▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քաղաքացիական եւ ռազմական մտածողության համատեղումը

Արցախի Հանրապետության անկախության հռչակման հերթական նշումը այս փուլում նախ մտորելու տեղիք է տալիս Սոչիի հանդիպմանը նախորդած ժամանակահատվածում հակառակորդի սանձազերծած աննախադեպ ոտնձգությունների, հետապնդած նպատակի եւ ձեռք չբերած արդյունքների մասին: Աննախադեպ, իհարկե միջազգային երաշխավորությամբ կնքված զինադադարից հետո ընկած ժամանակաշրջանում:

Առայսօր դեռեվս բազմաթիվ հարցականներ եւ վարկածներ են հնչում, թե ո՞րն էր սահմանային լարվածությանը նման տարողություն տալու իսկական դրդապատճառը եւ թե ի՞նչ պատճառներով կտրուկ փոփոխություն կրեց ռազմական այդ վարքագիծը Սոչիից հետո:

Վերլուծաբանական տեսությունները կարող են առատորեն շարունակվել: Առարկայական գնահատականի որեւէ փորձ սակայն, համեմատություն է անում քաղաքական հարթության վրա արձանագրվող իրադարձությունները` սահմանային ներթափանցման փորձերի հետ, ունենալու համար հանրագումարային պատկերը, պարզ խոսքով` ստացված արդյունքը:

Ճիշտ է, որ հայկական կողմը տվեց զոհեր, սահման հատող գյուղացիներ, դրանցից նաեւ իբրեւ հետախույզ զինվոր ներկայացված եւ ադրբեջանական մարմինների կողմից սպանված: Բայց միաժամանակ շատ ավելի մեծ թվով ադրբեջանցի սպանված զինվորներ եւ ռազմագերիներ: Այս բոլորի արդյունքը` զրո տեղաշարժ ադրբեջանական զինյալ ուժերի կողմից:

Եթե այս բոլորը ցանկանում էին առաջադրված ենթահող նախապատրաստել Սոչիի հանդիպման նախօրեին, ապա Սոչին եւս եկավ փաստելու, վերընդգծելու, որ արցախյան հակամարտության որեւէ զինվորական լուծում պետք է բացառել եւ հենվել խաղաղ կարգավորման սկզբունքի վրա: ՄԱԿ-ի բանաձեւերին հղում կատարող նախագահ Ալիեւը պատասխան չուներ ՀՀ նախագահի այն հարցին, թե Բաքուն իր նշած բանաձեւերի ո՞ր կետի գործադրմանն է հանձնառու եղել մինչեւ այսօր: Գուցե Սոչիին նախորդած մթնոլորտը նպաստեց գերմիջնորդ Մոսկվային ստանձնելու բանակցային գործընթացի վերագործարկման պատասխանատվությունը, այսուհանդերձ Բաքուն այս փուլում եւս որեւէ քաղաքական առավելություն չունեցավ:

Մնալով քաղաքական իրադրությունների ընդհանուր պարունակում, չի կարելի  շրջանցել ԱՄՆ-ի կարեւորագույն նահանգներից հանդիսացող Կալիֆորնիայի սենատի միացումը նույն նահանգի կոնգրեսի դիրքորոշմանը, որ փաստորեն վերջնագծին հասցրեց Կալիֆորնիայի նահանգի կողմից Արցախի Հանրապետության ճանաչումը: Գուցե այս ճանաչումը ուղղակի հնարավոր չլինի համեմատել Սոչիին նախորդող փուլի ստեղծված ռազմական մթնոլորտի հետեւանքների հետ: Այսուհանդերձ, դիպուկահարները, դիվերսանտները, հետախույզները, ներթափանցողները, գերեվարողները եւ նախապես կացինահարողներն ու սպառնացողները կարող են ազդած լինել երրորդ որեւէ կողմի քաղաքական գործիչների ենթագիտակցության վրա, ավելի հաստատ գնալու ճանաչման ուղղությամբ: Բաքվի որդեգրած այս վարքագիծն է, որ երրորդ կողմերին ինքնըստինքյան համոզում է, որ ճիշտ, արդար եւ անվերադարձ է Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ անկախանալու քայլը:

Աննկատ չեն նաեւ միջազգային մամուլում հօգուտ արցախահայության ինքնորոշման երեւացած հոդվածները: Ճիշտ է, որ այստեղ եւս տվյալ քաղաքական պահը եւ զանգվածային լրատվամիջոցի թիկունքին կանգնած քաղաքական ուժի ըստ պահի դիրքորոշումը հիմնական նշանակություն ունեն տվյալ վերլուծության վրա, այսուհանդերձ պետք չէ անտեսել միջազգային մամուլի այս կամ այն ներկայացուցչի այցելությունը Արցախ եւ տեղում ծանոթացումը բոլոր հանգամանքներին:

Այս առումներով էլ Բաքվի կողմից անվանակարգված սեւ ցանկը` բաղկացած Արցախ այցելած քաղաքական գործիչներից, պետական այրերից, արվեստագետներից թե մամուլի գործիչներից, հետզհետե հարստանում է: Այս արդեն նախանշում է Արցախի համապատասխան գերատեսչությունների եւ սփյուռքի կազմակերպությունների միացյալ աշխատանքների վարքագիծը, որ անպայման սատարում է հանրապետության ճանաչմանը:

Վերադառնանք առաջին կետին եւ ընդգծենք կարեւոր մի արդյունք. սահմանային լարվածությունը շատ արագ ստեղծեց ռազմական եւ քաղաքացիական մտածողության համատեղելիություն: Ժողովուրդ-բանակ միավորումը վերստին համոզեց Արցախի այսօրվա դիրքերից որեւէ հետդարձի հնարավորության բացառումը: Այս բոլորը հատկանշեցին Արցախի Հանրապետության անկախության հռչակման 23-ամյակը:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին