▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միացյալ Նահանգները շարունակում է ոչնչացնել «Դաեշ»-ի ահաբեկիչներին

Միացյալ Նահանգները զգալի հաջողությունների է հասել «Դաեշ»-ի ահաբեկիչների դեմ պայքարում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրին.

«Այս պահին կարող եմ ասել, որ մենք ազատագրել եւ խաղաղ բնակիչներին ենք վերադարձրել «Դաեշ»-ի կողմից Իրաքում զբաղեցրած տարածքների 44 եւ Սիրիայում զբաղեցրած տարածքների 17 տոկոսը: Դա դանդաղ, բայց հաստատուն առաջընթաց է»:

Քերրիի խոսքով, «Դաեշ»-ի դեմ պայքարում Միացյալ Նահանգները գործում է բոլոր ուղղություններով,լուրջ աջակցություն ցուցաբերում ահաբեկիչների դեմ պայքարող Իրաքի զորքերին եւ քուրդ զինյալներին, թիրախավորված ոչնչացնում ահաբեկիչների ղեկավարներին, նվազեցնում արտերկրից նոր ահաբեկիչների եւ ֆինանսական միջոցների հոսքը, ինչպես նաեւ՝ աշխատում երիտասարդների հետ:

«Մենք պայքարում ենք, որպեսզի թույլ չտանք թունավորել երիտասարդներին ահաբեկչական գաղափարախոսությամբ, այնպես որ, մենք մի շարք առցանց նախաձեռնություններ ենք մշակել սոցիալական ցանցերում, որպեսզի մեր ձայնը լսելի դարձնենք երիտասարդներին եւ հակազդենք «Դաեշ»-ի քարոզներին», - նշել է Քերրին:

Միեւնույն ժամանակ, պետքարտուղարը հիշեցրել է, որ Իրաքի իշխանությունների կողմից նույնպես համապատասխան քայլեր են անհրաժեշտ՝ քաղաքացիների կյանքը բարելավելու համար.

«Մինչեւ մարդկանց թույլ չտրվի ազատ խոսել, մինչեւ նրանց ձայները լսելի չլինեն, շատ բարդ կլինի միասնական ջանքերով պայքարել բռնի ծայրահեղականության դեմ»:

Հատկանշական է, որ այս շաբաթ իր ելույթում ԱՄՆ-ի նախագահի Հանրապետական կուսակցության հավակնորդ Դոնալդ Թրամփը քննադատության է ենթարկել Մերձավոր Արեւելքում ժողովրդավարության զարգացմանն ուղղված Սպիտակ տան քաղաքականությունը:

«Մենք ոչնչացրեցինք նրանց մոտ եղած կառույցները, հետո էլ զարմանում ենք, որ նրանք ծայրահեղական դարձան, քաղաքացիական պատերազմ սկսվեց, կրոնական մոլեռանդություն, հազարավոր ամերիկացիներ սպանվեցին. կյանքեր, կյանքեր, կյանքեր, որոնք մենք սարսափելի կերպով վատնեցինք», - ասել է Թրամփը:

Դոնալդ Թրամփի կարծիքով, չկա կարիք, որ Միացյալ Նահանգներն օգնի Մերձավոր Արեւելքի երկրներին՝ արեւմտյան տեսակի ժողովրդավարություն ստեղծել:

Ամերիկայի ձայն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին