▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որի մաս ԼՂ-ն երբեք չի կազմել. Սերժ Սարգսյան

 

Panorama.am-ը հրապարակել է ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում հոկտեմբերի 1-ին Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, որը կայքի խնդրանքով տրամադրել է «Քարնեգի» հիմնադրամը։ Ստորեւ ներկայացնում ենք ելույթի տեքստն ամբողջությամբ։

«Մեծարգո պարո՛ն Բըրնս,

Հարգարժա՛ն ներկաներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Ինձ համար մեծ պատիվ է լինել այս հեղինակավոր ու ավանդույթներով հարուստ կառույցի՝ Քարնեգի հիմնադրամի հյուրը։ Ուրախ եմ, որ առիթ ունեմ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ու միջազգային հարաբերությունների արդի խնդիրների շուրջ իմ մոտեցումներն ու մտահոգությունները կիսելու ակադեմիական այս լսարանի հետ՝ բաց ու անաչառ քննարկումների ակնկալիքով:

Նախորդ հարյուր տարիների մեծագույն ողբերգությունները` ավերիչ պատերազմները, ցեղասպանությունները, ծայրահեղականության և ահաբեկչության աննախադեպ աճը, ազգային և կրոնական ատելության վրա հիմնված բռնությունները գալիս են փաստելու, որ առանց խաղաղության ձգտման աշխարհը ինքնակործանման ճանապարհով կընթանա։

Խաղաղությունը հակասությունների բացակայությունը չէ, ինչն, անշուշտ, անհնար է։ Խաղաղությունն այդ հակասությունները խաղաղ ճանապարհով լուծելու կամքն ու կարողությունն է։ Հայաստանի արտաքին քաղաքականությունը առաջ է ընթանում հենց այս համոզումով։

Հարգելի՛ ներկաներ,

Հաճախ Հարավային Կովկասը դիտվում է որպես աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ: Մյուս կողմից՝ տարածաշրջանում տարբեր դերակատարների շահերի առկայությունը կարելի է դիտել որպես հնարավորություն: Հայաստանն իր անկախության ակունքներից ի վեր որևէ պետության կամ կառույցի հետ հարաբերվելիս առաջնորդվել է ոչ թե «ընդդեմ»-ի, այլ «հանուն»-ի գաղափարախոսությամբ։ Այսպես, լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ, որի նախագահությունը ստանձնել ենք օրեր առաջ, մենք երկարամյա արդյունավետ համագործակցություն ենք ծավալել ՆԱՏՕ-ի հետ, որի ակնառու վկայությունը բանակաշինության ոլորտում դաշինքի փորձի յուրացումն է, տարբեր խաղաղապահ գործողություններում Հայաստանի գործուն մասնակցությունը: Դառնալով ԵՏՄ անդամ՝ մենք նոր թափ են հաղորդել Հայաստան-ԵՄ քաղաքական և տնտեսական մերձեցմանը՝ վերահաստատելով մեր այն թեզը, որ Եվրամիության և եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների համադրումը լիովին հնարավոր է: Ի դեպ, վերջին ժամանակներում այս գաղափարը սկսել է նյութականանալ ու հաճախ հնչեցվել մեր եվրոպացի գործընկերների կողմից: Ռուսաստանի հետ ունենալով շարունակաբար ամրապնդվող ռազմավարական համագործակցություն՝ մենք գերազանց հարաբերություններ ունենք արևմտյան գրեթե բոլոր երկրների հետ։ Եվ վերջապես, լինելով աշխարհում առաջին քրիստոնյա պետությունը, մենք պատմական ու միջպետական սերտ կապեր ունենք բազմաթիվ մահմեդական երկրների հետ։

Այս ամենով հանդերձ, գաղտնիք չէ, որ, գտնվելով պատերազմի վերսկսման ամենօրյա սպառնալիքի ներքո, յուրաքանչյուր որոշման ելակետը մեր երկրի անվտանգության ապահովումն է, ինչը հաճախ պայմանավորում է մեր այս կամ այն ընտրությունը։ Լինելով փոքր երկիր՝ մենք չենք ցանկանում և չենք էլ կարող աշխարհը բաժանել բարեկամների և թշնամիների։ Մենք հիմնվում ենք էվոլյուցիոն և հավասարակշռված քաղաքականության վրա՝ այդպիսով նաև խնդիրներ չստեղծելով մեր տարածաշրջանում շահեր ունեցող երկրների համար և չդառնալով ճգնաժամի հերթական օջախ։

Կարծում եմ՝ նման մոտեցումը լիարժեքորեն տեղավորվում է 21րդ դարի տրամաբանության մեջ, ավելին՝ իրականությունը ցույց է տալիս, որ հակասությունների վրա հիմնված քաղաքական որոշումները, մեղմ ասած, բարերար չեն լինում տվյալ երկրների, ինչպես նաև ողջ միջազգային հանրության համար։ Մենք դրան մի շարք դեպքերում ականատես ենք եղել նաև բոլորովին վերջին ժամանակներում:

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Այժմ հակիրճ անդրադառնամ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգային հարցերից մի քանիսին։ Թերևս, սկսեմ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից, որը վստահ եմ, ձեզ հետաքրքրում է առաջին հերթին:

Այն ծագել է դեռ խորհրդային տարիներին, երբ կենտրոնական իշխանության թուլացմանը զուգընթաց օրակարգային դարձավ ԼՂ հայ ազգաբնակչության ֆիզիկական գոյության հարցը: Ադրբեջանի խտրական քաղաքականության արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվեց իր բնօրրանում անվտանգ ապրելու հնարավորությունից։ Նրանց ինքնորոշման արդարացի պահանջներին հետևեց Ադրբեջանի ագրեսիվ արձագանքը, որն էլ հետխորհրդային ամենաարյունոտ հակամարտության բռնկման պատճառ դարձավ:

Այսօր Ադրբեջանը խնդիրը ներկայացնում է իբրև Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճ։ Ուզում եմ հատուկ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը երբեք որևէ տարածքային հավակնություն չի ունեցել Ադրբեջանի հանդեպ: Ավելին՝ մենք ճանաչում ենք Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, որի մաս Լեռնային Ղարաբաղը երբեք չի կազմել: Սրանք իմ տեսակետները չեն, սրանք պատմական փաստեր են, հետաքրքրվողները կարող են ուսումնասիրել և համոզվել դրանցում:

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և ինքնորոշման անօտարելի իրավունքի իրականացման խնդիր է։ Ցավոք, այսօր առկա է հսկայական անդունդ ադրբեջանական իշխանությունների պատկերացումների և քաղաքակիրթ աշխարհում ընդունված նորմերի միջև: Եթե քաղաքակիրթ աշխարհում որևէ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացման համար ստեղծվում են անհրաժեշտ պայմաններ, ապա Ադրբեջանը, իր նավթային եկամուտներից կուրացած, ամեն կերպ սեփական պատկերացումները փորձում է պարտադրել ոչ միայն Լեռնային Ղարաբաղին ու Հայաստանին, այլև միջնորդ երկրներին: Ահավասիկ՝ Շոտլանդիայի օրինակը. Մեծ Բրիտանիան Շոտլանդիային ընձեռում է ինքնորոշվելու իրավունք, այսինքն՝ որքան էլ թանկ է իր համար սեփական տարածքային ամբողջականությունը, Շոտլանդիայի ժողովրդին ինքնորոշվելու և իր ճակատագիրը տնօրինելու իրավունք է տալիս. բայց չգիտես ինչու մտահոգված է Ադրբեջանի տարածքային ամբողջականությամբ: Զավեշտ է, բայց փաստ:

Չնայած 1994 թվականին հաստատված զինադադարին՝ Ադրբեջանը պարբերաբար գնդակոծել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի, այլ նաև Հայաստանի սահմանամերձ շրջանները: Սակայն վերջին երկու տարիներին, Ադրբեջանի սադրիչ գործողությունները արձանագրել են լարվածության աննախադեպ աճ: Ավելին՝ այսօր Ադրբեջանը ձեռնամուխ է եղել խոշոր տրամաչափի զենքերից հրետակոծությանը, որին զոհ է գնում խաղաղ բնակչությունը: Չեմ կարող թաքցնել, որ սահմանին թույլ արտահայտված պատերազմ է ընթանում. դա բոլորդ եք տեսնում։

Մի փոքր շեղվելով՝ ուզում եմ նկատել, որ այս տարի՝ 2րդ աշխարհամարտի ավարտի 70 ամյակի համատեքստում շատ են քննարկումները այդ և անցյալ դարի այլ պատերազմների պատճառների շուրջ: Եվ այդ պատճառների շարքում առաջնայնորեն խոսվում է պետական մակարդակով սեփական ժողովրդի գիտակցության մեջ այլ ազգի հանդեպ ատելության սերմանման, պատերազմ սկսելու անհրաժեշտության, սպառազինությունների մրցավազքի հրահրման մասին։ Ադրբեջանի քաղաքականությանը ծանոթ ցանկացած մեկը կհաստատի, որ այսօր հենց նման տարրերի վրա է հիմնվում Ադրբեջանի քարոզչությունը։ Կարծում եմ՝ շատերիդ է հայտնի Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարությունը, թե «Ադրբեջանի թիվ մեկ թշնամին աշխարհի հայերն են»: Եվ սա հայտարարում է երկրի ղեկավար, ոչ թե, ասենք, ընդդիմադիր գործիչ, ոչ թե խորհրդարանական, այլ ոչ ավել ոչ պակաս՝ երկրի նախագահը: Հենց նման հայտարարություններն են ծնում ռամիլսաֆարովներ, որոնք հերոսացվում են սեփական երկրում քնած հայ սպային կացնահարելու համար։
 
Մենք իսկապես չունենք թշնամի պետություններ, առավել ևս՝ թշնամի ժողովուրդներ։ Ադրբեջանն էլ բացառություն չէ։ Մենք ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չենք տեսնում, քանի որ ինձ համար թանկ է յուրաքանչյուր զինվորի կյանքը։ Եվ ոչ միայն հայ զինվորի... Ընդհանրապես ինձ համար թանկ է ցանկացած մարդկային կյանք:

Անշուշտ, այս հիմնահարցը ծառայեցվում է նաև ադրբեջանական իշխանությունների ներքաղաքական շահերին․ նախ Ադրբեջանի վարչակազմը խնդիր ունի արդարացնելու սեփական ռեժիմը, ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, երկրում տիրող՝ մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը: Բացի դրանից՝ նավթի գների անկմամբ և ադրբեջանական մանաթի արժեզրկմամբ, ավելի են սրվել երկրում սոցիալական խնդիրները և Ադրբեջանի ղեկավարության համար ստեղծված իրավիճակի ամենահեշտ բացատրությունը թշնամու գոյությունն է: Կարծում եմ՝ ինքնին խոսուն է Եվրոպական խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին ընդունված բանաձևում տեղ գտած այն գնահատականը, որ Ադրբեջանը վերջին տասը տարվա ընթացքում Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ամենամեծ անկում արձանագրած երկիրն է։ Ի դեպ՝ Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև ԺՀՄԻԳը հրաժարվել են անգամ դիտորդներ ուղարկել Ադրբեջան գալիք նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ գտնելով, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար այլևս չկան նախադրյալներ։

Այժմ, ուզում եմ հարց ուղղել ձեզ: Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որն ավելի քան 20 տարի ընթանում է ժողովրդավարության ուղիով, կարող է ապրել ավտորիտարիզմից դեպի բռնապետություն հաստատուն քայլերով ընթացող Ադրբեջանի կազմում։ Մի՞թե Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որ արյան գնով տեր է եղել իր ֆիզիկական գոյության իրավունքին, կարող է նորից հայտնվել Ադրբեջանի կազմում. երկիր, որտեղ ատում են հայերին, որտեղ հայի արյուն թափողը հերոս է և ոչ մարդասպան։

Ես շատ կցանկանայի, որ Ադրբեջանը Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ոչ թե ամենամեծ անկում, այլ վերելք արձանագրած երկիրը լիներ։ Այդ դեպքում, վստահ եմ, մենք կկարողանայինք գտնել այս հիմնահարցի լուծման բանալին և զերծ կպահեինք մեր տարածաշրջանը ևս մի կործանարար պատերազմից»։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին