▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հովհաննես Ազոյան.«Լավագույն քայլը կլիներ, եթե Սերժ Սարգսյանը որոշեր գնալ Ազատության հրապարակ»

Դերասան Հովհաննես Ազոյանը, ով ակտիվ է իր քաղաքացիական դիրքորոշումը անկաշկանդ արտահայտելու մեջ, ԳԱԼԱ-ի հետ զրույցում իր կարծիքն է  արտահայտել երկրում ստեղծված իրավիճակի, Ազատության հրապարակում գտնվող ՀՀ քաղաքացիների և նաև Րաֆֆի Հովհաննիսյանի' Սերժ Սարգսյանին ուղղված առաջարկների մասին:

 «Ես ավելի շատ անարդարության դեմ պայքարող մասնիկ եմ, քան քաղաքականությունից հասկացող եւ քաղաքականության մեջ մտնող, կամ՝ քաղաքականության մասին կարծիք արտահայտող մարդ: Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ հիմա խնդիրը քաղաքական պրոցեսների մեջ է, կարելի է ասել՝ խնդիրը քաղաքական պրոցեսների տաղավարում է եւ եթե լուծվի այնտեղ, կարծում եմ, շատ ավելի լավ կլինի: Մենք այս առումով, կարծում եմ, առաջ ենք գնացել՝ համեմատած մի քանի տարի առաջվա հետ: Հենց հարցը անարդար լուծեն՝ առաջամարտիկի ձեւով ես դուրս կգամ պայքարի»,- նշել է դերասանը:

 Հովհաննես Ազոյանի գնահատմամբ՝ Ազատության հրապարակում պայքարող քաղաքացիների պայքարն արդարացի է եւ իներցիայով է եկել:

«Ես կարծում եմ, որ այս բողոքը իներցիայով եկած բողոք է եւ, իհարկե, նրանց բողոքն արդարացի է: Բայց իմ կարծիքով, պետք է խնդիրը տեղափոխել արդեն իրավական դաշտ, պետք է ֆորմալ բնորոշում տալ սրան: Որովհետեւ իներցիայով եկած բողոքը 2008թ-ին մարմին ստացավ, եւ մինչեւ հիմա այդ բողոքը մնում է»,-ասել է Հ. Ազոյանը:

 Նրա բնորոշմամբ՝ այս գործընթացներից հետո ինչ կլինի երկրում՝ սա էլ մեծապես կախված է իշխանություններից. «Արտագաղթ կլինի, թե՞ ոչ՝ կախված է իշխանությունից՝ պայմանավորված նրանով, թե ինչպիսի լուծում կունենան այս հարցերը: Այնպես որ, գնդակն իշխանության դաշտում է եւ իշխանությունից է կախված՝ արտագաղթ կլինի, թե՞ ոչ: Եթե քաղաքական պրոցեսները, տա Աստված, լուծվեն ի հոգուտ մեզ բոլորիս, ապա արտագաղթ չի լինի»:

 Հովհաննես Ազոյանը անդրադարձել է նաեւ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին արված առաջարկությունների մասին՝ գնահատելով.«Չեմ կարծում, որ քաղաքական առեւտուր է, չեմ կարծում, որ Րաֆֆի Հովհաննիսյանն այն մարդն է, որ գնա առեւտրի: Այդ առաջարկներին ես ծանոթ եմ: Ուղղակի, իմ կարծիքով, պետք է շատ գրագետ խաղալ այդ խաղը: Ա՛յ, եթե Սերժ Սարգսյանը որոշեր գնալ Ազատության հրապարակ եւ հանդիպեր Րաֆֆի Հովհաննիսյանին, կարծում եմ, դա լավագույն քայլը կլիներ դեպի դեմոկրատիա՝ գոնե էմոցիոնալ առումով»:

 

Աղբյուրը` ԳԱԼԱTV.am

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին