▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ադրբեջանը գործում է ոչ թե ԴԱԻՇԻ, այլ իր՝ Բաքվի ոճով. Էդվարդ Նալբանդյան

 

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյան‬ի խոսքը Պրահայում Արևելյան գործընկերության և Վիշեգրադյան քառյակի ԱԳ նախարարների համատեղ մամլո ասուլիսին

Հարց. Ես ներկայացնում եմ Պրահայում տեղակայված չեխահայ «Օրեր» պարբերականը: Եվ իմ հարցը հասցեագրված է Վ4 երկրների արտաքին գործերի նախարարներին: Իրականում, այժմ Կովկասում շատ լարված իրադրություն է տիրում. ես քաղաքականապես կոռեկտ չեմ լինի, իմ հարցը կլինի բավականին հստակ, քանի որ Ադրբեջանի զինվորները մեկ ամիս առաջ տեղի ունեցած քառօրյա պատերազմի ժամանակ ցուցադրաբար գլխատել են Լեռնային Ղարաբաղի ՊԲ զինվորի, այնուհետև այդ անդամահատված գլուխը ձեռքին նկարահանվել վիդեո և տեսա խցիկների առջև: Միայն մի քանի օր առաջ Ադրբեջանի նախագահը բարձրագույն պարգևի է արժանացրել պատերազմի այդ հանցագործին այնպես, ինչպես ժամանակին պարգևատրել էր ադրբեջանցի մարդասպանի, ով, ինչպես գիտեք, Բաքու էր արտահանձնվել Հունգարիայից: Ցանկանում եմ իմանալ, թե ինչու քաղաքական գնահատական չեք տալիս և զինվորի, և նախագահի, և հենց երկրի այս ԴԱԻՇ-ԻԼԻՊ ոճի վարքագծին: Շնորհակալություն:

Էդվարդ Նալբանդյան (Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի խոսքից հետո). Բավականին երկար դասախոսություն էր, սակայն չտրվեց շատ ուղիղ և հստակ ձեւակերպված հարցի պատասխանը: Որովհետև ես համաձայն եմ, որ արդեն բանը բանից անցել է՝ մարդասպաններին Ադրբեջանի ազգային հերոսներ հռչակել: Դա արվեց Ռամիլ Սաֆարովի դեպքում և հիմա, դուք տեղյակ եք բոլոր բռնություններին, նրանց, որոնք իրականացվել են Արցախի դեմ լայնածավալ, բավականին լավ ծրագրված և կազմակերպված ագրեսիվ ռազմական գործողությունների ընթացքում ԴԱԻՇ-ի ոճով: Միգուցե ոչ ԴԱԻՇ-ի ոճով, այլ՝ Բաքվի ոճով, որովհետև դրանից առաջ Սաֆարովի դեպքն էր: Երեք պատանդ հայ զինվորներ գլխատվել են, և նրանց գլուխները ցուցադրվել են Ադրբեջանի գյուղերում և քաղաքներում: Եվ մարդասպաններից մեկը ընդամենը երկու օր առաջ ազգային հերոս հռչակվեց Ադրբեջանի նախագահի կողմից:

Ես չեմ անդրադառնա այս հիմնահարցի ակունքներին, սակայն շատ լավ հայտնի է, որ հակամարտությունը առաջացել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով՝ տխրահռչակ ահաբեկչական կազմակերպությունների հետ սերտորեն կապված վարձկանների ներգրավմամբ: Ադրբեջանի ԱԳ նախարարը վկայակոչեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը: Ինչու՞ չորս: Որովհետև յուրաքանչյուր բանաձևի ընդունումից հետո Ադրբեջանը հրաժարվում էր դրանք հարգել: Եվ չորս բանաձևերը ընդունվել էին մեկ նպատակով՝ դադարեցնելու ռազմական գործողությունները: Ադրբեջանը չէր հարգում դրանք: Առ այսօր՝ Ադրբեջանի, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի կողմից 1994թ. զինադադարի եռակողմ անժամկետ համաձայնագրի ձեռքբերումից հետո, երեք համանախագահ պետությունները, իմիջիայլոց, սրանք բոլորի համար քաջածանոթ փաստեր են, ՄԱԿ ԱԽ մշտական անդամները երբեք չեն արել որևէ հղում ԱԽ այդ բանաձևերին: Որովհետև ԱԽ բանաձևերն ընդունվել են, ինչպես ասացի, զինադադարի հասնելու նպատակով: Եվ զինադադարը հաստատվեց 1994թ. մայիսին՝ վերոնշյալ եռակողմ համաձայնագրով, ապա վերահաստատվեց 1994թ. հուլիսին և հետո 1995թ. փետրվարին:

Իմիջիայլոց, այս գործողության ընթացքում՝ վերջին գործողության, ադրբեջանցի դիվանագետները փորձում էին այնպես ներկայացնել իրավիճակը, թե իբր նշված համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Վերբալ նոտա է ուղարկվել Վիեննա՝ ԵԱՀԿ քարտուղարություն՝ նշելով, թե տվյալ համաձայնագրերը կորցրել են իրենց ուժը: Իմ գործընկերը ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներին հայտնել է, թե Ադրբեջանի դեսպանը նման քայլ կատարելու ցուցում չուներ, դա իր միակողմանի, անձնական նախաձեռնությունն էր: Եվ քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, եռանախագահները ստիպված էին տարածել իրենց սեփական վերբալ նոտան՝ տեղեկացնելով, որ 1994 և 1995թթ. երեք համաձայնագրերը անժամկետ են, և նրանք պետք է հարգվեն և ամբողջովին կյանքի կոչվեն, իսկ 2016թ. ապրիլի 5-ին Մոսկվայում ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը նպատակ էր հետապնդում դադարեցնելու ռազմական գործողությունները, վերականգնելու 1994 և 1995թթ. զինադադարի համաձայնագրերը:

Այնուհետև Ադրբեջանի մեկ ուրիշ դիվանագետ մեկ այլ վերբալ նոտա տարածեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում: Կրկին իմ գործընկերը եռանախագահներին հայտնեց, թե դա եղել է առանց իր ցուցումների, դիվանագետը դա զուտ սեփական նախաձեռնությամբ էր իրականացրել և տարածել այդ նամակը: Բայց քանի որ վերբալ նոտան հետ չէր կանչվել, երեք համանախագահները, հիշեցնեմ, որ նրանք ՄԱԿ ԱԽ երեք մշտական անդամներ են՝ Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, ստիպված էին նախորդ շաբաթ օրը տարածել նամակ՝ հայտնելով, որ 1994 և 1995թթ. եռակողմ զինադադարի համաձայնագրերը պետք է հարգվեն լիարժեքորեն:

Ի՞նչ ունենք այսօր: Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի՝ ապրիլի սկզբի ագրեսիայի շատ բացասական հետևանքներ: Եվ մենք պետք է շարունակենք ջանքեր գործադրել եռանախագահների հետ միասին, որպեսզի վերականգնենք բանակցային մթնոլորտը և ապահովենք, երաշխավորենք, որ չի կրկնվի այն, ինչ տեղի ունեցավ ապրիլի սկզբին: Այդ նպատակով առաջին հերթին հարկավոր է կիրառել հրադադարի խախտումների քննության մեխանիզմ ստեղծելու մասին համանախագահների առաջարկը, որը մերժվել է Ադրբեջանի կողմից և ընդունվել Հայաստանի և Արցախի կողմից: Մեկ այլ առաջարկ ևս՝ տեղում մեծացնել, ընդլայնել, ամրապնդել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի և թիմի կարողությունները, այլ ոչ թե սահմանափակել այդ թիմի կարողությունները, ինչին ձգտում է Ադրբեջանը:

Սա այն է, ինչ ունենք, և Հայաստանը կշարունակի ջանքեր գործադրել եռանախագահ երկրների հետ միասին՝ գտնելու հակամարտության բացառապես խաղաղ, բանակցային լուծում:


ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին