▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Հիվանդ» բառը վիրավորանք չէ...

 

Ադրբեջանական ԶԼՄ-ները կառչել են ՊՆ նախարար Սեյրան Օհանյանի կողմից ասված «հիվանդ» բառից ու ընդամենը այդ մեկ բառի շուրջ մի ամբողջ քարոզչական աշտարակ են ուզում կառուցել, իբր տեսեք-տեսեք, Հայաստանում իրենց գերիներին ինչ վատ են վերաբերվում, եթե գերի ես ընկնում ուրեմն հիվանդ ես: 

Մինչդեռ նախարարի ասածի մեջ ոչ մի տողատակ չկար, անգամ ֆրազ էլ չէին կարողացել կոնտեքստից պոկել, այլ ընդամենը բառ: Իսկ նախարարն ընդամենն ակնարկել էր, որ ադրբեջանական կողմը հիվանդ, այսինքն` առողջական խնդիրներ ունեցող ծերունիներին՝ որպես դիվերսանտ մատուցելու կայուն վարքագիծ է դրսևորում:

Դա իհարկե անհեթհեթություն է և աբսուրդ, ինչպես նաև աբսուրդ է փորձել նախարարի ասածի մեջ հեգնական կամ վիրավորական տարր գտնելը՝ ուղղված գերության մեջ հայտնված մեր հայրենակիցներին: Հայաստանը՝ ի դեմս ՊՆ-ի, ունի բոլոր իրավունքները, այդ թվում բարոյական, Ադրբեջանին նման դիտողություններ անելու, որովհետև ինչ-ինչ, բայց աջ ու ձախ որպես ադրբեջանական դիվերսանտ ներկայացնելու ավանդույթ մեզ մոտ չկա: Եթե դիվերսանտ է լինում, ասում են դիվերսանտ է և դա ապացուցում են փաստերով: Եթե դիվերսանտ չէ, ապա բաց են թողնում, ինչպես դա եղավ օրերս ձերբակալված անչափահաս ադրբեջանցու պարագայում, ով ի դեպ բարձրաստիճան ադրբեջանցի ոստիկանի զավակ էր:

Ու նկատեք, մենք ոչ մի առևտուր, ոչ մի նախապայման, ոչ մի այլ բան թույլ չտվեցինք մեր կողմից ու ոչ մեկի մտքով չանցավ այդ տղային, որպես դիվերսանտ ներկայացնել: Մենք որպես դիվերսանտ չենք ներկայացնում նաև մեզ հանձնված, կամ մեր զինվորների կողմից բռնված այն ադրբեջանական զինծառայողներին, ովքեր ժամկետային ծառայություն իրականացնելիս, ինչ-ինչ պայմաններում ընկնում են մեր ձեռքն ու որպես կանոն՝ նորից բաց ենք թողնում, առանց նախապայմանների ու դիվերսիոն գործողությունների մասին միֆերի:

Այնպես որ, եթե ինչ որ կողմի հանդեպ կարելի է «հիվանդ» եզրույթը կիրառել, որպես վիրավորանք, ապա դա պաշտոնական Բաքուն ու դրա քարոզիչներն են, ովքեր իրենք հիվանդ լինելով՝ հիվանդագին հայատյացություն ու դավադրությունների տեսությունների հանդեպ հակվածություն են սերմանում իրենց հասարակության մեջ:

Գուրգեն Վարոսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին