▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բլից-վիրտուալ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ

- Բարեւ ձեզ, պարոն Հովհաննիսյան։

- Բարե՛ւ, Հայաստան (փաթաթվում է լրագրողին ու ողջագուրվում)։

- Պարոն Հովհաննիսյան...

- Խնդրում եմ, ոչ մի անուն մի՛ տվեք։ Այսօրվանից անուններ չկան։

- Լավ։ Հըմ...պարոն...այ քեզ բան...Լավ, դուք հայտարարեցիք, որ Ազգային ժողովի քննարկումների հետ ոչ մի կապ չունեք։ Իսկ ՍԴ դիմելու հետ նույնպե՞ս կապ չունեք, թե՞ այնուամենայնիվ հայցվոր եք։

- Իրավատե՛ր եմ։

- Իսկ դուք կընդունե՞ք Սահմանադրական դատարանի որոշումը` ինչպիսին էլ լինի այն։

- Օրենքի առջեւ բոլորը հավասար են, այդ թվում` ՀՀ ընտրյալ նախագահը։

- Այսինքն` դուք ՀՀ ընտրյալ նախագահն եք, բայց եթե ՍԴ-ն որոշի, որ նախագահ չեք, կընդունե՞ք։

- Հըմ...Բարե՛ւ, Հայաստան (նորից է փաթաթվում լրագրողին)։

- Պարզ է։ Կբացատրե՞ք, թե ինչու հանդիպեցիք Սերժ Սարգսյանի հետ։ Իհարկե` նրա տիկնոջ որպիսության մասին տեղեկանալուց բացի։

- Նպատակս ավելի լայն կոնսոլիդացիան էր։

- Ո՞ւմ դեմ։ Ոչ, ոչ, մի՛ գրկեք ինձ, պարզ է... Ինչպե՞ս ընդունեցիք Բարաք Օբամայի շնորհավորանքը Սերժ Սարգսյանին։

- Այդտեղ թարգմանական սխալ կա։ Օբաման նրան շնորհավորել է ոչ թե երկրորդ անգամ նախագահ ընտրվելու, այլ երկրորդ տեղը զբաղեցնելու համար։

- Իսկ դուք ի՞նչ արեցիք այդ սխալից հետո։

- Զանգահարեցի նրան եւ հարցրեցի` տիկին Միշելն ինչպե՞ս է։

- Դուք հայտարարեցիք, որ ձեր կյանքի գնով պայքարելու եք մինչեւ հաղթանակ։ Ինչպե՞ս հասկանալ։

- Դա նշանակում է, որ ես մինչեւ կյանքիս վերջը պայքարելու եմ հաղթանակի համար։ Այնպես որ` շտապելու կարիք չկա։

- Ձեր հանրահավաքներից մեկի ժամանակ Ռուբեն Հախվերդյանը...

- Ես խստորեն դատապարտում եմ։ Փաստորեն ստացվում է, որ ես իմ զավակներից մեկին Ադրբեջանի հեռավոր գավառի կենտրոնի անունով եմ կոչել։

- Ինչո՞ւ որոշեցիք ձեր հեղափոխությունն անվանել «Բարեւի հեղափոխություն»։

- Որովհետեւ երբ որեւէ մեկին ասում ես «ցտեսություն», խոսակցությունն ավարտվում է, իսկ երբ ասում ես «բարեւ», հետո սկսում եք երկար զրուցել` «ի՞նչ կա չկա», «բա ուրի՞շ ոնց ես» եւ այլն։ Ես տեւական պայքարի կողմնակից եմ։

- Դուք Սերժ Սարգսյանին, Տիգրան Սարգսյանին եւ Տարոն Մարգարյանին հրավիրել էիք Ազատության հրապարակ, բայց նրանք չեկան։ Ի՞նչ ակնկալիքներ ունեիք։

- Ուզում էի ողջամիտ առաջարկներ անել եւ նրանց իմ կառավարությունում պաշտոններ տալ։ Սերժ Սարգսյանին` նախագահ, Տիգրան Սարգսյանին` վարչապետ, Տարոն Մարգարյանին` Երեւանի քաղաքապետ։ Հարգանքո՛վ, հարգանքո՛վ։

- Որո՞նք են լինելու ձեր հետագա քայլերը։

- ՀՀ նախագահի աշխատանքային գրաֆիկի վերաբերյալ լրատվամիջոցներին տեղեկատվություն կտրամադրվի պատշաճ ընթացակարգով։

- Ցտեսություն։

 

Աղբյուր`

Չորրորդ Ինքնիշխանություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին