▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստան-Արցախը մի մեծ Սարդարապատ

Հասկանալի է, որ ազերիների կողմից կազմակերպվող սադրանքները շփման գծում միայն մեկ նպատակ ունեն՝ առաջացնել խուճապ Հայաստանում եւ Արցախում, բարոյազրկել հայությանը, նաեւ խթանել առանց այն էլ մեծ չափերի հասած արտագաղթը: Սակայն մեր «ոխերիմ հարեւանների» խնդիրը նրանում է, որ իրենց «տեխնոլոգները» հայության պահով հաշվարկներ եւ կանխատեսումներ են անում՝ ելնելով ազերի բնակչության հոգեբանությունից եւ որակներից: Մեր դեպքում որքան ավելի է լարվում վիճակը սահմանի վրա, որքան շատանում են զոհերն ու վիրավորները հայ զինվորների շրջանում, այնքան մեծանում է մոբիլիզացիոն էֆեկտը Երեւանից եւ Ստեփանակերտից մինչեւ ամենահեռավոր գյուղը, այնքան գոտեպնդվում են մարդիկ առ պայքար, ընդհուպ մինչեւ լայնածավալ պատերազմ, այնքան կարեւոր հակափաստարկ է առաջ գալիս արտագաղթել պատրաստվողների սրտերում: Տարիներ առաջ մի կարճ էսսե էի գրել Հայաստանում ապրող երկու ժողովուրդների՝ ծռերի եւ հոգնածների մասին: Մեր չարակամ դրկիցները ամեն բան կարծես անում են անգամ մեր հոգնածների մեջ ծռերին արթնացնելու եւ ամբողջ Հայաստանը մի մեծ Սարդարապատի վերածելու համար: Ափսոս միայն, որ դրանով կարող է երկարաձգվել Հայաստանը զավթած անկուշտ վերգոների իշխանությունը: 

Ստորեւ՝ կրկին արդիական իմ «Երկու ժողովուրդը» (հատուկ շնորհակալություն Թունյան Վարդանին՝ տեքստում առավել դիպուկ «հոգնածներ» բառը ներմուծելու համար):  

 

«Դարեր ի վեր Հայաստանում իրար հետ, իրար մեջ, նույն մարդու մեջ ապրել է երկու ժողովուրդ: Առաջիններին անվանել ենք ծռեր, երկրորդներին՝ հոգնածներ: Հնուց են գալիս հոգնածները եւ հնուց են գալիս ծռերը: Ծռերը- միշտ խանդավառ, ոգեղեն եւ մեծահոգի: Հոգնածները` միշտ հոգով հոգնած, «աշխրքից նեղացած», ժայռի մեջ ներփակված: Երկուսն էլ նույն արմատից ծլած, նույն հողից սնված, նույն Աստծուն պաշտած: Երկուսն էլ մերը, բայց որքա՜ն հեռու իրարից:

Ծուռ էին Արգիշտին ու Արտաշեսը, ծուռ էին Տիգրանը, Պապը եւ Վարդանը, օտար Կիլիկիայում նոր Հայաստան պետություն ստեղծած հայ պիլիգրիմները, ծուռ էին Նժդեհը եւ Չարենցը: Հոգնած էին օտարի դեմ չըմբոստացած այն հազարները, որոնք ոչ թե ընկան զենքը ձեռքին, այլ մորթվեցին՝ աղերսանքը շուրթերին եւ պատրանքները մտքերում, կամ սովահար եղան դրախտային բերրիություն ունեցող հայրենիքում:

Հոգնած էին սեփական կաշին փրկելու համար իրենց աղջիկներին օտարներին հնազանդ հանձնած եւ որդիներին թշնամուն մամլուքացու եւ ենիչերացու տված հազարավորները, հոգնած էին հայրենիքը լքելու մեջ դարեր շարունակ հեշտ «փրկություն» գտած, իսկ հետո էլ օտարների մեջ ձուլված հարյուր-հազարավորները: Երկու միլիոնանոց սովետահայությունը իր ծուռ պարը պարեց Երրորդ Ռայխի ավերակներին, տվեց հազարավոր հերոսներ, իսկ հազարավոր մեր ծուռ ախպեր-ախպարները դարձի ճամփան բռնեցին եւ վերադարձան իրենց կիսասոված, բայց ոգեղեն հայրենիք: Իսկ մյուս ժողովուրդը՝ հոգնածը, որ արդեն հասցրել էր դարասկզբին հեղեղել ողջ աշխարհը իր խեղճ, տառապյալի «լացակումած երգերով» եւ դրանով խայտառակել իր ծուռ պապերին՝ լավագույն դեպքում արժանանալով աշխարհում նանսենյան խղճահարության, իսկ վատագույն դեպքում՝ գերմանավայել զզվանքի, այժմ իր «հոգու հանգստությունը»՝ իր այդ Ագռավաքարը գտել է «որտեղ հաց՝ այնտեղ կաց»-ում, մերթ ընդ մերթ դուրս գալով իր այդ ժայռից՝ թակելու համար աշխարհիս դռները եւ տեսնելու՝ արդյո՞ք աշխարհն արդեն արդար է դարձել:

Այսօր էլ հայ ծռերը երազում են ուժեղ եւ ազատ պետություն կառուցել, ապա ոգեղեն եզերքներ նվաճել աշխարհից, գերել մարդկության սիրտը, իսկ հոգնածները՝ սեփական երկրում հանուն ազատության եւ արժանավայել կյանքի պայքարելու փոխարեն, կրկին հուսահատ եւ նեղացած, լքում են Կենաց ծառը՝ գունաթափ եւ թոռոմած տերեւների պես եւ միակ բանը, որ կուզենային «նվաճել» աշխարհից՝ աշխարհի խղճահարությունն է, գթասրտությունն ու կարեկցանքը:

 

Բայց եթե հոգնածների հոգում Փոքր Մհերը իր մեջ փակել է ծուռ Դավթին եւ ինքն էլ փակվել Ագռավաքարում, ապա ծռերի հոգում Դավիթն արթուն է եւ տեր է: «Մենք կռվի, պատերազմի սովոր չենք, մեր զենքը բահն է եւ խոնարհությունը»,- ասում էին Մուսա լեռան հոգնած բնակիչները, մինչեւ որ մի քանի ծռեր չջարդեցին նրանց հոգու Ագռավաքարը եւ չդավթացրին նրանց ոգու Մուսա սարերը: Երկու ժողովուրդ. երկուսն էլ մեզանում են, երկուսն էլ մենք ենք, երկուսն էլ կան յուրաքանչյուրիս մեջ:»

 

Հովսեփ Խուրշուդյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին