▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ստեփան Մարգարյանի հետաքրքիր «բացահայտումը»

Ոչ իշխանական ուժերի 12 պահանջները կատարված չեն, իշխանությունը չի պատրաստվում հրաժարվել սահմանադրական փոփոխություններից:
Այս ամենին գումարվել են նոր խնդիրներ, որոնք զայրացնում են ընդդիմությանը. ասենք՝ Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը, առևտրականների խնդիրն և այլն:
Ու էս ամեն ինչի համատեքստում, բնականաբար, բոլորին՝ լրագրողից մինչև քաղաքացի, հետաքրքրում է, թե ի՞նչ օրակարգով է ընդդիմությունը հարթակ բարձրանալու հոտկտեմբերի 10-ին, պատասխանատուներից ո՞ւմ հրաժարականն է պահանջելու:
Կառավարության հարցը հանված է՝ իրենց ոչ համոզիչ բացատրություններով ու մեր համոզիչ ենթադրություններով հանդերձ:
Նախագահի հրաժարականի հարցն էլ է հանված, եթե անգամ Լևոն Զուրաբյանը ՙՙՍերժիկ, հեռացիր՚՚ կարգախոսով ողջ երկրում շրջի:
Եռյակ կոչվածում միակ իրական տոն տվողն առայժմ նման պահանջ չի ձևակերպել ու. հնարավոր է՝ ընդհանրապես չձևակերպի:
Ահա անորոշությունների այս լաբիրինթոսում՝ այսօր ուշագրավ մի միտք է հնչեցրել ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը:
«Որևէ մեկը դժվար թե հավատա, որ այսօրվա խորհրդարանը արտահայտում է հասարակության տարբեր շերտերի կարծիքը։ Այնպես որ ընտրությունների անհրաժեշտություն միշտ էլ կա, սակայն հիմա մենք որևէ նման քննարկում դեռ չունենք, բայց ակնհայտ է, որ անջրպետ է խորանում հասարակության և իշխանությունների միջև։ Ես չգիտեմ ինչ լուծում կլինի։ Նման դեպքերում հասունանում է արմատական լուծումների, շատ լուրջ լուծումների խնդիր։ Ինչ տեսքով կլինեն դրանք, ես դժվարանում եմ հիմա ասել»,- ասել է նա։
Այնպիսի տպավորություն է, որ ԲՀԿ-ն, կարծես, թե դեմ չէր լինի իշխանությունների հետ համաձայնության գալ, ասենք, ԱԺ արտահերթ ընտրութններ անցկացնելու շուրջ:
Բնականաբար, Հանրապետականն՝ իր նախագահով, վարչապետով ու մեծամասնությամբ, մերժելու է այս մեսսիջ-առաջարկը:
Բայց ընդդիմությունը կարող է մի վիճակ ստեղծել, որը մոտ կլինի խորհրդարանական ճգնաժամին՝ գոնե քաղաքական առումով:
Պատկերացրեք, եթե Եռյակի կամ Քառյակի 52-53 պատգամավորները վայր դնեն իրենց մանդատները ու փորձեն ԱԺ նոր ընտրություններ պարտադրել՝ հասարակությանը համախմբելով փողոցում, գուցե իրավիճակ փոխվի:
Տեսականորեն հետաքրքիր ու զարգացում ենթադրող սցենար է, սակայն խիստ կասկածում եմ, որ մեկ ու մեջ հեղափոխականություն անող մեր ոչ իշխանական պատգամավորները նման քայլի գնան:
Հոգեբանորեն դժվար է, չէ՞, ԱԺ կոմֆորտը փոխարինել Ազատության հրապարակի սառը աստիճաններով, որոնց վրա նստելով՝ կարող ես մրսել ու հետն էլ չի լինելու մխիթարությունը, որ կոչվում է մանդատ...

 

Սուրեն Սուրենյանց

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին