▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անպաշտպա՞ն է, արդյոք, պաշտպանության նախարարը

Հերթական անգամ ՊՆ Սեյրան Օհանյանն ու նրա տիկինը՝ «Ռազմական բժիշկների ասոցացիա» հ/կ նախագահ Ռուզաննա Խաչատրյանը թիրախային վիճակում են հայտնվել: Ու հերթական անգամ նույն «նշանակետից» է հնչում կրակոցը: Ի դեպ, երբ մեկ կամ երկու անգամ է նույն տեղից «կրակահերթ» արձակվում, մտածում ես, որ ազնիվ ու շիտակ մղումներից է, բայց երբ «կրակակետը» մշտապես նույն թիրախն է ընտրում, հասկանում ես, որ ամեն ինչ կառուցվում է ընդգծված շահագրգռությունների վրա: Իսկ առանց շահագրգռության ոչ ոք իրեն Մատրոսովի դերում չի պահի ու չի գնա դեպի «հրակնատը»… Ոչ ոք իրեն թույլ չի տա անգամ հայհոյանքներ ու փողոցային «եզրաբանություն» տեղալ՝ այսպես, գուցե, սպասարկելով ոմանց շահերն ու գերնպատակ ունենալ՝ պատերազմող երկրի պաշտպանության նախարարին հարվածել թիկունքից, զրպարտության միջոցով՝ նրա դեմ հանել սոցիալական խնդիրների տակ կքված հանրությանը… Պարզ է, ուրեմն, որ այս անգամ էլ պատվիրատուն նույն «կատարողի» հետ ցանկանում է զրպարտություն տարածել՝ չհասկանալով, որ անգամ ցանկացած զրպարտություն հավաստի կամ հավաստիին մոտ դարձնելու համար տրամաբանություն է պետք: Ուրեմն, տեղեկատվություն է տարածվել, թե պաշտպանության նախարարի կինը Ֆրանսիայի Նիս, ոչ թե Նից՝ ինչպես գրվել է հերթական պասկվիլում, քաղաքում սեփական հիվանդանոց ունի, բայց որը ձևակերպված է ուրիշի անունով: Եվ որ «ամեն ամիս Ռուզաննա Խաչատրյանը ամուսնու հետ կամ միայնակ լինում է Ֆրանսիայում, կլինիկայի աշխատանքները համակարգելու համար»: Մինչ հիվանդանոցի առեղծվածին անցնելը, ընդամենը մեկ հարց տանք. եթե հիվանդանոցը գրանցված է ուրիշի անունով, ինչպե՞ս են տեր և տիկին Օհանյանները մեկնում Ֆրանսիա և զբաղվում նրա խնդիրներով, եթե նրանք որևէ իրավասություն չեն կարող ունենալ և չեն կարող իրականացնել օրինական որևէ գործառույթ: Սեփականատեր ձևակերպված անձն է զբաղվում կառավարման և այլ հարցերով: Ու, եթե, իսկապես Նիսում մեկ այլ անձի անունով տիկին Ռուզաննա Խաչատրյանը հիվանդանոց ունի, ապա նա պիտի մնա «ստվերում», երբևէ ի հայտ չգա, իսկ հիվանդանոցի հարցերով զբաղվելու համար էլ օգտագործի ինտերնետային կապը կամ էլ հեռախոսը՝ «չվառվելու» համար… Սա է տրամաբանությունը, այսպես են վարվում բոլոր նրանք, ովքեր ուրիշի անունով ձևակերպած սեփականություն ունեն: Եվ այն էլ ուրիշ երկրում: Իսկ հիմա սեփականության «առեղծվածի» մասին: Մենք էլ մեր լրատու աղբյուրների միջոցով պարզեցինք, որ Նիսում ընդամենը երկու հիվանդանոց կա, որոնք պատկանում են ֆրանսիական բավական ազդեցիկ կառույցների: Որևէ անձի անունով գրանցված հիվանդանոց չկա: Կա երեք կլինիկա, որոնք պատկանում են այս քաղաքում հայտնի բժիշկների: Նրանք երբևէ չեն վաճառել իրենց կլինիկաները, սեփականատիրոջ փոփոխություն երբեք չի եղել… Սա է ճշմարտությունը, որը վիճարկելու համար՝ նախարարի ու նրա տիկնոջ դեմ պատվիրված արշավանք կազմակերպողները կարող են ճշտել, ստուգել, կամ էլ պատվիրատուի հատկացրած ֆինանսական միջոցների հաշվին Նիս մեկնել ու այնտեղ սեփական հետաքննությամբ պարզել ամեն ինչ… Նույն հետաքննությամբ կարող են պարզել նաև այն «հանցագործությունները», որոնց մեջ «մեղադրում» են նախարարի տիկնոջը՝ քրքրելով նրա սպիտակեղենն ու շրջանառության մեջ դնելով իրենց իսկ բնութագրմամբ «գաջոտ» պատմություն, որը մերթ վերագրվում է 1990-ական թվականներին, մերթ էլ՝ 2000-ին… Հայաստանը փոքր երկիր է, Սյունիքի մարզում բղավես՝ Տաուշում կարձագանքեն, հետևաբար չէր կարող մախաթը 15 տարի պարկում մնալ, եթե կար այդ մախաթը, եթե կային նախարարի դեմ հրապարակումներով հանդես եկող «ազնիվ գրիչներ»… Ինչու՞ են լռել 15 տարի, ինչու՞ են թաքցրել տևական ժամանակ այդ «գաջոտ» պատմությունը, եթե այն կար իրականության մեջ, չէ՞ որ միշտ էլ կարող էին հրապարակել, միշտ էլ կարող էին իրենց աշխատանքի դիմաց վճարողներ գտնել… Բայց երևի սուտը նոր է հորինվել, նոր են որոշել առասպելներ հյուսել՝ այսպես ջղաձգվելով մասնավորաբար վերջին շրջանում նախարարի նկատմամբ ձևավորված մեծ հետաքրքրության ֆոնին: Իսկ այդ հետաքրքրությունը պատահական չէ: Մեր բանակի ուժն ու ամրությունը պայմանավորված է նաև նախարարով: Եվ Սեյրան Օհանյանն այսօր սիրվում է բանակի կողմից, շարքային զինվորն անգամ վստահությամբ ու հավատով է նայում, բանակի հայր է կոչում… Անտարակույս, հիվանդանոցի մասին հյուսված ,,գյուլնազտատիկյան,, պատմությունը Սեյրան Օհանյանի դեմ սանձազերծված լրատվական պատերազմի մի դրվագն է միայն: Գուցե՝ ամենաբարոյականը, որովհետև այստեղ անձնական վիրավորանքներ չկան, չկան այնպիսի արտահայտություններ, որոնք այլ հրապարակումներում դարձել են սովորական՝ դրանց հեղինակներին զրկելով իրականության զգացումից: Նաև՝ մի պարզ գիտակցումից, որ ազգային հպարտություն հանդիսացող բանակի գլխավոր հրամանատարին ուղղված ցանկացած բարոյական հարված առաջին հերթին հարված է նույն այդ բանակին և աջակցություն սահմանից անդին կանգնած հակառակորդին, որը չունենալով մեզ հաղթելու այլ միջոցներ՝ կարողանում է հավաքագրել մեր միջի թուրքերին, բոլոր նրանց, ովքեր հանուն մի փոր հացի պատրաստ են ելնել սեփական երկրի ու սեփական բանակի դեմ: Անշուշտ, Սեյրան Օհանյանի ու նրա տիկնոջ դեմ հայտարարված անբարո պատերազմը չի կարող դիտարկվել սոսկ որպես սահմանի այն կողմից եկող հրահանգ ու պատվեր: Կան նաև ներքին պատվիրատուներ, որոնք անհանգստանում են՝ տեսնելով բանակում տեղի ունեցող լուրջ փոփոխությունները, որոնք չեն կարողանում հանդուրժել այն առաջընթացը, որը հնարավոր է դարձել պաշտպանության նախարարի վարած քաղաքականության շնորհիվ: Ավելին, Սեյրան Օհանյանի անունը շրջանառվում է սպասվող նախագահական ընտրություններում՝ որպես երկրի չորրորդ նախագահի հավանական թեկնածու: Ու սա էլ ոմանց ջղագրգիռ է դարձրել, խլել նրանց քունը: Ուժեղ ու բարոյական անհատի գործոնը տագնապ է առաջացրել, խառնշտել ոմանց հաշիվները, հասկացրել, որ կարող է հենց Սեյրան Օհանյանի հետ մեր ժողովուրդը կապել իր վաղվա հույսերը… Գուցե չմխրճվեի այս խոսակցության մեջ, գուցե չարձագանքեի այս ամենին՝ ակամայից կարևորելով զրպարտությունն ու բամբասանքը, բայց իմ՝ մտավորականի, խիղճը թույլ չէր տա անկյունում նստել ու լռելյայն հետևել այս ամենին: Մանավանդ այն մտավորականի, որը հպարտությամբ է իր որդուն բանակ ճանապարհ ճանապարհել, նրա բախտն ու ճակատագիրը վստահելով առաջին հերթին Սեյրան Օհանյանին

Լևոն Մութաֆյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին