▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վտանգավոր է.Փաստաբաններն ահազանգում են

52 փաստաբաններից կազմված մասնագիտական խումբն ավարտել է նոր Սահմանադրության նախագծի ուսումնասիրությունը:

Ընդհանուր եզրահանգումն այն է, որ նոր Սահմանադրությունը շատ վտանգավոր դրույթներ է պարունակում:

«Հայաստանում նոր Սահմանդրության անհրաժեշտություն չկար, ուստի խումբը կարծում է, որ այս ամենը միտված է կառավարման համակարգին, և գաղտնիք չէ, որ խոսքը կայուն մեծամասնություն ունեցող խորհրդարանական կառավարման համակարգի մասին է: Եվ, հնարավոր է, որ Հայաստանը գնա միակուսակցական կառավարման, ինչը կարող է կործանարար լինել Հայաստանի համար»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:

Նրա խոսքով՝ մտահոգիչ են Մարդու իրավունքներին վերաբերող կետերը.

«Չկա մի նորմ, որը համեմատած գործող Սահմանադրությանը՝ նոր առաջընթաց է գրանցել»,-նկատեց փաստաբանը:

Փաստաբան Լուսինե Սահակյանն էլ նշեց, որ այս նոր Սահմանադրության մեջ չտեսան, թե ինչն է բարեփոխվել:

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ ասաց, որ լինելով իրավաբան՝ իրենց էր դժվար հասկանալ, թե ինչը փոխվեց, ինչը՝ ոչ, ուր մնաց ԱԺ պատգամավորները հասկանային.

«Լուրջ կասկածներ ունեմ, թե իրենք գիտեին՝ որի համար են քվեարկում»:

Երվանդ Վարոսյանի կարծիքով՝ հատկապես վտանգավոր է կառավարման համակարգի փոփոխությունը.

«Մեր երկրի համար սա հատկապես վտանգավոր կարող է լինել: Բոլորիս է հայտնի, որ մեր երկրում կայացած չէ կուսակցական համակարգը, կուսակցությունները կախված են մեկ մարդուց, այս պայմաններում նրանց վստահել երկրի կառավարման ղեկը, մենք կարծում ենք, որ սխալ է»:

Նրա կարծիքով՝ Սահմանադրության փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովը կոպիտ սխալ է թույլ տվել.

«Հիշում ենք, որ Սերժ Սարգսյանը Հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ ասաց, որ պետք է իրականացվեն փոփոխություններ գործող Սահմանադրությունում, սակայն իրականում տեղի ունեցավ նոր Սահմանադրության նախագծի մշակում: Սա նշանակում է, որ Հանձնաժողովը դուրս է եկել իրեն տրված գործառույթների շրջանակից»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին