▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Իշխող կուսակցությունը ցույց տվեց, որ ձայներ ստանալու համար շատ բանի է պատրաստ

Թուրքական Hürriyet‎ թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը պաշտոնաթող է եղել (թուրքական այլ լրատվամիջոցներ հայտնում են, որ Դավութօղլուն պաշտոնանկ է արել նրան): Որպես դրա պատճառ է նշվում նրա տարիքը:

Թերթը նշում է, որ օրակարգում են գտնվել վերջին շրջանում նրա արած հայտարարությունները: Որպես օրինակ մեջբերվում են Մահչուփյանի արած այն հայտարարությունը, որ եթե Բոսնիայի ու Աֆրիկայի դեպքերը ընդունվում են որպես ցեղասպանություն, ապա անհնար կլինի ցեղասպանություն չանվանել 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածը:

Ինչի՞  հետ է կապված Մահչուփյանին պաշտոնանկ անելը, ինչպե՞ս այս լուրն ընդունվեց Թուրքիայում, և արդյոք սա խոսո՞ւմ է Ցեղասպանության ճանաչման միջազգային գործընթացին խոչընդոտելու, 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունները տապալելու հարցում Անկարայի կրած պարտության մասին հարցերի վերաբերյալ Asekose.am-ի թղթակիցը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ:

Թուրքագետի խոսքով՝  Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանին աշխատանքից ազատելու պատճառն անկասկած նրա կողմից 1915 թվականը որպես ցեղասպանություն ճանաչելու հայտարարություններն էին.

«Մահչուփյանը երբեք աչքի չի ընկել խիստ հայամետ հայտարարություններով, ավելին, վերջին շրջանում նրա կողմից «ինձ ավելի շատ օսմանցի եմ զգում» հայտարարությունը վատ արձագանք էր ունեցել նույնիսկ ստամբուլահայերի շրջանում։ Սակայն Հռոմի Պապի ելույթից հետո հարցազրույցում 1915 թվականի համար ցեղասպանություն բառը օգտագործելուց հետո նա զարմացրեց հայությանը եւ խիստ կատաղեցրեց իշխող կուսակցությանն ու թուրք ազգայնական հատվածին»,-նշեց Անդրանիկ Իսպիրյանը:

Անդրադառնալով  հարցին, թե ինչպե՞ս այս լուրն ընդունվեց Թուրքիայում և ի՞նչ ցույց տվեց այս քայլը, թուրքագետը նկատեց.

«Էթյեն Մահչուփյանին աշխատանքից ազատելու մասին լուրը թուրքական լրատվամիջոցների ամենագլխավոր եւ ցնցող լուրն էր։ Լրատվամիջոցների մի մասը չէին թաքցնում իրենց ուրախությունը տեղի ունեցածի հետ, իսկ քաղաքական շատ գործիչներ հայտարարեցին, որ սխալ էր «ցեղասպանություն» ասող Մահչուփյանին հանդուրժել վարչապետի խորհրդականի պաշտոնում: Թուրքիան այս քայլով աշխարհին ցույց տվեց, որ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իբր հանդուրժողականությունը զուտ իմիտացիա է եւ Ցեղասպանության ճանաչման դեմ քարոզչական քայլ։  Հռոմի Պապի ելույթը եւ Եվրախորհրդարանի որոշումը ստիպեցին Թուրքիային հասկանալ, որ իրենց իմիտացիոն քաղաքականությունը եւ Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարն ուղղակի տապալված է։ Այս պարագայում այլեւս իմաստ չկար հանդուրժել Էթյեն Մահչուփյանին»։

Ինչ վերաբերում է հարցին, թե եթե մնար Մահչուփյանն իր պաշտոնում, ապա ի՞նչ «վտանգներ»  էին սպասվելու Թուրքիային արտաքին քաղաքականության մեջ հարցի մասին խոսելիս՝ Անդրանիկ Իսպիրյանը պատասխանեց, որ Մահչուփյանի՝ Դավութօղլուի գլխավոր խորհրդական մնալով Թուրքիային արտաքին քաղաքականության մեջ վտանգներ չէին սպառնալու, իհարկե, սակայն ընտրություններից առաջ «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգայնական շարժում» կուսակցությունները Մահչուփյանի հայտարարությունն օգտագործելու էին հենց իշխող կուսակցության դեմ։

«Իշխող կուսակցությունն էլ ցույց է տվել, որ շատ բանի է պատրաստ՝ ազգայնական հատվածի ձայները ստանալու համար»։ 

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին