▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Լիազորված եւ ֆինանսավորված էթնիկ զտումներ

Հյուսիսային Սիրիայում ասորի համայնքի նկատմամբ իրականացված առեւանգման, բռնության եւ բռնագաղթի գործողությունները թարմացնում են Հյուսիսային Իրաքում, հատկապես եզդիների եւ ընդհանրապես ասորի համայնքի տարբեր դավանական խմբերի դեմ գործադրված պատկերների հիշողությունը:

Սրանք բոլորը Էթնիկ զտման ժամանակակից ամենավառ օրինակներ են, որոնք տեղի  են ունենում ահաբեկչության դեմ իբրեւ թե աննահանջ պատերազմ հայտարարած միջազգային ընտանիքի երեւութապես եւ հայտարարողական մակարդակի վրա դատապարտանքի, ըստ էության, սակայն քաղաքական կրավորականության փաստերի դիմաց:

Դրանք տարածաշրջանային իրողական սահմանագծումներին ծառայող միջոցներ են, եւ խորքում Իսլամական պետություն խմբավորումը շարունակում է իբրեւ ամենաազդեցիկ գործիք իրականացնել աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվող ծրագիրը:

Հստակ է, որ առաջադրանք-հանձնարարական է տրվել  Միջին Արեւելքի ապաքրիստոնեացման օրակարգը: Այն ինչ որ պատահեց Իրաքում, այն ինչ որ պատահում է Սիրիայում, այն ինչ որ տակավին պատահեց եգիպտացի ղպտի ազգաբնակչությանը, կարելի է դիտարկել այդ առաջադրանքի տրամաբանության պարունակում:

Զուգահեռ, ժողովուրդները խուճապահարության մատնելը, որդեգրվել է իբրեւ միջոց հավելյալ թափ տալու տարածաշրջանի քրիստոնեաթափման քաղաքականությանը: Այս գործընթացների դեմ միջազգային ընտանիքի ձեռնարկած քայլերը ոչ միայն սահմանափակ են, այլ հետզհետե համոզում են, որ տարածաշրջանի դիմափոխման եւ երկրների սահմանափոխման այս եղելությանն ընդհանուր համաձայնություն է տրվել:

Հավաքական գլխատումների, ողջակիզումների, զանգվածային գնդակահարումների եւ գազանային վայրագությունների խուճապահարությունը տեղահանվող եւ հալածվող ազգաբնակչությունների մոտ մթագնում են իրենց բնօրրաններին կառչած մնալու հեռանկարները եւ փախստականի ու գաղթականի կարգավիճակներն են զարգացնում շատ արագ կշռույթներով:

Այստեղ ավելի համոզիչ է դառնում աշխարհաքաղաքական ծրագրի առկայությունը: Նույն դատապարտող, բայց հիմքում հակազդելու առումով կրավորականությամբ հատկանշվող պետությունները իրենց դռները լայն բացում են եւ գաղթականների համար հատուկ դյուրություններ են ընձեռում տեղահանվողներին եւ տեղահանման վտանգի տակ գտնվող ժողովուրդների համար: Տակավին, եթե հավաստի նկատենք Իսլամական պետության ռազմական օժանդակություն փոխադրող բրիտանական օդանավերի վարկածը, արդեն կրավորականության տեսությունից ավելին անցած կլինենք։

Շարժառիթների, միտումների եւ ընթացքների մասին մեկնաբանություններն ու վերլուծումները կարող են տարատեսակ լինել: Փաստը մնում է փաստ, որ տարածաշրջանում տեղի են ունենում իրողական սահմանագծումներ, տեղահանություններ, խուճապահար գործողություններով բռնագաղթի նոր ալիքների մակընթացություններ:

Սիրիական տարածքում Անկարայի իրականացրած վերջին գործողությունը խոսուն ձեւով ընդգծում է Իսլամական պետություն-Անկարա արդեն իսկ զարգացած համագործակցության փաստը: Նորօրյա ահաբեկչական ալիքի բարձրացման մեջ Անկարայի պատասխանատվությունը մատնացույց չանելու միջազգային մոտեցումը պարզապես հավելյալ համոզող նախադրյալ է իսլամության անվան տակ աշխարհաքաղաքական օրակարգի իրականացման գործին լծված խմբավորումների ուղղակի-անուղղակի պատվեր կատարելու իրականության:

Հայկական ոսպնյակը շատ զուգահեռներ կարող է նկատել եւ  ցույց տալ 100 տարի առաջ մեր ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության, տեղահանության եւ այսօր միեւնույն պետության կողմից լիազորված եւ ֆինանսավորված խմբավորումների կողմից իրագործվող տարածքների էթնիկ զտումների, բռնագաղթերի եւ ժողովուրդների տեղահանությունների միջեւ:

 

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին