▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոտակա ժամանակները

Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ասոցացման ընթացակարգը թվում է, թե բավական բարդ է եւ թեւակոխելի հետեւողական հանգրվաններ է ներառում:Թե՜ ԵՄ-ի եւ թե ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնատարների կողմից հնչում էին տեսակետներ, որ Վիլնյուսից հետո, պահը հասունացել է ստորագրելու նոր վերամշակված փաստաթուղթ, որը կճշտի ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հայեցակարգը: Ավելին. կար տեսակետ, որ Եվրամիությունը ՀՀ-ի համար պատրաստել է այնպիսի փաստաթուղթ, որի իրավադրույթները չեն հակասում ԵՏՄ-ի անդամակցությանը: Շրջանառության մեջ դրված այս տեսակետները հատում էին համոզիչի սահմանը, երբ ՌԴ-ի արտգործնախարարը այս մասին ակնարկում էր՝ հիշեցնելով հակասությունների բացառման անհրաժեշտությունը: Ռիգայում ասոցացման նոր փաստաթուղթ չի ստորագրվել: Սակայն ի՞նչ է Ռիգան ապահովել ՀՀ-ի համար:

Ա.-Նոյեմբերին սկսած ԵՄ-ՀՀ խորհրդատվությունները ավարտվել էին մարտին: Սա նշանակում էր, որ այս ամիսների միջեւ ընկած ժամանակահատվածում ԵՄ չուներ լիազորություն վերաբանակցելու ՀՀ-ի հետ: Խորհրդատվությունների կարգով տեղի ունեցող երկխոսության փուլը ավարտվել է մարտին։

Բ.- Եզրակացվել է, որ բանակցությունները վերսկսվեն: Ուրեմն, անցման նախաբանը հայտարարվել է` խորհրդատվությունից բանակցություն: Այլ խոսքով, համաձայնությունը կայացել է, որ մոտակա ժամանակները Եւրամիության խորհուրդը  կհաստատի այդ լիազորությունը բանակցող կողմի համար:

Գ. Բանակցելու լիազորության հաստատումից հետո կսկսվեն բանակցությունները` մշակելու համար նոր իրավական փաստաթուղթ` ԵՄ-ՀՀ հարաբերությունների հետագա ընդլայնման, խորացման եւ զարգացման:

Իրավական նոր փաստաթղթի ձեւակերպումից եւ ստորագրությունից հետո ՀՀ-ն եզակի կարգավիճակ կարող է ստանալ: Այն կլինի ԵՏՄ-ի անդամ միակ պետությունը, որի համար ԵՄ-ի Արեւելյան գործընկերության ասոցացման հատուկ փաստաթուղթ կմշակվի: Այստեղ է, որ կսկսի արդյունավորվել «Եւ Եւ»-ի վարքագիծը: Մոտակա ժամանակները միջազգային պրակտիկայում կարող են անորոշություն ենթադրել: Ողջամիտ ժամկետ հասկացողությունը նման է մոտակա ժամանակների պատկերացմանը: Համենայնդեպս, թվում է, որ ԵՄ-ն ի՛նքն է շահագրգռված ՀՀ-ն դեպի իր ուղղություն հրավիրելու: Այս բոլորին զուգահեռ, Ռիգայում ընդունված Հռչակագրում նշվել է եւս մի կարեւոր ուղղություն, որը վերաբերում է շարժունակության բնագավառին։ Խոսքը՝ ԵՄ մուտքի արտոնագրի դյուրացման գործընթացի մասին է: Այստեղ եւս հստակացումներ են անհրաժեշտ: Մուտքի արտոնագրերի դյուրացման վերաբերյալ Երեւանը կնքել էր համաձայնագրեր ԵՄ-ի հետ, որոնք սկսեցին գործել այս տարվա հունվարից: Ռիգան հաստատում է, որ այս բնագավառի վերաբերյալ պիտի սկսի նոր գործընթաց, որը ի վերջո պիտի հանգի վիզային ռեժիմի ազատականացմանը։

Վերջապես, Ռիգայի հռչակագիրը ՀՀ-ին վերաբերող մասով խոսում է տարբեր ոլորտների համագործակցությունը  շարունակելու անհրաժեշտության մասին: Այս բոլորը շեշտում են, որ ԵՄ-ն ի՛նքն առաջադրանք ունի ՀՀ-ի հետ նոր փաստաթուղթ ստորագրելու:

Մոտակա ժամանակները (արդեն աշնանը) Երեւանում սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնախումբը նախագահին կներկայացնի նոր Սահմանադրության նախագիծը: Մինչ այդ, բարեփոխումների հանձնախումբը հոդված առ հոդված նոր նախագիծը կքննարկի Եւրոպական խորհրդի սահմանադրագետների հետ (ծանոթ` Վենետիկի հանձնախումբ):

ԵՄ-ի ասոցացման եւ նոր Սահմանադրության որդեգրման միջեւ կարելի է տեսնել գործընթացների զուգահեռներ: Երեւանը, հանրապետության նոր սահմանդրությունը կհամաձայնեցնի եւրոպական համապատասխան կառույցների հետ: Սա կարեւոր հանգամանքներից  մեկը կարող է լինել, որ ՀՀ-ն ստանա եզակի կարգավիճակ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո, ներառվելու Արեւելան գործընկերության ասոցացման գործընթացներում: Նոր Սահմանադրության նախագիծն ու ԵՄ-ի հետ ասոցացման նոր իրավաթուղթը կարող են համընկնել միաժամանակ:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի խմբագիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին