▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կազմվել է Թուրքիայի քրիստոնեական ժառանգության քարտեզը

Հրանտ Դինք հիմնադրամը «Անատոլիական մշակութային ժառանգություն» նախագծի շրջանակներում հայերի, հույների ասորիների և հրեաների կողմից կառուցված եկեղեցիների, սինագոգների, վանքերի, դպրոցների, հիվանդանոցների ու գերեզմանատների գույքագրում է անցկացրել: Մոտ 2.5 տարի տևած աշխատանքների արդյունքում ցուցակագրվել է 10 հազարի չափ կառույց, որոնցից 4.600 հայկական է, 4100-ը` հունական, 650-ը` ասորական, 300-ը` հրեական: Հիմնադրամը այս բոլոր կառույցները ներառող ինտերակտիվ քարտեզ է կազմել, որը կարելի է տեսնել turkiyekulturvarliklari.com կայքում:

Աշխատանքներն իրականացրել են հետազոտողներ Վահագն Քեշիշյանը, Նորա և Զաքարիա Միլդանօղլուները, Նորայր Օլգարը, Մուստաֆա Բաթմանը, Էզգի Դենիզ Բերքը, Մերվե Քուրթը, Թունա Բաշըբեքը և այլոք: Հետազոտողները կանգուն մնացած կառույցներից բացի, ողջ Անատոլիայի համար կազմել են նաև քանդված, ավերված, չպահպանվող, որպես պահեստ ու ախոռ օգտագործվող կամ մզկիթի վերածված կառույցների ցուցակ: Նախագծին աջակցություն են ցուցաբերել Թուրքիայի Եվրամիության հարցերով նախարարությունը, «Բաց հասարակություն» և «Chrest» հիմնադրամները: Թուրքիայում հրատարակվող հայկական «Ակոս» թերթին աշխատանքի վերաբերյալ մանրամասներ են պատմել նախագծի մասնակիցները: Վերջիններս նշել են, որ սա իր բնույթով եզակի աշխատանք է, քանի որ մինչև օրս Թուրքիայի քրիստոնեկան կառույցների վերաբերյալ նմանատիպ համապարփակ ուսումնասիրություն չէր կատարվել:

Հեղինակները նշել են, որ լայնորեն օգտվել են եկեղեցական մատյաններից և բոլոր այն աղբյուրներից, որոնք այս կամ այն կերպ առնչվել են խնդրո առարկա կառույցների հետ: Ուսումնասիրություններ կատարելու հնարավորություն են ունեցել նաև Թուրքիայի կառավարության ենթակայության տակ գտնվող Օսմանյան արխիվներում: Հեղինակները նշել են, որ աշխատանքների ժամանակ ամենամեծ դժվարությունը ստեղծել է Թուրքիայի բնակավայրերի անունները, որոնց հանրապետական շրջանում համատարած նոր անուններ են տրվել: Նախաձեռնության մասնակիցները տեղեկացրել են, որ աշխատանքներն այսքանով չեն ավարտվելու, քանի որ 2-րդ փուլուվ նախատեսում են մեկնել Թուրքիայի տարբեր շրջաններ և մեկ-մեկ ստուգել բոլոր այն կառույցները կառույցները, որոնց մասին տեղեկություններ են հավաքագրել:

Աղբյուր` Ermenihaber

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին