▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վարդան Օսկանյան. «Ոչ իշխող կուսակցության կողմից քաղաքի ղեկավարումը մրցակցություն կբերի քաղաքական համակարգին»

Այն օրվանից, երբ հրապարակային դարձավ, որ Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը գլխավորելու եմ ես, իմ նեղ և մի քիչ ավելի լայն շրջապատում քաղաքի ընտրությունները ակամա դարձան ամենօրյա թեմա: Նույնիսկ կարող եմ ասել, որ փողոցում երբեմն պատահական մարդիկ մոտենում և իրենց մտքերն ու առաջարկություններն են հայտնում Երևանի վերաբերյալ:

Բոլորն էլ լավ գիտակցում են, որ այս ընտրություններն ունեն և՛ քաղաքական, և՛ քաղաքային նշանակություն: Քաղաքական մասով կարծեք թե տեսակետներն ու մոտեցումներն ընդհանրական են: Բոլորն էլ արձանագրում են, որ ոչ իշխող կուսակցության կողմից քաղաքի ղեկավարումը իրոք թարմություն, մրցակցություն և հակակշիռ կբերի քաղաքական համակարգին և դա կարող է հեռանկարներ բացել առավել խորքային փոփոխությունների համար:

Կարող եմ ասել, որ միասնական է նաև ցանկությունը տեսնելու ոչ իշխանական ուժերի համախմբումը թե՛ ընտրապայքարի ընթացքում, թե՛ առավել ևս դրանից հետո՝ քաղաքի կառավարման հարցում:

Ինչ վերաբերում է քաղաքային հարցերին, ապա և՛ թեմատիկան, և՛ մոտեցումներն ու տեսակետները շատ ընդգրկուն են, հաճախ՝ տարաբնույթ, որոնք վերաբերում են մեր առօրյայի գրեթե բոլոր կողմերին: Դրանցից փորձեմ առանձնացնել մի քանիսը՝ առանց հերթականության առաջնայնության և առանց թերագնահատելու մյուս խնդիրների կարևորությունը:

1. Հասարակությանը իսկապես շատ է մտահոգում քաղաքի ճարտարապետության դիմագծի հարցը: Լուրջ դժգոհություն կա ոչ հարիր շինարարությունից, շենքերի կտուրների անօրինական հավելումներից, ինչպես նաև կանաչ տարածքներում ապօրինի շինարարությունից: Այս պահին, օրինակ, քաղաքի սրտում՝ Օպերային կից կանաչ գոտում բետոնապատում է գնում, կապիտալ պատեր են դնում: Ես կարծում եմ՝ քաղաքապետի առաջնային խնդիրը պետք է լինի միանգամից այս ամենը կասեցնել և լրջորեն մտածել ժամանակի ընթացքում վերականգնելու կորցրածը:

2. Լուրջ բողոք կա քաղաքապետարանում բյուրոկրատական քաշքշուկներից: Նույնիսկ ամենափոքր կենցաղային խնդիր լուծելու թույլտվության համար առնվազն մի տասնյակ ինստանցիաներ է պետք անցնել: Ակնհայտորեն չի աշխատում մեկ պատուհանի սկզբունքը: Այստեղ մեկ այլ երևույթ է մատնանշվում. տարբեր տրամաչափի չինովնիկներ քաղաքացիների գործերին ընթացք տալիս հորդորում են նվիրատվություններ անել ինչ-որ «Երևան» ֆոնդի: Սա դժգոհության (և ոչ միայն) շատ լուրջ պատճառ է:

3. Լուրջ խնդիրներ կան նաև քաղաքապետարանի կողմից հայտարարվող տենդերներին մասնակցություն ունենալու և հատկապես հաղթելու հնարավորության շուրջ: Համապատասխան կապեր չունենալու դեպքում դրա հնարավորությունը պարզապես հավասար է զրոյի:

4. Բնականաբար չեն կարգավորվել Երևանի տրանսպորտի խնդիրները: Երթուղային տաքսիները ավտոբուսներով փոխարինելը կամ առնվազն դրանք կենտրոնից հարակից վարչական տարածքներ տեղափոխելը հրամայական է: Այստեղ մի հետաքրքրական առաջարկ կա՝ վերականգնել խորհրդային շրջանից զեղչերով երթևեկության մշտական տոմս ունենալու պրակտիկան, որով հնարավորություն կլինի անսահմանափակ հավասարապես օգտվել և՛ մետրոյից, և՛ հանրային այլ տրանսպորտից:

5. Վարորդների համար լուրջ պատուհաս են դարձել քաղաքում տեղադրված արագաչափիչ սարքերը, հատկապես՝ տեսախցիկները, որոնք արձանագրում են նույնիսկ ամենաաննկատ և վիճահարույց խախտումները: Տուգանքների գումարների գերակշիռ մասը գնում է մասնավորի գրպանը: Պետական բյուջեն, քաղաքը և հանրությունն առհասարակ դրանից օգուտ չի ստանում: Ես այս երևույթի իրավական մանրամասներին չեմ տիրապետում, բայց առաջարկությունը այն է, որ քաղաքի ղեկավարությունը, համենայն դեպս այս հարցում նույնպես կարող է ձեռնոց նետել կառավարությանը և փորձել սահմանափակել այդ տեսախցիկների աշխարհագրությունը:

6. Վերջին շրջանում ընդհանուր տնտեսական վիճակի և հասարակության տրամադրությունների վատացմանը զուգահեռ ավելի են ճոխացել քաղաքում տոնախմբությունները, հրավառությունները, զարդարանքները և այլն: Ակնհայտ է, որ հսկայական գումարներ են ծախսվում այդ՝ շատ հաճախ անճաշակ միջոցառումների վրա: Առաջարկն այն է, որ նման ծախսերը պետք է նվազագույնի հասցնել, ինչու չէ՝ կարելի է մի քանի տարի ընդհանրապես մորատորիում հայտարարել և այդ գումարներն ուղղել քաղաքի բնակիչների համար առավել հրատապ խնդիրների լուծմանը:

7. Երևանում պետք է թափ հաղորդել սոցիալական բնակարանների ծրագրին: Քաղաքապետարանի տրամադրության տակ Երևանի արվարձաններում կան տարածքներ, որտեղ առանց մրցակցային դաշտը խաթարելու՝ կարելի է կառուցել բնակելի շենքեր և մատչելի գներով դրանք հասանելի դարձնել բնակչության խոցելի շերտերին։ Սա շատ կարևոր նախաձեռնություն է, որը պետք է ավելի շատ ուշադրության արժանանա քաղաքային իշխանությունների կողմից։

8. Հրազդանի կիրճը, որը Երևանի ամենագրավիչ հանգստյան վայրերից է, պետք է շատ արագ վերածել ընդհանուր հանգստյան գոտու՝ ստեղծելով համապատասխան անվճար հարմարություններ, բարեկարգելով մերձափնյա տարածքները և կանոնակարգելով մասնավորի գործունեությունն այդ տարածքում:

Նորից կցանկանամ շեշտել, որ քաղաքի խնդիրներն անթիվ-անհամար են՝ վերելակներից մինչև կրթություն, առողջաապահություն և այլն: Եվ ես իրոք կուզենայի, որ առաջիկա շաբաթներին մենք ընտրարշավի ընթացքում կարողանանք և՛ մրցակից ուժերի, և՛ հանրության հետ քաղաքակիրթ բանավեճ ունենալ քաղաքի զարգացման խնդիրների շուրջ: Դրանից կշահենք մենք՝ բոլորս:

Վարդան Օսկանյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին