▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության մամլո ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում ներկայացված է կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ:

Հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև. 
«Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, 2013թ. նախագահական ընտրություններում փաստացի և՝ իրավամբ նախագահ ընտրված Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը պաշտոնական իր ձայնն ավելացրեց չընտրված թեկնածուի առաջարկած նոր Սահմանադրության դեմ արտահայտվող միլիոնավոր հայաստանցիների եւ հայերի համաժողովրդական վերաբերմունքին:

Դատապարտելով մեր ժողովրդին և նրա արժանապատվությանն ուղղված` Մայր օրենքի այս մարտնչող հեգնանքն ու կամայականությունը, ինչպես նաև հավատ տածելով «Միացյալ օրակարգ-միացյալ հրապարակ» հրամայական բանաձեւի հանդեպ, Հովհաննիսյանն իր հիմնադրած բոլոր հանրակարգերի միջոցները դրեց ազատ, ինքնիշխան և սահմանադրական Հայաստանի կերտմանը նվիրված ուժերի, առաջին հերթին` «Նոր Հայաստան» փրկության ճակատի, ապաեւ «Չեք անցկացնի» երիտասարդական նախաձեռնության տրամադրության տակ:

«Միմիայն միավորված ուժերով եւ անշահախնդիր, հետեւողական պայքարով կարելի է ըստ էության մերժել Հայաստանի Հանրապետության դեմ գուբերնիա-կուսակցապետություն սարքելու սույն ապօրինի, ինքնահավան և փակ-բաժնետիրական բնույթի ձեռնարկը: Դեկտեմբերի 6-ը պետք է դառնա  Նոր Հայաստանի կերտման վճռորոշ հանգրվան», - ասաց Հովհաննիսյանը:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ թողեց հետգրություն. «Վարդան ջան (թերեւս նկատի ունի Սահմանադրական փոփոխությունների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանին-խմբ.), մասնագիտական տեքստը հրաշալի կարող է լինել, բայց խիստ ցավոք, քաղաքական նպատակը ստոր է ու իշխանապաշտ և ոչ ամենեւին՝ քո բարձր պարկեշտությանը հարիր: Կներեք»:

Հիշեցնենք, որ երեկ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել՝ սահմանադրական հանրաքվե նշանակելով դեկտեմբերի 6-ին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին