▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կոնգրեսական. «Եթե Սավչենկոյի փոխանակումը համաձայնեցված է, ապա դա Եվրամիության կողմից վախկոտ քայլ է»

Ուկրաինայի հերոս, Գերագույն ռադայի պատգամավոր Նադեժդա Սավչենկոյի ազատ արձակման փաստն առաջ է բերում հետևյալ հարցերը, թե արդյո՞ք Եվրոպան կթուլացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները կամ, արդյո՞ք Սավչենկոյի քաղաքական գործունեությունը Ուկրաինայում կարող է է՛լ ավելի խորացնել հակառուսական տրամադրությունները:

Ռուսաստանում 22 տարի ազատազրկման դատապարտված Նադեժդա Սավչենկոյի վերադարձը հայրենիք շատ վերլուծաբաններ կապում են Եվրոպայի և Ռուսաստանի միջև համաձայնության հետ: «Ամերիկայի Ձայն»-ի հետ հարցազրույցում ԱՄՆ-ի սենատոր Ջոն Մըքեյնը հայտնել է իր տեսանկյունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների թուլացման հարցում:

«Սավչենկոյի դիմաց Ուկրաինան ազատ է արձակել ռուս երկու բանտարկյալների: Առաջին հերթին սա բանտարկյալների փոխանակում էր, և երկրորդը՝ Սավչենկոն ամենավերջին մարդն է, ով կցանկանար, որ իր ազատ արձակվելու գինը Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցների թուլացումը լիներ: Պատժամիջոցները պետք է լինեն ուղղակիորեն Ռուսաստանի գործողությունների հիման վրա: Միջազգային օրենքը խախտելով՝ Ռուսաստանը գրավել է Ղրիմը և մասնատում է Արևմտյան Ուկրաինան: Եթե սա համաձայնեցված է, ապա դա Եվրամիության կողմից վախկոտ քայլ է»:

Մայիսի 25-ին Կիևի Բորիսպոլի օդանավակայանից Սավչենկոն ուղևորվել էր Ուկրաինայի նախագահի նստավայր, որտեղ Պետրո Պորոշենկոն նրան հանձնել էր Ուկրաինայի հերոսի պարգևը: ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ Սանդեր Լեվինի խոսքերով, սա կարևոր իրադարձություն է ոչ միայն Սավչենկոյի, այլ նաև բոլոր ուկրաինացիների համար, քանի որ նա խորհրդանշում է խիզախություն և նվիրվածություն Ուկրաինայի ազատության և ժողովրդավարության հանդեպ:

«ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կապ կա և կարծում եմ, որ նրա քաջությունը և ազատ լինելու ձգտումը դրա մարմնավորումն են: Նա իր խիզախության և ժողովրդավարական հայացքների համար հիացմունքի է արժանի: Նա ցանկություն է հայտնել, որ իր ազատ արձակումը լինի ոչ միայն հույսի, ժողովրդավարության ընթացքի և հաղթանակի ուղերձ, այլ նաև ուղերձ Ռուսաստանի ժողովրդին, որպեսզի այնտեղ ոտքի կանգնեն: Կարծում եմ, դա այնքան շատ բան է ասում նրա ով լինելու մասին»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին