▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Համազգային պետականակերտութեանը ընդառաջ

Հանրայայտ փաստ է ու պատմա-քաղաքական անժխտելի իրողութիւն հետեւեալ հաստատումը.-

Եթէ չլինէր 1918 թ. ՄԱՅԻՍԻ 28-ով ամրագրւած Հայաստանի անկախութեան հռչակումը, չէր լինելու ո'չ Խորհրդային Հայաստան կոչւող 2-րդ հանրապետութիւնը, եւ ո'չ էլ 1991 թ. Սեպտեմբերի 21-ով նւիրականացւած Հայաստանի վերանկախացած 3-րդ հանրապետութիւնը:

Միեւնոյն իրողութիւնը հիմք ծառայեցնելով, կարող ենք արձանագրել հետեւեալը նաեւ.-

Եթէ չլինէին 1918-ի Մայիսեան Սարդարապատի, Բաշ-Ապարանի եւ Ղարաքիլիսէի հերոսամարտերը, երբեւիցէ չէր լինելու Սեւակեան խորախորհուրդ պատգամ-գաղափարը, այն է. «ՍԵՐՈՒՆԴՆԵՐ ԴՈՒՔ ՁԵԶ ՃԱՆԱՉԷՔ ՍԱՐԴԱՐԱՊԱՏԻՑ»,... հետեւաբար եւ՝ չէին լինելու նոյնինքն Արցախեան ազատագրութիւնն ու ինքնիշխանութիւնը կերտող մեր փառապանծ սերունդները...:

Ազգային ու յատկապէս պետական նւաճումների արժեհամակարգը ժառանգելու ենք կոչւած արդէն աւելի քան երկու տասնամեակ՝ Հայաստանով, Արցախով ու Սփիւռքով, իւրաքանչիւրի բազմաշերտ ու բազմատեսակ առանձնայատկութիւններով ու համարժէք հոգսերով ու դժւարութիւններով հանդերձ:

Հասել ենք նրան, բարեբախտաբար, որ նոյն եռեակ պատւանդանները ամրակայելու միտքն ու գաղափարն ենք յղացել՝ ԵՌԱՄԻԱՍՆՈՒԹԵԱՆ համազգային բանաձեւմամբ: Միեւնոյն բանաձեւման գործառոյթն ենք փորձարկել մեր համազգային պահանջատիրութեան 100-րդ տարելիցի ծանրակշիռ այս հանգրւանում, որը փաստացի նւաճումներով ու ձեռքբերումներով արգասաւորւեց:

Ահաւասիկ.-

Ամէն հիմք ու պատճառ ունենք, որպէսզի եռամիասնական համազգային պահանջատիրութեան կենսափորձը գործարկենք նաեւ ու մանաւանդ համազգային պետականութեան կէտ-նպատակը նւիրականացնելու համար:

Եւ եթէ համազգային մեր պահանջատիրութեան արդիւնաւորման գրաւականը կայանում է ոչ այլ ինչում, եթէ ոչ՝ հզօր Հայաստանի առկայութեամբ, ապաեւ՝ պահանջատիրութեան համարժէք ու ինչ-որ առումով դրանից առաւել՝ պէտք է ազգովի լծւել 24-ամեայ վերանկախացած Հայաստանի պետականութեան ամրակայմանը, հզօրացմանն ու կայացմանը՝ ազգային, սոցիալ-տնտեսական, մշակութային թէ' քաղաքական ճակատներում:

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան հռչակման իրողական տեսլականի 97-րդ ամեակը թող հանդիսանայ ցատկահարթակ` համազգայնօրէն ընդառաջ գնալու պետականութեան, պետականամէտութեան ու Հայաստանի ազգային թէ° պետական հզօրանքի մօտալուտ` 100-րդ տարեդարձին:

 

«ԱԼԻՔ» ՕՐԱԹԵՐԹԻ ԳԼԽԱՒՈՐ ԽՄԲԱԳԻՐ

ԴԵՐԵՆԻԿ ՄԵԼԻՔԵԱՆ

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին