▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինքնաթիռը խոցելու հրահանգն անձամբ ես եմ տվել. Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն «Արդարություն և զարգացում» կուսակցության նիստի ընթացքում անդրադարձել է թուրքական կործանիչների կողմից ռուսական ռազմական Սու-24 ինքնաթիռի խոցման դեպքին՝ հայտարարելով, որ այն խոցելու հրամանն ինքն անձամբ է տվել։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler կայքը: Դավութօղլուն պնդել է, որ ինքնաթիռը հատել է Թուրքիայի սահմանը, ինչից հետո թուրքական օդուժին պատկանող F-16 կործանիչը խոցել է այն: Նա հայտարարել է, որ դրանից առաջ բազմաթիվ նախազգուշացումներ են արվել ռուսական օդուժին:

«Մեր ժողովների ընթացքում ես անձամբ եմ ինքնաթիռը խոցելու հրահանգ տվել»,-հայտարարել  է Դավութօղլուն:

Նա հայտարարել է, որ ինքնաթիռը խփվել է Թուրքիայի տարածքում, անգամ դրա բեկորներից Թուրքիայի երկու քաղաքացիներ են վիրավորվել:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե իրենք տեղյակ չեն եղել, որ ինքնաթիռը ռուսական է, և այդ մասին տեղեկացել են միայն ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարությունից:

«Այդ դեպքից հետո մենք մտադիր չենք ՌԴ-ի հետ խզել կապերը, խնդիրներ ունենալ: Ռուսաստանը մեր բարեկամն է, հարևանը: Մեծ պետությունների հարաբերությունները չեն կարող զոհաբերվել պատահարների պատճառով: Ռուսաստանը մեր կարևոր գործընկերն է և վերջին 13 տարում դարձել է այն երկրներից մեկը, որի հետ հարաբերությունները շատ ենք կարևորում»,-ասել է Դավութօղլուն։

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ թուրք-սիրիական սահմանին  կործանվել է ռուսական ավիախմբի կազմում ընդգրկված Սու-24 ռազմական ինքնաթիռը։

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ թուրք զինծառայողներն են կործանել թուրք-սիրիական սահմանին ռուսական Սու-24 ինքնաթիռը, իսկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտարարել է, որ իրենց կորուստն ահաբեկիչների համախոհների կողմից թիկունքից հասցված հարված էր իրենց համար:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին