▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանն այսքան զենք գնած չէր լինի

ՀՀ կառավարությունն իր երեկվա  նիստում հաստատել է ԱԺ երկու պատգամավորի «Արցախի Հանարապետությունը ճանաչելու մասին» օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը, որտեղ հստակ ասված է, որ ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը կպայմանավորի Հայաստանի և Արցախի միջև քննար­կում­ների արդյունքներով՝հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաև արտաքին գործոնները։ Հետևաբար, այս փուլում Արցախի անկախության ճանաչման մասին օրինագծին ՀՀ կառավարությունը հավանություն չի տվել։

ՀՀԿ պատգամավոր Խոսրով Հարությունյանի փոխանցմամբ՝ այլն բան է, եթե Կառավարությունը ստիպված օրենքով սահմանված կարգով անդրադառնում է պատգամավորների նախաձեռնությանը և ձևավորում իր վերաբերմունքը, այլ է, եթե օրակարգում դրվում է Լեռնային Ղարաբաղի ճանաչման հարցը.

«Կառավարությունը նշել է, որ համաձայն է ԱԳՆ եզրակացության հետ, այն է, թե Արցախի ճանաչման խնդիրը Հայաստան-Արցախ բանակցության արդյունք կարող է լինել՝ հաշվի առնելով իրադարձությունների զարգացումներն ու արտաքին գործոնները: Այս պահի դրությամբ ԼՂՀ ճանաչման խնդիրը օրակարգում չկա, որովհետև քանի դեռ խոսում ենք բանակցային գործընթացի շարունակության մասին, մենք չենք կարող մի քայլ կատարել, որը անիմաստ կդարձնի բանակցային գործընթացը: Սա գործընթաց է, որը ցանկացած պահի կարող է տեղի ունենալ: Կառավարության դիրքորոշումը սա է: Իսկ, եթե ավել շուտ ճանաչեինք, ապա բանակցային գործընթացը մեր պատճառով չէր շարունակվելու, միջազգային հանրությունը մեզ էր մեղադրելու ու ասելու էր, որ մենք սադրեցինք ու եղանք այս պատերազմական վիճակի պատճառը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ-ական պատգամավորը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով էլ՝  եթե մենք տարիներ առաջ ճանաչեինք Արցախի անկախությունը, ապա Ադրբեջանն այսքան զենք գնած չէր լինի, պատերազմական նման գործողություններ տեղի չէին ունենա.

«Կարծում եմ, որ այս պահին ճանաչման գործընթաց չի լինի: Այն ճիշտ կանեն օրակարգում ներառեն, հետո, կարծում եմ՝ նախագահի կողմից ճանաչման մասին հայտարարություն կլինի»,-ասաց  Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահի կարծիքով՝ հիմնավորապես ապացուցվեց այն փաստը, որ Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու խնդիրը կապ չունի Արցախի ճանաչման հետ.

«Պատերազմական գործողությունների կանխման միայն մեկ ճանապարհ գոյություն ունի,  դա ուժերի հավասարակշռությունը պահպանելն է: Այսինքն, համապատասխան աստիճանի սպառազինություն պետք է ունենանք»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին