▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսաստանին ստիպել են մտնել մի նեղ խողովակի մեջ, որով նա կարող է միայն առաջ շարժվել

Զարմանալի չէ այն, որ նախագահներ Պուտինի և Պորոշենկոյի մինսկյան հանդիպման հետ կապված որոշակիորեն լավատեսական կանխատեսումներ էին արվում տարբեր արևմտյան փորձագետների ու քաղաքական գործիչների կողմից: Այդ գնահատականները հնչեցվել են հակառակ այն հանգամանքի, որ հատկապես ամերիկյան ու բրիտանական քաղաքական շրջանակները շատ լավ գիտեն, որ ուկրաինական ճգնաժամի մոտալուտ կարգավորման հեռանկարի և այդ երկրի ըմբոստ արևելյան շրջաններում առաջիկա օրերին կայուն խաղաղություն հաստատելու առումով լավատեսության համար նվազագույն հիմքերն անգամ չկան: Վերջին մեկ տարվա քաղաքական, տնտեսական ու ռազմական զարգացումները հանգեցրին նրան, որ հաջողվեց Ռուսաստանին պարտադրել այլընտրանք չունեցող ռազմաքաղաքական վարքագիծ, ինչը նույնն է թե հաջողվեց կանխորոշել ու կառավարելի դարձնել Մոսկվայի գործողությունները առնվազն միջնաժամկետ հեռանկարում:

Իրավիճակը պատկերավոր ներկայացնելու պարագայում կարելի է ասել, որ Ռուսաստանին ստիպել են մտնել մի նեղ խողովակի մեջ, որով նա կարող է միայն առաջ շարժվել և զրկված է շրջադարձ կատարելու, ելման դիրքին վերադառնալու նվազագույն հնարավորությունից: Այս վիճակում Ռուսաստանի համար լավագույնն այն կլիներ, որ կարողանար այդ նեղվածքից դուրս գալ, բայց դրա համար նրան անհրաժեշտ են նոր մոտեցումներ, որոնք հիմնված կլինեն միանգամայն նոր աշխարհայացքային ընկալումների վրա: Այդ ընկալումները դեռ չկան ու մնում է միայն խողովակով առաջ սողալ հույսով, որ այն երբևէ կավարտվի: Ամբողջ հարցն այն է, թե խողովակի նախագծողներն ինչը կնախընտրեն՝ վերածել այն փակ շրջանի, որից ելքը չի լինի, թե գործի ընթացքն այնպես կծրագրեն, որ Ռուսաստանը ելքին կհասնի իրենց համար նախընտրելի որակները ձեռք բերած:

Արման Մելիքյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին