▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքականության էջը ինձ համար փակ է». Գագիկ Ծառուկյան

azatutyun.am-ը գրում է. «Գագիկ Ծառուկյանն այլևս քաղաքականություն չի վերադառնա», - այսօր պատասխանելով «Ազատության» հարցին՝ հայտարարեց հենց ինքը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին առաջնորդը։

«Քաղաքականության էջը ինձ համար փակ է», - ասաց Գագիկ Ծառուկյանը:

Նա այսօր մասնակցում էր իրեն պատկանող «Առինջ մոլ» տոնավաճառի բացմանը։ Նոր տոնավաճառում 520 առևտրականներ երեք տարի առանց վարձավճարի առևտուր կանեն։

Իր կյանքի քաղաքական էջը փակած Ծառուկյանն, այնուամենայնիվ, հանդիսավոր ելույթի ժամանակ Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակի մասին որոշակի գնահատականներ հնչեցրեց․ - «Այսօր տնտեսական ճգնաժամ է, և այսօր պետք է մոտեցումը բոլորի մոտ այդպես լինի: Մարդիկ շատ բան չեն ուզում, մարդիկ ուզում են պայման, հնարավորություն՝ աշխատեն, ստեղծեն, իրենց հարկերն էլ վճարեն, իրենց ընտանիքը պահեն»:

Իրեն բոլոր կողմերից շրջապատած մանր ու միջին ձեռներեցների հետ զրուցելով՝ Ծառուկյանը հպարտությամբ հայտարարեց․ - «Ինչ խոստացել եմ, տասնապատիկ ավելին եմ արել և շարունակելու եմ անել»:

Ընդամենը երկու ամիս առաջ ընդդիմադիր համարվող Գագիկ Ծառուկյանը հրապարակայնորեն խոստացավ իշխանափոխություն անել, Հայաստանն ազատել Սերժ Սարգսյանի՝ իր բնորոշմամբ՝ «չարիքի իշխանությունից», սակայն կարճ ժամանակ անց, մեկ գիշերվա ընթացքում, Ծառուկյանը վճռեց ընդհանրապես լքել քաղաքական ասպարեզը։

«Ազատության» հարցին, թե հաշվի առնելով տեղի ունեցածը՝ ի՞նչ խոստումների մասին կարող է խոսք լինել, ԲՀԿ նախկին առաջնորդը պատասխանեց․ - «Մի քիչ հեռու տար, ցա՛վդ տանեմ: Տղա՛ ջան, հարգելի՛ լրագրող, թույլ տուր ժողովրդի հետ շփվեմ: Ասացի՝ քաղաքականության համար ես այդ էջը փակել եմ: Անհասկանալի՞ եմ ասել»:

Մեր հարցին՝ քաղաքականությունից դուրս լինելով հնարավո՞ր է ավելի շատ հարց լուծել, Ծառուկյանը պատասխանեց․ - «Դու չե՞ս տեսնում, որ քաղաքականությունից դուրս իմ գործունեությունը՝ ժողովրդի հետ բարեգործություն, սպորտ, բիզնես, բոլորն էլ անելու եմ»:

Ըստ Ծառուկյանի, քաղաքականությունից հեռանալը որևէ կերպ չի խանգարում իրագործել իր նպատակները։ Առևտրականների հետ զրույցում նա իր ավանդական խոսքերն էր կրկնում այն մասին, թե իր խոսքը գործ է, ինքը ժողովրդի հետ է, ժողովրդի կողքին, ամեն հարցում պատրաստ է աջակցել յուրաքանչյուրին։

Գագիկ Ծառուկյանին հարցրինք՝ այնուամենայնիվ, ի՞նչը ստիպեց հեռանալ քաղաքականությունից՝ հազարավոր կուսակցականներին թողնելով անորոշության մեջ։

«Արա՜, է՛ս տղեն․․․ ա՛յ տղա ջան, ես քեզ ասեցի՝ այդ էջը ես իմ համար փակել եմ», - արձագանքեց նա՝ շարունակելով․ - «Ես ուզում էի ժողովրդի համար: Եթե քո պես լրագրողներ չլինեին, որ լիարժեք աշխատանքը ճիշտ գնահատեին, այդպես չէր լինի: Հասկանալի՞ է, թե՞ ոչ: Ես ո՛չ անձնական շահ եմ ունեցել․․․ բոլորն էլ գիտեն․․․ ուզեցել եմ օգտակար լինել, լավ լինել երկրի համար, զարգացման համար, իմ ժողովրդի համար, բայց ձեր պես լրագրողները, որ լուն դավա են սարքում և սխալ բաներ են գրում, դրա համար էլ այդպես ա լինում: Հարցը պահի քեզ, կտանես՝ ուրիշի կտաս, քո էն քաղաքական կարկառուն գործիչներին կտաս»:

Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին