▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բեռլինից հասնող հարվածը

Վարագույրը բարձրացավ Հայոց ցեղասպանության 100-ամյակի ստեղծած քաղաքական մթնոլորտի վրա: Միջազգային մակարդակի վրա արձանագրվածները, դոմինոյի ազդեցության տեսությամբ առարկայացած ճանաչումների, դատապարտանքների եւ համապատասխան հայտարարությունների արշավը հուշում են նախադրյալներ` շարունակականություն ապահովելու:

100-րդ տարելիցը լավ առիթ էր առնչված պետությունների համար կարմիր քարտ ցույց տալու Անկարային: STOP ասելու նոր օսմանականության հոխորտանքով աշխարհաքաղաքական ուժի վերածվելու նկրտումներ դրսեւորող եւ արեւմտյան ուժերի վերահսկողությունից դուրս եկող կրոնական ծայրահեղականությանը տիրություն անող Թուքիային։

Այս բոլորի մեջ պետք է առանձնացնել Գերմանիայի օրինակը, որ նախագահի մակարդակով նախաբանը կատարեց եւ ուղենշեց խորհրդարանի կողմից քվեարկվելիք բանաձեւը: Այստեղ իհարկե մասնակցության, ավելի ճիշտ մեղսակցության ինքնախոստովանանք կա եւ բանաձեւի նշանակությունը բազմապատկում է, իբրեւ ցեղասպան պետության դաշնակից եւ հանցակից պետության ճանաչում եւ պատասխանատվության ստանձնում:

Հիշեցման կարգով. ապրիլի 24-ին Գերմանիայի խորհրդարանի նախագահ Նորբերտ Լամերթը հայտնեց՝ այն, ինչ որ Առաջին աշխարհամարտի կեսին աշխարհի աչքի առաջ տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն էր: «Գերմանիան մեղքի իր բաժինը ունի այդ տարիների կատարվածի մեջ»:

Ապրիլի 23-ին Բեռլինի մայր տաճարում` մասնակցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը` Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործվածը բնորոշեց իբրեւ ցեղասպանություն: Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, ցեղային մաքրագործման, կոտորածի, այո՛, ցեղասպանության հստակ օրինակ է, որով 20-րդ դարը կհիշվի սարսափելի ձեւով: Այսպես, մենք խոսում ենք հրյաների Ողջակիզման հետ այս իրադարձությունների նմանության մասին, ասել է Գերմանիայի նախագահը:

Նախագահի եւ խորհրդարանի նախագահի հայտարարություններից հետո, ճիգ չի պահանջում ենթադրել, որ խորհրդարանը ի՛նչ տեսակ բանաձեւ պիտի որդեգրի Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Լսումների իրար հաջորդումը եւ գուցե քվեարկության որոշակի ձգումը չի կարող հանգեցնել նախագահի եւ խորհրդարանի նախագահների հայտարարությունների հակասության։ Գալիպոլիի արարողություններին չմասնակցելը, եւ Անկարայից կատարված` եզրը չօգտագործելու դիմումների անպատասխան մնալը, վերահաստատում են քաղաքական այն մթնոլորտը, որի հիման վրա սպասվում է բանաձեւը:

Գերմանիան, սակայն ցեղասպանություն հատուցելու ռահվիրա պետությունն է: Այս պատճառով էլ Անկարային ամենից  շատ է անհանգստացնում Գերմանիայի նման դիրքորոշումը: Բոլոր պետություններից առաջ պաշտոնական Բեռլինը  ի՛նքը գիտի ցեղասպանության եզրի իրավական նշանակությունը եւ դրա հատուցման հետ փոխպայմանականությունը:

Այլ հարց է, թե հանցակից լինելու ինքնախոստովանանքը հատուցման առաջնորդելո՞ւ է պետական միավորին:

Գերմանիայի այս հատկանշական քայլը հաստատում է,  որ եզրի իրավականության իրազեկ պաշտոնական Բեռլինը ճիշտ է բռնել Ցեղասպանության հարցի աշխարհաքաղաքական օրակարգի վերածվելու գործընթացի բազկերակը: Այո՛. վարագույրը ոչ թե իջել է, այլ բարձրացել 100-ամյակով սկսած ճանաչումների արշավի վրա:

Հատուցման նախադուռ բացող Գերմանիայի այս օրինակը հուշում է հայկական կողմի գործնապես անցում կատարելու ճանաչումից հատուցում: Կիլիկիո կաթողիկոսության հարուցած դատը խնդրի իրավականացման քայլերից  է նկատվում եւ օրակարգի աշխարհաքաղաքականացման ընդհանուր իրավիճակում կարող է առավելություններ արձանագրել, ոչ անպայման անմիջական հանգրվանին:

Նպաստավոր որեւէ բանաձեւի դեպքում հայկական կողմը հասարակական կազմակերպություններով, Հայ դատի հանձնախմբերով եւ դիվանագիտական ներկայացուցչություններով երկարատեւ, համակարգավորված աշխատանք է տանելու: Մեծ առավելություն է, երբ տվյալ երկրի մեջ հայկական դիվանագիտությունը կաշխատի՛ արհեստավարժ, նպատակաուղղված եւ քաղաքական հարաբերությունների մեջ իր դրսեւորած հմտության բարձրորակ նշաձողերով: Գերմանիայում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպանը նշանակալից եւ անշրջանցելի ներդրում է ունեցել այս արդյունքում:

Վերլուծականը կենտրոնացրինք Գերմանիայի վրա։ Մի քանի ամիսների ընթացքում Չեխիայի, Չիլիի, Եւրախորհրդարանի, ԵԺԿ-ի, Բուլղարիայի եւ դեռ շուտով Լյուքսեմբուրգի  ու գալիք քաղաքական միջավայրերի որդեգրելիք բանաձեւերը խոսում են ցեղասպանության խնդրի աշխարհաքաղաքական օրակարգի վերածվելու մասին։ Այս բոլորով հանդերձ եւ վերը նշված պայմաններով Բեռլինի ձեռնարկած նախաքայլերն ու կատարելիք քայլը պահում է առանձնահատուկ կարգավիճակի հանգամանքները։

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին