▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցների կիրառումն անխուսափելի է

Ըստ РИА-Новости գործակալության, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկուշաբթի Ուկրաինայում և դրա շուրջ ստեղծված իրադրությունը կքննարկի Գերմանիայի, Ֆրանսիայի, Բրիտանիայի և Իտալիայի առաջնորդների հետ: Այդ մասին հայտնել է ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը: Հանդիպման թեմայի մանրամասները չեն բացահայտվում:

Սպասվում է, որ կքննարկվեն Ռուսաստանի դեմ հնարավոր նոր պատժամիջոցները և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միջև դրանց համաձայնեցումը: Ֆրանսիան, Գերմանիան, Բրիտանիան, Իտալիան և ԱՄՆ-ն հայտարարում են, որ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Ռուսաստանի դեմ կկիրառեն նոր պատժամիջոցներ: «Հինգ պետությունների և կառավարությունների ղեկավարները ներկայումս հաստատել են Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների ընդունումը», - ասվում է երկուշաբթի Ֆրանսիայի Նախագահի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:

Միևնույն ժամանակ հինգ պետությունների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել շփումները Մոսկվայի հետ Պատժամիջոցների կիրառումը պատճառաբանվում է նրանով, որ Մոսկվան Ուկրաինայում աշխարհազորայինների վրա հարկ եղած ազդեցությունը չի գործադրել, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանի վերահսկողության ուղղությամբ պատշաճ միջոցներ չի ձեռնարկել: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը ռուս-ուկրաինական սահամանի մշտադիտարկում անցկացնելու նպատակով «Դոնեցկ» և «Գուկովո» սահմանային անցակետերում սպասում է ԵԱՀԿ դիտորդների այցին: Հնգյակին է միացել նաև Ճապոնիան: Ըստ Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Եսիհիդե Սուգայի, Ճապոնիայի կառավարությունը ծրագրում է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ նույն պատճառաբանությամբ: Նոր պատժամիջոցները ենթադրում են են մասնավոր անձանց ու կազմակերպությունների հաշիվների սառեցում, ինչպես նաև Ղրիմից ներկրվող ապրանքների արգելք:

Այսպիսով, իրականանաում է այն կանխատեսումը, ըստ որի այս խմորը դեռ շատ ջուր կվերցնի: Մի կողմից՝ արևմտյան երկրները չեն կարող տեղի ունեցող գործընթացները թողնել անհետևանք, քանզի դա կնշանակի լքել սեփական դաշնակիցներին և զանց առնել իրենց կողմից գովազդվող «արժեքները», մյուս կողմից՝ չեն կարող նաև մեծ ագրեսիվություն դրսևորել, քանզի Ռուսաստանի հետ հարաբերությունների սրումը ևս իրենց շահերից չի բխում:

Գուրգեն Վարոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին