▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վաղվա Հայաստանի մեր տեսլականի յուրահատուկ մանրակերտը. ՌԱՀՀԿ-ը նշեց 20-ամյակը

Մարտի 31-ին, մայրաքաղաքի Արմենիա Մարիոթ հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում իր հիմնադրման քսաներորդ տարեդարձը հանդիսավորապես տոնեց Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ):

 

Հոբելյանի պատվին կազմակերպված տոնական միջոցառմանը մասնակցում էր թվով շուրջ 300 մարդ՝ տարբեր ժամանակներ Կենտրոնում աշխատած անձինք, ՌԱՀՀԿ տնօրենների խորհրդի անդամներ, Հայաստանում հավատարմագրված՝ ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ճապոնիայի, Իտալիայի, Հնդկաստանի, Հունաստանի, Բրազիլիայի եւ Լիբանանի դեսպանները, մի շարք դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների պաշտոնյաներ, քաղաքագետ-վերլուծաբաններ, պետական-հասարակական ու քաղաքական գործիչներ, մտավորականության ներկայացուցիչներ, լրագրողներ եւ այլ հյուրեր:

 

Սրահում հավաքվածներն առաջին շնորհավորանքներն ու օրհնությունը ստացան Սուրբ Սարգիս եկեղեցու ծիսակատար Տեր Պարթեւ քահանա Մուրադյանից:

 

Բացելով տոնական երեկույթը, ՌԱՀՀԿ տնօրեն, քաղաքագետ Մանվել Սարգսյանն ընդգծեց. «Լեփլեցուն այս դահլիճն ինքնին վկայում է, որ Կենտրոնի քսանամյա ջանադրությունն իզուր չի անցել: Ռազմավարականը նորանկախ Հայաստանի Հանրապետության ամենահաջողված հանրային նախագծերից էր, եւ նրա հաջողությանը նպաստող կարեւոր գրավականն այն է, որ հայկական դրամագլուխն ի սպաս դրվեց հայ քաղաքական մտքի զարգացմանը»:

 

Այնուհետեւ հանդիսության մասնակիցներին ուղղված ողջույնի խոսք ասաց ՀՀ առաջին արտգործնախարար, ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Հովհաննիսյանը: «Հիմնադրման օրվանից Կենտրոնը չգնաց անձնակենտրոն ուղեծրով, ինչպես հաճախ է պատահում, այլ որդեգրեց հանրակարգային կառույցին բնորոշ ռազմավարություն` դառնալով հետազոտական անկախ մտքի մի հիմնաղբյուր: Դա վաղվա Հայաստանի մեր տեսլականի յուրահատուկ մանրակերտն էր, որտեղ հարգի է քաղաքացու հիմնարար ազատությունների գերակայության, ինքնիշխան պետության եւ ազգային շահի գիտակցումը»,- նշեց  Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այս եռամիասնություն-բանաձեւը պետք է դրվի հայոց պետականակերտման հիմքում՝ որպես անխախտ ուղենիշ:

 

Երկու տասնամյակը բոլորած «հոբելյարի» բեղմնավոր գործունեության մասին պատմող վավերագրական կինոնկարի ցուցադրությանը հաջորդեց «Կենտրոնը, Հայաստանը եւ մեր ապագան» թեմայով բանախոսությունը, որով հանդես եկավ Սփյուռքում մեծ ճանաչում վայելող փաստաբան, ՌԱՀՀԿ տնօրենների խորհրդի անդամ Կարո Ղազարյանը:

 

«ՌԱՀՀԿ-ն հիմնադրվել է` հայ հանրությանը ներկայացնելու փաստերի վրա խարսխված ազատ ու անաչառ, հավասարակշիռ վերլուծություններ, խորհրդատվություններ եւ աշխարհաքաղաքական կանխատեսումներ, ազգային ու միջազգային փորձի դիտակետից արժեւորելու նորանկախ պետության զարգացման միտումները եւ առաջընթացի ուղիները, օգնելու Հայաստանին՝ գտնել իր տեղը տարածաշրջանում ու փոփոխվող աշխարհում, նեցուկ կանգնելու Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու իրավունքին»,- շեշտեց Ղազարյանը: Ըստ նրա, ամեն մի հայ ի վերուստ ունի երեք կարեւոր հրամայական. հիշել անցյալը, տեր կանգնել ներկային եւ կերտել ապագան:

 

Հոբելյանական երեկոյի անակնկալը մատուցեց Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Կենտրոնի 20-ամյակի կապակցությամբ եւ երկարամյա անբասիր աշխատանքի համար «Ազգային դրամի 20 տարին» հուշադրամի արժանացնելով ՌԱՀՀԿ գլխավոր խմբագիր Գեւորգ Լալայանին: Վերջինս զգացված էր իր բազմամյա վաստակը բարձր գնահատելու համար:

 

Պաշտոնական մասը, որը հանդիսավարում էր ՌԱՀՀԿ աշխատակից Աշխեն Մուշեղյանը եւ մերթընդմերթ «համեմվում» էր Հասմիկ Հարությունյանի ու Վահան Արծրունու երգերով, ավարտվեց Հայաստանի օրհներգով: Նրա հնչյուններին հոտնկայս ձայնակցեցին տոնակատարության մասնակիցները:

 

Վերջում տրվեց ավանդական հյուրասիրություն, որը դարձյալ ուղեկցվում էր երաժշտությամբ. դահլիճը ծայրեծայր ողողվել էր «Միքայել Ոսկանյան եւ ընկերներ» խմբի հոգեպարար մեղեդիներով:

 

Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը 1994թ. հիմնադրել է ՀՀ առաջին արտգործնախարար Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը` արժանանալով հայաստանյան եւ Սփյուռքի աջակիցների լայն շրջանակների զորակցությանը: Հետեւելով համաշխարհային զարգացումներին, գիտելիքների հիմքեր խարսխելով, հանրության հետ երկխոսություն ծավալելովª Կենտրոնը հետխորհրդային տիրույթում հանդես է գալիս որպես երկրաքաղաքական ստեղծագործական մտածողություն ձեւավորող եւ միջազգային միջավայրի համապարփակ ընկալմանը նպաստող ուժ: Վերջին շրջանում Կենտրոնն առաջնահերթ տեղ է հատկացնում տարածաշրջանային անվտանգության ու համագործակցության, քաղաքացիական կրթության, պետության եւ ազգի համար վճռորոշª ներքին ու արտաքին քաղաքականությունների կիրառական հետազոտությանը:

72157651234906307

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին