▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ազգային-պետական հզօրանքի տեսլականով...

 

Հայոց պահանջատիրական պայքարի 100-րդ տարելիցի կիզակէտային տասնօրեակի մի շարք աննախադէպ իրադարձութիւններ հիմք են տալիս գնահատելու նոյն պահանջատիրական պայքարի բեկումնային, հետաբաւար եւ՝ վճռորոշ փուլ թեւակոխելու հանգամանքի մասին:

1-Վերոգրեալ տասնօրեակի մեկնարկը, իր համաշխարհային տարողութեամբ, հանդիսացաւ նախ՝ Ֆրանցիսկոս Պապի աննախադէպ պատարագը՝ Վատիկանեան Մայր տաճարում, երբ ոգեկոչելով 1,5 միլիոն հայ նահատակների յիշատակը, խիզախութիւն դրսեւորեց (ի համեմատ աշխարհական ու ոչ-հոգեւոր, քաղաքական ղեկավարների), երբ 20-րդ դարի Առաջին Ցեղասպանութիւնը կոչեց ու դատապարտեց իր իսկական անւամբ, փաստելով, թէ միշտ չէ, որ համամարդկային-բարոյական արժէքները տեղի են տալիս քաղաքական-դիպլոմատիկ լարախաղացութիւններին:

2-Միջազգային եւ քարոզչական աննախադէպ տարողութեամբ հայի, Հայաստանի, եւ հայոց պահանջատիրութեան նորովի արծարծման գործօն-ազդակ հանդիսացաւ նոյնինքն Քարդաշեանների՝ հարազատ ակունքներն ու արմատները վերաիմաստաւորելու նպատակով՝ Հայաստանեան այցելութիւնը:

3-Նոյն այդ տասնօրեակի ընթացքում աննախադէպ ու ծանրակշիռ իրողութիւն էր՝ համաշխարհային ամենահեղինակաւոր լրատւա-հեռուստացանցերի անդրադարձը՝ Հայոց 100-ամեայ պահանջատիրութեանը, Հայաստանի Հանրապետութեան նախագահի հետ հարցազրոյցների ընդիմիջից:

4-Հայոց նորագոյն պատմութեան մէջ  նոյնքան աննախադէպ՝ համահայկական պատկառելի ՀՌՉԱԿԱԳԻՐ-ի ոգով ու պետական վարակիչ շունչով Ծիծեռնակաբերդի Ապրիլ 24-եան դիմաւորումն էր, եւ դրան նախորդող՝ ապրիլի 23-ին նոյնքան աննախադէպ (400-ամեայ ընդիմիջումից յետոյ) Հայոց Ցեղասպանութեան նահատակների սրբադասման արարողութիւնը, որոնք իրաւամբ մեծ խթան հանդիսացան՝ համազգային կեցւածքի ու հաւաքական ուժի գիտակցմանն ու անշրջելի գործարկմանը՝ ի տես համաշխարհային ընտանիքի:

5-Եւ վերջապէս վերոգրեալների որպէս արգասիք՝ հայաշխարհի՝ Հայաստան, Արցախ, Ջաւախքից մինչեւ Մոսկւա, Ստամբուլ, Փարիզ, Բէյրութ, Թեհրան եւ Լոս Անջելէս ու դեռ նոյնինքն աղէտեալ Հալէպ, միլիոնաւոր հայորդիներ իրենց հաւատարմութեան անջնջելի դրոշմը թողեցին մեր համազգային պահանջատիրութեան միասնական ուղեգրութեան վրայ, համոզւած՝ գալիք յաղթանակների անխուսափելիութեանը:

Յաղթանակներ, որոնց երաշխաւորն ու կենսատու աղբիւրը պէտք է հանդիսանայ հայաշխարհի կիզակէտ Հայաստան Հայրենին՝ ազգային ու պետական հզօրանքի տեսլականով:

 

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

Հոդվածը դասական ուղղագրությամբ է

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին