▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե երկրի նախագահը բարի մարդ լինի, ինչպես Ձմեռ պապը...

Սահմանադրական հանրաքվեին հաշված օրեր են մնացել, իսկ մինչ այդ՝ Այո-ի և Ոչ-ի կողմնակիցները շարունակում են իրենց կարծիքները հայտնել: ՀՀԿ խմբակցությունից Լևոն Մարտիրոսյանի կարծիքով բովանդակային քննարկում այդպես էլ չստացվեց.

«Շատերն ասում են՝ քանի որ նախաձեռնողը ներկայիս իշխանությունն է, ուրեմն դա վատ է, չար նպատակ են հետապնդում: Իսկ ես կարծում եմ, որ այո պետք է ասել մի քանի պատճառներով: Սա իսկապես առաջադիմական փոփոխությունների փաթեթ է և ոչ ասելով կամա թե ակամա կողմ ենք քվեարկում գործող Սահմանադրությանը: Սա ավելի ճիշտ՝ կամ-կամ-ի քարոզարշավ է: Կամ նոր Սահմանադրությունն է ընդունվելու, կամ մնալու է գործողը: Ընդդիմությանը խորհրդարանում տրվում են աննախադեպ լիազորություններ, որոնց մասին այս պահին նույնիսկ ծիծաղելի կլինի խոսել: Ընդդիմությունը ԱԺ-ում բացի խոսելուց ոչ մի դերակատարում չունի»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լևոն Մարտիրոսյանը:

«Այն, ինչ ասում եք՝տեսանելի չէ: Տեսանելին այն է, որ ժողովրդին թույլ են տալիս մեկ մարմին ձևավորել: Խորհրդարանական այլ երկրներում այդպես չէ: Նույն ձևով շատ հաջող արտագրեցինք ֆրանսիական սահմանադրությունը, բայց այնքանով, որքանով մեզ պետք էր: Անունը դրեցինք, որ ֆրանսիական մոդելին ենք հետևել, բայց տեսանք, որ ասիականն էր: Հիմա էլ պարզվելու է՝ ոչ թե Իտալիա ու Գերմանիա ենք դառնալու, այլ , ինչպես շատերն են ասում՝ կուսակցապետություն:  Ի՞նչ կապ ունի, ուժի կենտրոնը մնում է Բաղրամյան 26-ը, թե Բաղրամյան 19-ը կամ Մելիք Ադամյանը: Ինչ տարբերություն, թե աթոռը որտեղ կլինի, միևնույն է՝ այդ աթոռն է ամեն ինչ որոշում: Թե նախագահական, թե՛խորհրդարանական համակարգերում չկա իշխանության տարանջատման սկզբունքը»,-նկատեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է հասարակության կողմից իշխանության հանդեպ անվստահությանը, Լևոն Մարտիրոսյանը նշեց.

«Մենք ցածր վստահությամբ հասարակություն ենք եղել ու կլինենք տեսանելի ապագայում: Հասարկությունը չի վստահում իշխանություններին, ընդդիմությանը»: 

Խոսելով 3 նախագահներից դժգոհելու մասին, Ստեփան Սաֆարյանը նկատեց.

«Եթե երկրի նախագահը բարի մարդ լինի, ինչպես Ձմեռ պապը, այդ դեպքում Սահմանադրության կարիք չի լինի»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին