▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հերթական հիասթափությունն ընդդիմությունից

Երեկ Հայաստանի վեց կուսակցություններ եւ մեկ դաշինք, մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրեցին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։

«Դրանք են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, «Առաքելություն» կուսակցությունը եւ «Բարեւ Երեւան» դաշինքը: Վերջին նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված հերթական հետընտրական իրավիճակի պայմաններում, Երեւանի ընտրություններին կուսակցությունների մասնակցության այսպիսի դասավորությունը, ցավոք միմիայն հիասթափության ու տարակուսանք կարող է առաջացնել, հատկապես այն կուսակցությունների գործողությունների նկատմամբ, որոնք իրենց համարում են ընդդիմադիր:

Նախագահական ընտրություններում, ինչպես արդեն արձանագրվել է բոլոր այդ կուսակցությունների ներկայացուցիչների կողմից, ՀՀ քաղաքացիները միահամուռ «ոչ» ասացին իշխող կուսակցությանն ու նրա ղեկավարին: Եվ ահա այս իրավիճակում, բոլոր այն կուսակցությունները, որոնք ցանկանում են հեռացնել իշխանությունը բռնազավթած ուժին եւ երկրում հաստատել օրինական եւ ժողովրդի իշխանություն, համենայնդեպս անհոգնել հայտարարում են դրա մասին, պետք է որպես այդ ճանապարհին առաջին քայլ երեւանցիներին հնարավորություն տային դա անել մայրաքաղաքում:

Դրա համար անհրաժեշտ էր, որպեսզի ավագանու ընտրություններին մասնակցեին՝ իշխող կուսակցությունն իր արբանյակով եւ մեկ դաշինք, որի մեջ կմտնեին բոլոր այն կուսակցությունները, որոնք խոսում են երկրում անօրինական իշխանություններին հեռացնելու մասին: Այդ դեպքում նրանք ընդամենը իրենց պարտքը կատարած կլինեին փետրվարի 18-ի ընտրություններում «գործ» արած ընտրողների հանդեպ եւ իրենք էլ կմիանային այդ «գործին»: Բայց ոչ: Նման բան տեղի չունեցավ: Դրա համար իհարկե իրենք այդ ուժերի ներկայացուցիչները երկարաշունչ քաղաքական բացատրություններ ունեն, որոնք սակայն միմիայն հիմնական պատճառը քողարկելու համար են: Իսկ հիմնական պատճառը մեկն է՝ Հայաստանի ընդդիմադիր ուժերի եւ քաղաքացիների «գործի» մեջ ոչ մի ընդհանուր բան չկա, ընդդիմադիրները, ճիշտ եւ ճիշտ իշխանությունների նման՝ չեն անում այն, ինչ իրենցից ակնկալում են քաղաքացիները:

Այնպես որ, մինչեւ մայիսի 5-ի ընտրությունը Երեւանի ընտրողները իշխանական ուժի դեմ հնչած ստանդարտ նախաբաններից հետո, պետք է վայելեն ընդդիմադիրների կատաղի պայքարը իրար դեմ՝ ով է իսկական ընդդիմությունը թեմայով: Չմոռանանք նաեւ «այլընտրանքից» ամենասուր ընդդիմադիրին «կերտելու» մեկ անգամ արդեն տապալված տրյուկը»,- գրում է «Հայկական ժամանակը»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին