▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երաշխիքներ` հրադադարի եռակողմ վերահաստատման համար

Երեւանի եւ Ստեփանակերտի պաշտոնական հայտարարությունները փոխլրացուցիչ են ըստ էության եւ նպատակաուղղված ձեւով նույն ճանապարհներն են անցնում։

Ամեն պատեհ առիթով հղում  է կատարվում 94-ի հրադադարին, ածանցելով այն ամրագրող եւ ապա վերահաստատող փաստաթղթերը: Պարզ է, որ այդ փաստաթղթերին հղում կատարելով հիշեցվում է աշխարհին, որ արցախյան պատերազմի հրադադարը կնքվել է նաեւ Ստեփանակերտի մասնակցությամբ եւ ստորագրությամբ:

Այս պայմաններում բանակցային գործընթացի վերաձեռնարկելը իրատեսական չնկատելը, եւ երեք կետերից նախապայման առաջ քշելը եւս անմիջական շարունակությունն են քաղաքական միեւնույն տրամաբանության: Ավելին, Երեւանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման նախապատրաստությունը գալիս է լրացնելու քաղաքական ընկալման եւ մոտեցման այս վարքագծի հաջորդող կարեւոր օղակները:

Կայծակնային պատերազմը,  երբ Ադրբեջանի հարձակողապաշտությամբ տեղի  է ունենում, երբ միջազգային ընտանիքի որոշած բանակցային ձեւաչափը մերժվում է Բաքվից կողմից, երբ պատերազմական օրենքների կոպիտ խախտումներ են արձանագրվում ադրբեջանական զորքերի կողմից, պարզ տրամաբանությամբ վերաբանակցելը անիմաստ է դառնում: Անիմաստ` այն առումով, որ մինչ երկխոսության վերաձեռնարկումը չեն ապահովվել այդ բոլոր դրսեւորումների կանխարգելման երաշխիքների մեխանիզմները:

Սա, իհարկե, այս պայմաններում բանակցություններ չվերսկսելու հայտարարված եւ համոզիչ պատճառներն են: Եւ որքան էլ մեր կառավարությունը նախապատրաստվում է Արցախի ճանաչման ընթացակարգին, չպետք է մոռանանք, որ կայծակնային պատերազմի օրերին ՀՀ նախագահի հանձնարարականով արտգործնախարարությունը պիտի լծվեր աշխատանքի՝ ՀՀ-ի եւ Արցախի միջեւ փոխօգնության ռազմական դաշինքի օրինագիծ մշակելու: Հիմա միանգամից անցումն ուղղակի ճանաչման մտածել է տալիս, որ սուր ուղերձներ փոխանցելու պահն է ոչ միայն  Բաքվին, այլ նաեւ միջազգային ընտանիքին եւ միջնորդական առաքելություն իրականացնողներին։

Այս բոլորը միջազգային լրատվադաշտում եւ միջազգային հանրային կարծիքի ճիշտ կողմնորոշման նպաստող հայտարարություններ են: Բնականաբար սրան զուգահեռ կա քաղաքական ծրագիր, որի վերջնականգառը գեթ այս պահին Ստեփանակերտի վերամիացումն է բանակցային գործընթացին:

Քաղաքական շախմատի խաղի քայլերը հետեւյալ միտումներն են նախանշում.

Գոյություն ունեցող միակ գրավոր, պաշտոնական եւ իրավական նշանակություն ունեցող հրադադարի համաձայնագրին առկա էր Ստեփանակերտը: Իրողապես այդ հրադադարը չեղարկելու անընդմեջ փորձեր է կատարում Բաքուն: Այդ հրադադարը վերահաստատելու գրավոր հանձնառություն է պետք է. եռակողմ հրադադարը պետք է վերահաստատվի դարձյալ եռակողմ:

Այս հանգրվանին բանակցությունները միակ առաջադրանք կարող են  ունենալ հրադադարի հաստատումը եւ շփման գծի կայունացումը: Բանակցություններ միջնորդների հետ նախ երաշխիքների ապահովման, պատասխանտվությունների հասցեականացման եւ ընդհանրապես ուժի կիրառման սկզբունքի բացառման հետ կապված խնդիրներին:

Այս պահին խոսքը 94-ի համաձայնագրի վերահաստատման բանակցությունների փուլի մասին է եւ ոչ թե մադրիդյան հին թե նորացված կամ կազանյան փաստաթղթերի ճշտած բովանդակային կետերի:

Նախապատրաստական բանակցությունները կարող են ընթանալ Երեւան-միջազգային ընտանիքի տարբեր կառույցներ ձեւաչափերով. հրադադարի վերաամրագրումը սակայն անպայման պետք է ներառի այդ օրվա հետեւողությամբ երեք կողմերի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ստորագրությունները:

Հրադադարի համաձայնագրի վերահաստատումը արդեն Ստեփանակերտին կվերադարձնի բանակցային գործընթաց: Դրանից հետո ուղղակի մասնակցելու համար «մեծ քաղաքական համաձայնության» համար տարվելիք բանակցություններին, որոնք նախաճշտված էին հրադադարի առնչված եւ դարձյալ Ստեփանակերտը ներառած պայմանաւորվածությունը վերահաստատող երկրորդ փաստաթղթով:

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին