▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Իսլամական պետության» հանդեպ Անկարայի դիրքորոշումը կարող է բումերանգի էֆեկտ ունենալ

Եգիպտական հետախուզության մի շարք աղբյուրներ ևս հավաստում են, որ Թուրքիայի տարածքը որպես ապաստան է ծառայում մի շարք ահաբեկչական կազմակերպությունների՝ այդ թվում «Իսլամական պետության» (ԻՊ, նախկինում՝ Իրաքի և Շամի իսլամական պետություն) զինյալների համար:

Մասնավորապես, եգիպտացի բարձրաստիճան զինվորական Ամին Ռադին մամուլի համար հրապարակած հայտարարության շրջանակներում ընդգծել է, որ Ստամբուլում ԻՊ-ի գրասենյակների առկայությունը լուրջ սպառնալիք է ներկայացնում ոչ միայն Մերձավոր Արևելքի, այլև՝ ամբողջ աշխարհի համար:

Իսկ գերմանական հեռուստաալիքներից մեկը տեսանյութ է հրապարակել Ստամբուլում և Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ԻՊ-ի ոչ պաշտոնական գրասենյակների առկայության մասին, որոնք համակարգում են կառույցի ծրագրած ռազմական գործողությունները և օգնություն ցուցաբերում Սիրիայում ու Իրաքում հանդես եկող կազմակերպության զինյալներին. մասնավորապես, Ստամբուլի գրասենյակներում աշխատանքներ են ձեռնարկվում Թուրքիա ժամանած օտարերկրացի իսլամականներին Իրաք և Սիրիա գործուղելու ուղղությամբ:
Ըստ վերոնշյալ աղբյուրների՝ վերջին ամիսների ընթացքում միայն Թուրքիայի տարածքից շուրջ 2000 եվրոպացիներ են համալրել «Իսլամական պետության» շարքերը:

Ինչ խոսք, նշել, որ թուրքական իշխանություններն անտեղյակ են նման գրասենյակների և դրանց ծավալած գործունեության մասին, իհարկե միամտություն կլինի. թերևս, լուրջ կասկածի տեղիք է տալիս պաշտոնական Անկարայի նման կրավորական կեցվածքը, նրա հռետորաբանության և իրական քաղաքականության հակասականությունն ԻՊ-ի հարցում: Մի բան ակնհայտ է, որ ԹՀ այսօրինակ վարքագիծը բումերանգի էֆեկտ է ունենալու, ինչի նախանշանները, գոնե տեղեկատվական դաշտում վերջերս շրջանառվող լուրերն են, թե Մոսուլում ԻՊ-ի կողմից հիմնված հատուկ ճամբարում մարզվում են մի քանի հազար միայն թուրք զինյալներ, որոնց նպատակը Թուրքիայի դեմ «արշավելն» է:

Արմեն Պետրոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին