▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԵՏՄ-ն ու պուտինամոլությունը մեզ վերադարձրեցին նախկին պատեռնին

Լուռ վայելեք Ղրիմի հանրաքվեն ճանաչելու, դրա պատվին Ստեփանակերտում համերգ կազմակերպելու, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Ուկրաինայի բանաձեւին դեմ քվեարկելու, Հարավային Օսիայի խորհրդարանի նախագահին ոտքի վրա բարեւելու ու այն պաշտոնական հանդիպում ներկայացնելու քաղաքականության հետեւանքները: Ուկրաինայի, Վրաստանի ԱԳՆ հայտարարությունները ընդունեք նամուսով ու առանց հիստերիայի: Կգա ժամանակը, ու միգուցե կգիտակցվի, թե որքան կարեւոր քաղաքական նշանակություն ուներ Եվրոպական հարեւանության քաղաքականության ու Արեւելյան գործընկերության շրջանակներում Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի հետ նույն խմբում լինելը: Քիչ մարդիկ գիտեն, թե եվրասոցացման այդ ակումբում միաժամանակ գտնվելը ինչպես էր նպաստում, որ նշված երկրները դանդաղ, բայց ավելի հավասարակշիռ դարձնեն իրենց դիրքորոշումը ԼՂ հարցում: Ամենավառ օրինակը Մոլդովայի օմբուդսմեն, ադրբեջանական լոբբիստ Աուրելիա Գրիգորիուի հետ կապված դեպքն էր, երբ վերջինս հայտարարեց, թե Մոլդովան պաշտպանում է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանին վերադարձնելու դիրքորոշումը, պաշտոնական Քիշինեւը հայտարարեց, թե Աուրելիա Գրիգորիուն Մոլդովայի տեսակետը չի ներկայացնում: Ու դա ոչ պատահականորեն տեղի էր ունենում բառացիորեն Քիշինեւում ԵԺԿ շրջանակներում եվրաասոցացվող Վրաստանի, Մոլդովայի, Հայաստանի, Ուկրաինայի ԵԺԿ-ական կուսակցապետերի գագաթաժողովի նախօրեին: Եվրոպան Քիշինեւին հասկացրեց, որ չպետք է տապալի Հայաստանի մասնակցությունն այնտեղ ու Քիշինեւը հրաժարվեց ավանդական ՎՈՒԱՄ-ական դիրքորոշումներից՝ պահելով չեզոքություն Ղարաբաղի հարցում: Նույն կերպ Թբիլիսին ու Ուկրաինան էին ըմբռնում ցուցաբերում ղարաբաղի խնդրով: ԵՏՄ-ն ու պուտինամոլությունը մեզ վերադարձրեցին նախկին պատեռնին՝ երբ մենք Ռուսաստանի ներքո խրամատից այս կողմ ենք, իսկ նախկին ՎՈՒԱՙՄ-ականները այն կողմ: Իրականում բան չի փոխվել, պարզապես կորցրել ենք ղարաբաղյան խնդրով ՎՈՒԱՄ-ականների դիրքորոշումները փոխելու հնարավորությունը: Կեցցե ԵՏՄ, կեցցե Ղրիմը...

Ստյոպա Սաֆարյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին