▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հարմար տեղավորվեք ԲՀԿ-ի գրպանում, շոուն սկսվում է

Ռոբերտ Քոչարյանի մասին պատմող գովազդաֆիլմը Կենտրոն հեռուստաընկերության եթերով դաշնակցական Գեղամ Մանուկյանի մեկնաբանությամբ ցուցադրվելուց հետո, քառյակի մյուս ուժերը՝ ՀԱԿ-ն ու Ժառանգությունը համարում են, որ ինչ է եղել որ, որևէ վտանգ չկա քառյակի հետագա համագործակցության առումով: Ի դեպ, ֆիլմի ցուցադրումից առաջ էլ թերևս միայն Գագիկ Ծառուկյանը շնորհավորեց Քոչարյանին ծննդյան օրվա կապակցությամբ: Զուտ արարողակարգի մասով դա պետք է անեին նաև գործող նախագահը և վարչապետը: Ինչևէ:
Եվ Հայ ազգային կոնգրեսը, և «Ժառանգություն»-ը համոզված են, որ դրանով նախկին նախագահին ակտիվ քաղաքականություն բերելու հարց չի լուծվում, և որ քառյակը շարունակելու է իր գործունեությունն այնպես, ինչպես շարունակել է մինչև հիմա։ 
«Ինչ-որ ֆիլմ են ցույց տվել, հա՞, ես, եթե ճիշտ հասկացա, որը հենց նրանց թիմը տվել է: Ես ինքս այդ ֆիլմը չեմ տեսել, բայց որքան հասկանում եմ, բացասական շատ արձագանք կա հասարակության մեջ, որը և պետք է լիներ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը.- «Մի պարզ բան կա. քառյակի հարաբերություններում, քառյակի ծրագրի մեջ, քառյակի օրակարգում «Ռոբերտ Քոչարյան» երևույթ գոյություն չունի»: 
Լո՞ւրջ եք ասում պարոն Զուրաբյան: Ինձ թվում է ՀԱԿ-ն արդեն այնքան հարմար է տեղավորվել ԲՀԿ-ի գրպանում, որ եթե, օրինակ, Ծառուկյանը ասի, որ երկրագունդը քառակուսի է, ապա դուք ջանք չեք խնայի դա ապացուցելու համար: 
Իսկ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի հետ Քոչարյանի կապերը, Քոչարյանի մասին պատմող ֆիլմի ցուցադրումը Ժառանգական Արմեն Մարտիրոսյանը դիտարկում է զուտ մարդկային հարաբերությունների տիրույթում՝ համոզմունք հայտնելով, որ դա քառյակի վրա որևէ ազդեցություն չունի և չի ունենա. - «Որքան էլ փորձում են քառյակին կապել Ռոբերտ Քոչարյանի հետ, «Ռոբերտ Քոչարյան» այդ օրակարգում ընդհանրապես չի քննարկվում», - ասաց նա։
«Վստա՞հ եք, որ քառյակի ձեր գործընկերները օրակարգ չեն բերի այդ հարցը ինչ-որ մի օր» հարցին Մարտիրոսյանը հակադարձել է. - «Հիմա մենք հիպոթետիկ բանի մասին ենք խոսելու... Բայց չեմ կարծում, ճիշտն ասած, գետը հոսել է արդեն»: 
Ամաաաան: Պարոն Մարտիրոսյան, իսկ հարցրե՞լ եք ձեր գործընկեր ՀՅԴ-ին ու ԲՀԿ-ին, թե ձեզնից թաքուն ինչ նիստ էին անում: Միգուցե Քոչարյանի թեման օրակարգ բերելու հարցն էին քննարկում, ինչի մասին բնականաբար դուք տեղյակ չեք: Մի բան ակնհայտ է մեր քառյակը լուրջ ճաքեր է տալիս, քանի որ ինչքան մոտենում են հաջորդ ընտրությունները, այնքան այդ կուսակցությունների իրական նպատակադրումները ակնհայտ են դառնում: Բնական է, որ դիրիժորի փայտիկը Ծառուկյանի ձեռքում է, որը <<ոնց ուզում այնպես երգացնում է երգչախմբին>>: Պարզապես ցավալի է, որ 2008թ. համաժողովրդական ալիքի արդյունքում ձեռք բերած քաղաքական կապիտալը Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա թիմը անխնա մսխեցին, առուծախի ենթարկելով այն: Դե նույն էլ արեց Րաֆֆին աղոթքից հետո: Այսքանից հետո այս քաղաքական ուժերին մնում էր հարմար տեղավորվել որևէ քաղաքական ուժի գրկում գոյություն ձգելու համար: Իսկ ԲՀԿ-ն ամենահարմարն է այդ առումով:

 

 

Անահիտ Կարապետյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին