▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առանց Ռուսաստանի մենք ոչի՞նչ ենք

Հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ հայկական շրջանակներում երկու հիմնական տեսակետ է շրջանառվում: Դրանք տրամագծորեն հակառակ են իրար և եթե մեկի հիմքում ընկած է այն թեզը, որ առանց Ռուսաստանի մենք ոչինչ ենք և միայն այդ երկրի իշխանությունների ու բարեկամ ժողովրդի գթասրտության շնորհիվ է, որ Հայաստան գոյություն ունի, ապա մյուսը պնդում է, որ Ռուսաստանն է մեր բոլոր դժբախտությունների ու անհաջողությունների պատճառը՝ այդ երկիրը մեզ նվաստացնելու, կեղեքելու և իր շահի համար օգտագործելու նպատակով անվերջ նորանոր ձևեր ու միջոցներ է գտնում:

 Միանգամից ասեմ, որ իմ կարծիքով այդ երկու մոտեցումներն էլ արատավոր են ու հանդիսանում են մեր ներքին ստրուկի դրսևորում: Իրականում մեր դժբախտությունների պատասխանատուն ինքներս ենք՝ մեր տգիտությունը, ագահությունը, անհատապաշտությունը, եսասիրությունն ու անսկզբունքայնությունը և, ամենակարևորը՝ սեփական ներուժը ճիշտ գնահատելու անընդունակությունը:

 Վերջին շրջանում հայ-ռուսական հարաբերությունների գնահատումը փորձում են իրականացնել երկկողմ հարաբերությունների տնտեսական ցուցանիշների հիման վրա: Այդ կարգի հաշվարկները ցույց են տալիս, որ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից շատ մեծ է:

 Գործը ներկայացվում է այնպես, որ հայաստանցիներս գոյություն ունենք ռուսական տնտեսական բարեգործության հաշվին: Այս մոտեցումը հատկապես մեծ ոգևորություն է առաջացնում որոշ ռուսական քաղաքական ու փորձագիտական շրջանակներում, որոնց ձայնակցում են նաև իրենց՝ ռուսական շահերի հայաստանյան պաշտպաններ համարող քաղաքական գործիչներ:

Կարծում եմ օգտակար կլինի բոլորի համար փոքր-ինչ այլ դիտանկյունից վերլուծել խնդիրը և այդ դեպքում հասկանալի կդառնա, որ Հայաստանն ու ՀՀ քաղաքացին հանդիսանում են Ռուսաստանի ազգային անվտանգության համակարգի հիմնասյուներից մեկը, որի շնորհիվ ՌԴ պահպանում է իր ազդեցիկ ներկայությունը մեր տարածաշրջանում և առանց որի անհնար է պատկերացնել անգամ, թե ինչ կարգի հսկայական կորուստների առջև կկանգնի մեր հյուսիսային դաշնակիցը:

Մենք ինքներս չենք սովորել ճիշտ գնահատել սեփական դերը և սա հանգեցնում է սխալների նաև ուրիշներին գնահատելիս: Այն ներդրումը, որ Հայաստանը կատարում է Ռուսաստանի անվտանգության ապահովման համատեքստում չի ծածկվում Ռուսաստանի կողմից տրվող տնտեսական արտոնություններով:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին