▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իմ հինգ տարեկան որդին էլ է շատ բան ուզում. Շարմազանովը՝ Րաֆֆի Հովհաննիսյանի պահանջների մասին

ՀՀԿ-ն պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

 «Րաֆֆի Հովհաննիսյանն ինքը շատ լավ հասկանում է, որ իր բոլոր պահանջները բավարարվելու դեպքում, «հենա՝ նախագահն ինքն է» : Նման ձևակերպում է արեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ավելացրեց. «Եթե պաշտպանության նախարարին ինքը պետք է նշանակի, ԱԱԾ պետին, ուժայիններին, հինգ մարզպետներին… Հայաստանը Մեծ Բրիտանիա չէ, որ նախագահը անգլիական թագուհու պես ունենա ընդամենը խորհրդանշական նշանակություն: Հայաստանում ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահն ունի շատ լուրջ գործառույթներ: Այն էլ Սերժ Սարգսյանի նման գործիչը»:

ԱԺ փոխնախագահն ասաց, որ՝ «Եթե Էրդողանն ու Ալիևը հասկացել են, որ Սերժ Սարգսյանի հետ չի կարելի խոսել վերջնագրերով, ապա դիվանագետ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է հասկացած ու հասկացած լիներ»:

Ի պատասխան դիտարկման, որ նշված ոլորտներն, ըստ Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարության՝ իրենց նվազագույն շեմն է, ՀՀԿ խոսնակը նկատեց, թե բոլորի նվազագույն շեմը շուտով կերևա Երևանի ավագանու ընտրություններին սպասվող շատ հետաքրքիր մրցապայքարում, որում առաջադրված են քաղաքական թատերաբեմում առկա գրեթե բոլոր քաղաքական ուժերը՝ ՀԱԿ-ից մինչև «Ժառանգություն»՝ Հանրապետական կուսակցության լոկոմոտիվ-առաջնորդությամբ:

«Այսուհանդերձ, առանց որևէ բառախաղի, ՀՀԿ-ի փոխզիջման առավելագույն շեմը ո՞րն է»,- այս հարցին ի պատասխան Էդուարդ Շարմազանովը նկատեց, թե հանրապետականները որևէ մեկի հետ պաշտոնի «բազառով» չեն զբաղվում, իսկ երբ նկատեցինք, որ ըստ Րաֆֆին Հովհաննիսյանի՝ դա կոչվում է կիսել իշխանությունը ժողովրդի հետ, ՀՀԿ խոսնակը նկատեց, որ դա շատ սխալ և անգրագետ ձևակերպում է:

«Որևէ մեկը իրավունք չունի խոսել ժողովրդի անունից: Ի՞նչ է նշանակում՝ ժողովուրդը մեզ հետ է: Ես շատ հարգում եմ Ազատության հրապարակում կանգնած մի քանի հարյուր մարդուն, այդ թվում՝ Րաֆֆի Հովհաննիսյանին ձայն տված մի քանի հարյուր հազար մարդուն, բայց 861 հազարն էլ մեզ է ընտրել»,- ասաց ՀՀԿ խոսնակը և հիշեցրեց, որ համաշխարհային պատմությանը հայտնի են բազմաթիվ կերպարներ, ովքեր խոսել են պետության կամ ժողովրդի անունից;

«Կեղծ դմիտրիներ, եմելյանպուգաչովներ, ովքեր ասել են՝« պետությունը ես եմ», «ժողովուրդը ես եմ»: Լյուդովիկոսի ժամանակներում ասել են՝ «պետությունը ես եմ»: Պետությունը դու չե՛ս, ժողովուրդն էլ դու չե՛ս, պետությունը և ժողովուրդը մենք բոլորս ենք՝ դու և ես, հայ ժողովուրդը՝ Սփյուռքով, Արցախով միասին: Եվ էդ պետության առաջնորդը Սերժ Սարգսյանն է, ով իր քաղաքացի և քաղաքական օպոնենտ Րաֆֆի Հովհաննիսյանին համբերությամբ լսելու ունակություն ունի: Բայց պետք չէ չարաշահել մարդկանց համբերությունը, այլ պետք է դրանից օգտվել և առաջարկել օգտակար, փոխզիջումային, իրատեսական առաջարկություններ, այլ ոչ թե  կամակորություններով առաջնորդվել կամ ասել՝ ես էս եմ ուզում, էն եմ ուզում: Իմ հինգ տարեկան որդին էլ է շատ բան ուզում, բայց միշտ չէ, որ մենք տալիս ենք»,- ասաց ՀՀԿ խոսնակը՝ նկատելով, որ պետության մեջ ամեն մի սուբյեկտ պետք է խոսի իր չափով. ինքը՝ որպես ՀՀԿ ԱԺ փոխնախագահ, Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ շտաբի պետ, լրագրողը՝ որպես լրագրող, վարչապետը՝ իր լիազորությունների շրջանակներում:

Հիշեցնենք, որ ապրիլի 1-ից Րաֆֆի Հովհաննիսյանը սկսում է «Բարևի արշավը» դեպի մարզեր և այդ շրջանակներում ժամադրել է Սյունիքի մարզպետ «պարոն Լիցկային», ով օրերս իր հարցազրույցում հայտարարել էր, որ ջարդելու է Րաֆֆի Հովհաննիսյանի գլուխը:

Ի պատասխան, Շարմազանովը նշեց. « Քաղաքական ժամադրությունը ո՞րն է», ապա նկատեց, որ դժվար է պատկերացնում և՛ երկխոսելը, և՛ ժամադրելը: Ինչպես և նախագահի առաջարկների վրա « խաչ քաշելն» ու հետո ասելը, թե իքս է արել:
Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ բոլորը՝ լինի մարզպետ, թե ընդդիմադիր քաղաքական գործիչ, հնարավոր է, որ երբեմն ափերից դուրս գան և էմոցիոնալ հայտարարություններ անեն, և որ բոլոր քաղաքական գործիչների խնդիրը պետք է լինի, միմյանց նկատմամբ ներողամիտ լինելը, այլ ոչ թե կրակի վրա բենզին լցնելը:

Նա նաև նշեց, որ նույն Րաֆֆի Հովհաննիսյանն այնքան զգացմունքային արտահայտություններ է արել, որ իր այդ տրամաբանությանը հետևելու դեպքում հանրապետության նախագահն իրեն նույնիսկ մոտ չպետք է թողներ:

«Մարդկանց լսելու և երկխոսելու կարողությունը չպետք է դիտարկել որպես թուլություն: Հակառակը, Շեքսպիրն է դեռ ասել, որ կոպտությունը թուլության նշան է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Ի պատասխան հարցի՝ թե դիտո՞ւմ է Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Հարության տոնին մատուցվող Սուրբ պատարագից հետո հացադուլից դուրս գալու հայտարարությունն իբրև Սերժ Սարգսյանին ընդառաջելու փոխզիջումային քայլ , ով նրան առաջարկել էր դուրս գալ հացադուլից, կազդուրվել, ապա թուղթ ու գրիչով հանդիպել, ՀՀԿ խոսնակը նշեց, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը դիտում է իբրև հացադուլից դուրս գալու քայլ՝ Սուրբ Զատկին ընդառաջ և օգտվելով առիթից ՝ շնորհավորում է բոլոր քրիստոնյա և առաքելական եկեղեցու հետևորդներին Սուրբ Հարության տոնի առթիվ։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց , օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»,- ասաց Էդուարդ Շարմազանովը»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին