների մեկնարկից առաջ իշխանությունների ուղարկած ազդակը ոչ միանշանակ է ընկալվել, ո՞րն է պատճառը, որ հասարակության մեջ զոռբաների, թաղային հեղինակությունների, «կուսակցակցական ակտիվի» (չխառնել իրական կուսակցական ակտիվների հետ) համարում ունեցողներին խաղից դուրս հանելու պայքարը որոշակի դեպքերում ձախողումներ է արձանագրում:

Իրականում այս «միջնորդների» զանգվածը 2 տասնամյակների պատմություն ունի, որոնք ոչ միայն բավականին խորը արմատներ են գցել ու ոչ մի կերպ չեն ցանկանում խաղից դուրս հայտնվել, այլև պրոցեսներն այլ կերպ չեն էլ պատկերացնում:

Այդ «միջնորդները» տարբեր ժամանակաշրջանում ու տարբեր իրավիճակներում տարբեր տերերի են ծառայել, տարբեր քաղաքական ուժերի իրենց ծառայությունները մատուցել՝ դրանով իսկ որոշակի իշխանություն ձեռք բերել: Քիչ չեն դեպքերը, որ այդ «միջնորդները» ծառայություն մատուցողից վերածվում են պահանջարկ ձևավորողի ու իրական իշխանություն ձեռք բերում:
Ո՞րն է պատճառը, որ ՀՀԿ-ն 2013 թվականի նախագահական ընտրություններից առաջ նման լուրջ քայլի է գնում՝ փորձելով ձերբազատվել նման ռեսուրսից, ո՞րն է պատճառը, որ այդ քայլին գնում է հենց ՀՀԿ-ն:

Չնայած այն հանգամանքին, որ այդ ռեսուրսի ծառայություններից ժամանակին շատ կուսակցություններ են օգտվել, սակայն ներկա իրավիճակում, կարծես թե, ՀՀԿ-ում զգուշանում են ոչ միայն այդ ռեսուրսի վրա խաղադրույթ կատարելուց, այլ առհասարակ փորձում են նրան դուրս մղել ընտրություններում լուրջ ազդեցությունից: Ցանկացած երկրում ընտրական պրոցեսներում նման գործոնի ազդեցությունը ոչ միայն քայքայում է ընտրական և քաղաքական համակարգերը, ընտրողներին ապատիայի մղում, այլ հասարակության մեջ իշխանությունների նկատմամբ անվստահություն առաջացնում: Ի դեպ, այդ «միջնորդների զանգվածի» ձևավորումը դեռ 90-ականներին ուներ նաև օբյեկտիվ պատճառներ. կուսակցությունները նոր էին ձևավորվում, ընտրողների հետ աշխատանքի մշակույթ դեռ չէր ձևավորվել և քաղաքական ուժերը հնարավորություն չէին ունենում հենվել իրենց կուսակցական կառույցների վրա, իսկ որոշ դեպքերում նորաստեղծ կուսակցական կառույցները սերտաճում էին «միջնորդների» հետ (նման դեպքերը ներկայումս էլ տարբեր կուսակցությունների մոտ նկատելի է):

ՀՀԿ-ն այս տարիներին ընթացքում, լուրջ իշխանություն ունենալով, ամենից շատն է «ներդրումներ» ուղղել կուսակցական կառույցների կայացման վրա՝ փորձելով ձերբազատվել «միջնորդների» ծառայություններից, իսկ դրանց գոյությունը լուրջ խոչընդոտ է նաև կուսակցական կառույցների համար: «Խաղից դուրս» թողելով «միջնորդներին», ՀՀԿ հնարավորություն կստանա կայացնել իր կուսակցական կառույցները, հասարակության մեջ վստահություն առաջացնել, հանրության շրջանում «ուղղակի ներդրումներ» (քիչ ծախսերով) կատարել, ինչը նոր միայն թույլ կտա որակապես նոր մակարդակի ընտրությունների անցկացմանը: Իհարկե ՀՀԿ-ի համար ռիսկային կդիտիվ այն հանգամանքը, որ չօգտվելով «միջնորդների» ծառայություններից, դրանք ամբողջությամբ կզիջի իր հնարավոր մրցակիցներին: 

Սակայն ստեղծված իրավիճակը ու երկրում արմատական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունն ուղղակի այլ ելք չի թողնում իշխանություններին:

Մյուս տեսանկյունից, հաշվի առնելով ընտրություններից առաջ ՀՀԿ հիմնական մրցակիցներից՝ ՀԱԿ-ի, ԲՀԿ և ՀՅԴ-ի մրցապայքարից դուրս մնալը, պետք է խոստովանել, որ ՀՀԿ-ի համար եզակի հնարավորություն է ստեղծվել կարծրատիպերը կոտրելու ու իրական փոփոխությունների գնալու համար:

Հ.Գ. Պետք է նաև ընդգծել, որ հաշվի առնելով վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքները և դրանում «միջնորդների» խիստ կասկածելի արդյունավետությունը, դրանց դերը կտրուկ նվազել է:

Քաղաքական փորձագետ Տիգրան Աբրահամյանի գրառումը՝ ֆեյսբուքյան իր էջից 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին