▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գործող Սահմանադրությունը չի խանգարում հանցագործի թաթը բռնել ու հանել պետական գանձարանից.Տիգրան Ուրիխանյան

«Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը չի հավատում, որ  Սահմանադրության փոփոխությամբ  երկրի վիճակը կփոխվի: Նրա կարծիքով գործող Սահմանադրությունն էլ չէր խանգարում դրական քայլեր կատարել.

«Գործող Սահմանադրությունը ոչ մի կերպ չի խանգարում՝ վերացնել մենաշնորհը: Այն չունի որևէ արգելք՝ բացառելու հանցագործներին պետական պաշտոնների նշանակելը, գործող Սահմանադրությունը չէ, որ վատնում է մեր քաղաքացիների ծակ գրպանից գոյացող պետական բյուջեի միջոցները: Գործող Սահմանադրությունը չի խանգարում հանցագործի թաթը բռնել ու հանել պետական գանձարանից, պատժել նրան: Ավելին, նման փոփոխություն նախաձեռնելու համար լուրջ բարոյական իրավունք է պետք ունենալ, որը պետք է ձեռք բերվեր մարդու կյանքի որակի փոփոխությամբ, արդյունավետ կառավարում իրականացնելով: Ես այն մարդկանցից եմ, ովքեր սահմանադրական փոփոխություններին հակադրում են սոցիալական ծայրահեղ վիճակում (18.6 տոկոսանոց գործազրկություն,արտագաղթ և այլն) անհրաժեշտ փոփոխությունների անհրաժեշտությունը: Այսինքն, ոչ թե սահմանադրական փոփոխություններ անելու ժամանակն էր, այլ սոցիալական և տնտեսական վիճակի բարելավումն էր, որն ավելի հրատապ էր»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով սահմանադրական փոփոխությունների մասին՝ ասաց «Ալյանս» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

Անդրադառնալով  «Ոչ»-ի կողմնակից քաղաքական ուժերին՝ պատգամավորը կարևորեց նրանց  աջակցելը.

«Այս գործընթացը սկիզբ է դնելու ՀՀ-ում իրական, ժողովրդի հրամայականով կազմավորված ընդդիմադիր ուժի»,-նշեց Տիգրան Ուրիխանյանը:

Ինչ վերաբերում է հանրաքվեին մասնակցելուն, պատգամավորը հորդորեց անպայման ներկա լինել.

«Գումար տան, թե չտան, խնդրեն, թե չխնդրեն, պարտադրեն, թե ոչ, քվեախուց մտնելիս ու վարագույրը քաշելիս ավարտվում է վերահսկողության որևէ հնարավորություն: Չի կարող որևէ մեկը հսկել և տեղեկանալ մարդու քվեարկության արդյունքի մասին»,-նկատեց «Ալյանս» կուսակցության նախագահը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին