▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախագահական ընտրություններից հետո Հայաստանում տեղի ունեցավ ընդդիմությունափոխություն

Մինչեւ փետրվարի 18-ը, մինչեւ նախագահական ընտրությունները Հայաստանի թիվ 1 ընդդիմադիր ուժը ՀԱԿ-ն էր, իսկ թիվ 1 ընդդիմադիրը՝ նրա առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Այդ մասին գրում է «168 ժամ» թերթը։

«Երկրում համակարգային փոփոխությունների եւ իշխանափոխություն իրականացնելու հույսերը կապվում էին նրա հետ:

Նախագահական ընտրություններից հետո իրավիճակը կտրուկ փոխվում է, եւ ընդդիմության տեղը գրավում է Րաֆֆի Հովհաննիսյանը եւ նրա ղեկավարած «Ժառանգություն» կուսակցությունը: Րաֆֆի Հովհաննիսյանը, ով երեկ հայտարարել է հանդարտ եւ սահմանադրական ճանապարհով պայքարը շարունակելու մասին, կարող է հասնել նրան, որ Հայաստանում տեղի ունեցած ընդդիմությունափոխությունն անդառնալի դառնա:

Դա կարող է տեղի ունենալ ընդամենը մի քանի օր հետո: Մարտի 1-ին ՀԱԿ-ը հայտարարել է հանրահավաք անցկացնելու իր մտադրության մասին: ՀԱԿ վերջին հանրահավաքը տեղի է ունեցել գրեթե 8 ամիս առաջ, եւ դրանից հետո այդ կառույցը այդպես էլ համարձակություն չունեցավ հանրահավաք անցկացնել, թեեւ հայտարարել էր, որ սեպտեմբերին հանրահավաք պետք է անցկացնի: Բայց հայտարարված հանրահավաքն այդպես էլ տեղի չունեցավ, քանի որ ՀԱԿ-ում զգուշացան, որ դրանով ցույց կտան, թե որքան է պակասել աջակիցների բանակը: Մարտի 1-ին, ամենայն հավանականությամբ, հանրահավաք կհրավիրի նաեւ «Ժառանգություն» կուսակցությունը: Հենց այդ ժամանակ պարզ կդառնա, որ Րաֆֆի Հովհաննիսյանի կողմնակիցների բանակն անհամեմատ ավելի մեծ է, քան Լեւոն Տեր-Պետրոսյանինը: Չի բացառվում, որ Տեր-Պետրոսյանի կազմակերպած հանրահավաքի մասնակիցները միանան Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքին, եւ այդ դեպքում, այլեւս ոչ միայն՝ դե ֆակտո, այլ նաեւ՝ դե յուրե Րաֆֆի Հովհաննիսյանը կդառնա ընդդիմության առաջնորդ:

Հատկանշական է, որ Լեւոն Տեր-Պետրոսյանի թիմի նախկին անդամներ՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք Աժ փոխնախագահի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Ռուբինյանն արդեն հրապարակայնորեն հայտարարել են, որ Րաֆֆի Հովհաննիսյանին են ճանաչում՝ որպես հայաստանյան ընդդիմության նոր առաջնորդ»,- գրում է «168 ժամը»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին