▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սերժ Սարգսյանն ասել է, թե կարող է կանխատեսել ՀՀ հաջորդ ղեկավարին, սակայն անունն առայժմ չի տա

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների, եթե թուրքական կողմը վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, հայտարարել է Վաշինգտոնում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ամերիկյան առաջատար վերլուծաբանների հետ քննարկումների ընթացքում:

«Ամերիկայի ձայնի» հաղորդմամբ՝ Հայաստանի նախագահի խոսքով սակայն, մոտ ժամանակներում Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը քիչ հավանական է, քանի որ թուրքական կողմը նման ցանկություն չունի: Հիշեցնենք, որ թեեւ հայ-թուրքական արձանագրությունները ողջունել են Միացյալ Նահանգները, Եվրոպան եւ Ռուսաստանը, սակայն դրանք երկու երկրների խորհրդարանների կողմից չեն վավերացվել:

Անդրադառնալով Ադրբեջանի հետ եղած խնդիրներին, Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ քննադատել է միայն ադրբեջանական ղեկավարության ոչ կառուցողական դիրքորոշումը սակայն երբեք չի վիրավորել ադրբեջանական ժողովրդին: Հայաստանի նախագահը, թեեւ տիրապետում է ադրբեջաներենի, չի պատրաստվում ուղիղ դիմել ադրբեջանցիներին: Հայաստանի նախագահը նշել է, որ ադրբեջաներենի իմացությունը որեւէ կերպ թերություն չի համարում եւ ավելացրել է, որ Ադրբեջանի նախագահ իր հերթին որոշ չափով հայերենի է տիրապետում, քանի որ մեծ հայկական շրջապատ է ունեցել:
Նշենք որ ՄԱԿ-ում ելույթ ունենալիս Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովն իր հերթին Հայաստանի ղեկավարությանն է մեղադրել անկառուցողականության մեջ:

Սիրիայի հարցում Հայաստանի նախագահը դրական է գնահատել Ռուսաստանի Դաշնության ներգրավվումը, ընդգծելով, որ հայկական կողմը խորապես շահագրգռված է Սիրիայում եւ Իրաքում խաղաղության հաստատման մեջ:

Անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին եւ մասնավորապես #ElectricYerevan շարժմանը, Սերժ Սարգսյանն ավելացրել է, որ ըստ էության, շարժմանը մասնակցող քաղաքացիների պահանջները հասկանալի էին, սակայն անիրատեսական, ինչն իր կարծիքով ապացուցում են նաեւ անկախ մասնագետները: Հայաստանի նախագահի խոսքով, անկախ երկիր լինելը ոչ միայն իրավունքներ, այլեւ պատասխանատվություններ է նախատեսում:

Նախագահ Սարգսյանն ասաց նաեւ, թե կարող է կանխատեսել, թե ով հավանաբար կդառնա Հայաստանի Հանրապետության հաջորդ ղեկավարը, սակայն այդ մարդու անունն առայժմ չի տա մի շարք պատճառներով:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին