▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ուկրաինական ճգնաժամը կրկին փակուղում է. ԱՄՆ-ն սպառնում է Ռուսաստանին

Ուկրաինական ճգնաժամը կարծես մտել է փակուղի, կամ էլ կոնկրետ ինչ-որ կողմի ձեռնտու է, որ այն արհեստականորեն մտնի փակուղի: Ամեն անգամ, երբ ինչ-որ հույս է արթնանում, որ լարվածությունը կարող է թուլանալ, շատ կարճ ժամանակ անց դա չեզոքանում է: Ապրլի 17-ին, երբ Ժնևում քառակողմ հանդիպման ժամանակ (Ռուսաստան, Ուկրաինա, ԱՄՆ և ԵՄ) եղավ համաձայնություն լուծելու համար առկա հակամարտությունը, շատերը հույս հայտնեցին, որ սա կլինի այս հակամարտության լուծման սկիզբը, բայց դրան հաջորդող գործընթացները, առնվազն ինձ համար, այդ լավատեսական սցենարը դարձնում են ավելի աղոտ:

Երեկ ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջեն Պսակին հայտարարեց, որ իրենք ուշադրությամբ հետևելու են, թե ինչպես է Ռուսաստանը կյանքի կոչելու Ժնևյան համաձայնագիրը: Վերջինիս խոսքերով, եթե Ռուսաստանը չկատարի դրանք, ապա կլինեն հետևանքներ: Մյուս կողմից, սակայն, ամերիկացի պաշտոնյան ասել է, որ հստակ ժամանակացույց որպես այդպիսին չկա: Այլ կերպ ասած, թե ինչպես է ԱՄՆ-ն որոշելու՝ Ռուսաստանը կատարո՞ւմ է, կատարո՞ւմ է ժամանակին, թե` ոչ, հայտնի չէ: Էլ չեմ ասում այն մասին, թե այդ ինչո՞ւ միայն Ռուսաստանը, կամ առհասարակ ինչո՞ւ Ռուսաստանը պետք է ինչ-որ բան կատարի, եթե այդ բանակցությունների ընթացքում եղել էր ընդհանուր ըմբռնում, որ հարցը պետք է կարգավորվի Կիևի և մնացած շրջանների ներկայացուցիչների միջև: Ինչևէ, սրան, ինչպես և սպասելի էր, պատասխանել են Ռուսաստանի ԱԳՆ-ից:

Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ Մոսկվան հիասթափված է Վաշինգտոնի նման վերաբերմունքից: Մոսկվան հիասթափված է, որ Վաշինգտոնում շարունակում են պաշտպանել Կիևին, և որ ամեն կերպ փորձում են վերջինիս գործողությունները ներկայացնել դրական ֆոնի ներքո, ինչպես նաև, այս ամենին ի հավելումն առիթը բաց չեն թողնում Ուկրաինական հակամարտության և դրա սրման պատճառները բարդել ամբողջությամբ Ռուսաստանի վրա:

Կարծում եմ՝ մեծ հաշվով հասկանալի է, թե ինչ դիվանագիտական լեզվակռիվ է տեղի ունեցել հեռվից հեռու Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, և մեծ հաշվով կարիք չկա մանրամասն ներկայացնելու երկուստեք հայտարարություններն ու գնահատականները: Պարզապես սրանից կարելի է ենթադրել, որ ամեն դեպքում համատեղ անկեղծ ըմբռնում Ժնևյան բանակցությունների ընթացքում և դրանցից հետո չի եղել: Սա շատ վատ նշան է և միանշանակ կարելի է ասել, որ չի նպաստում այդ համաձայնագրերի կատարմանը՝ ո´չ Կիևի, ո´չ էլ այդ երկրի արևելքում ցուցարարների կամ էլ «ապստամբների» կողմից:

Շատ ափսոս, բայց ինչպես երևում է, այս խմորը դեռ շատ ջուր կքաշի:

Հայկ Թամրազյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին