▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սյունյանց պառլամենտական Վանգան

Մայիսի 2-ին Սյունիքի մարզի «Սդղ գյոլ» կոչվող վայրում մի քանի երիտասարդների միջև վիճաբանություն է եղել: Վեճի մասնակից երիտասարդներից մեկը` Հարություն Զաքարյանը աչքի լուրջ վնասվածք է ստացել, նրան լուրջ վիրահատական միջամտություն է հարկավոր: Դեպքը, հնարավոր է, հանրային ուշադրության կենտրոնում չհայտնվեր, եթե միջադեպի մասնակիցների թվում չհիշատակվեր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու` Տիգրան Խաչատրյանի անունը, ով միջադեպից հետո փախուստի էր դիմել, որոշ ժամանակ անց, սակայն, բերման ենթարկվեց նախաքննական մարմին: Կատարված միջադեպից մի քանի օր անց` մայիսի 20-ի երեկոյան, լուր տարածվեց, թե անհայտ անձը կամ անձինք Գորիս-Կապան ավտոճանապարհի 30-րդ կմ հատվածում կրակոցներ են արձակել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մեքենայի ուղղությամբ, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Հասարակության մեջ տեսակետները բազմազան են, կարծիքներ կան, թե դա «ինքնադատաստանի նման մի քայլ է», որով ավագ Խաչատրյանը փորձում է հասարակությանը ներկայանալ զոհի կարգավիճակով: Միջադեպից ամենաշատը բարկացել ու վրդովվել էր ՀՀԿ խմբակցության գորիսեցի պատգամավոր Հայկ Գրիգորյանը, ով համարվում է Սուրիկ Խաչատրյանի անգլերենի դասատուն ու նրա աջակցությամբ է հայտնվել խորհրդարանում։ Մամուլում հայտնվել է Սյունիքի մարզպետի մահափորձի միջադեպի հետ կապված «քաջարի սյունեցու» ամպագորգոռ տեսակետը, որտեղ նա հայտարարել է. «Այդ ամենը որակում եմ էսպես. ինչ-որ վիժվածքներ իրենց դրել են հոլիվուդյան ֆիլմերում իրենց պատկերացրած մարտաֆիլմի հերոսների տեղը ու ցանկանում են ինչ-որ բաներ ապացուցել, բայց ոչինչ՝ օրենքի ուժով նրանք կհայտնաբերվեն ու կենթարկվեն պատասխանատվության»: Հարկ է նկատել, որ նման ոգևորությամբ պաշտպանական ճառերով հանդես գալը հարիր չէ օրենսդիր մարմնի ներկայացուցչին, հատկապես, երբ դեռ գործն ընթացքի մեջ է: Սյունեցին նման բոցաշունչ ելույթներով ընդամենը ներկայացրեց իր սինլքոր դեմքը: Թե որքանով է Խաչատրյանի որդին մեղավոր կատարված միջադեպի մեջ` ցույց կտա հետաքննությունը, սակայն, ըստ էության, կատարվել է հանցանք, կա տուժող կողմ, և միանշանակ ու աներկբա է, որ պետք է լինեն պատժվողներ, անկախ նրանից թե հանցանք կատարողը ով է, կամ ում որդին:

 

 

Նարե Սարգսյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին