▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

էրդողանը ծանր վիճակում է հայտնվել

Օրերս թուրքական մամուլում Կրեմլի լրատվական ծառայությանը հղումով լուրեր էին տարածվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին նամակ հղելու մասին, որով Էրդողանը ափսոսանք էր հայտնել ռուսական ինքնաթիռի խոցման միջադեպի առիթով և իր ցավակցությունը հայտնել զոհված օդաչուի հարազատներին:

«Վերջին մի քանի օրվա մեջ տեղի ունեցածը համաշխարհային պատմության մեջ կանցնի որպես գլխավոր իրադարձություն: Թուրքիայի նախագահի ներողություն խնդրելը ՌԴ նախագահ Պուտինից և այս երկրի Արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Ֆերիդուն Սինիրլիօղլուի կողմից Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու մասին համաձայնագրի ստորագրումը ակնհայտ դարձրեց Թուրքիայի խայտառակ արտաքին քաղաքականությունը»,-այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:

Նրա կարծիքով՝ այս երկու իրադարձություններն էլ կապ ունեն իրար հետ.

«Ռուսաստանը գնաց  Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման այս քայլին՝ հակազդելու էներգետիկ նախագծերում իրեն արդեն հակառակորդ դարձած Իսրայելին: Գաղտնիք չէ, որ Թուրքիան փորձում է իր կախվածությունը թուլացնել Ռուսաստանից և երկար ժամանակ Իսրայելի հետ բանակցություններ էր վարում գազը Իսրայելից դեպի Եվրոպա տեղափոխելու համար:

Իսրայելն էլ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելով փորձում է Ռուսաստանին հեռու պահել Թուրքիայի վրա ազդեցությունից: Իսրայել-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հետևում կարելի է տեսնել ԱՄՆ-ին, որը ոչ ուղղակի, բայց փորձում է Թուրքիային պահել վերահսկողության ներքո: Այսինքն, Թուրքիան հայտնվել է այնպիսի իրավիճակում, որ արդեն իր համար կարևոր են թե՛ Ռուսաստանը, թե՛ Իսրայելը: Ընդունել է իր պարտությունն ու երկու երկրներից էլ կախման մեջ է գտնվում»,-նկատեց թուրքագետը:

Անդրադառնալով տարածված տեղեկությունում  Էրդողանի կողմից ներողություն բառը արտահայտելուն,(Հիշեցնենք, որ Կրեմլի կայքում հստակեցրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակից մեջբերումը: Անգլերեն թարգմանությունում նախ օգտագործվել է «I apologise to them» արտահայտությունը: Իսկ հիմա այն փոխել են «Excuse us»-ի) Անդրանիկ Իսպիրյանը նշեց.

«Կարևոր չէ, թե Թուրքիան ներողություն խնդրելիս ինչ բառ է գործածել: Թուրքերենում ներողություն հայցելու երկու ձև կա, մեկը ներող կլինեք, մյուսը՝ ներողություն: Էրդողանն ասել է, որ առաջին տարբերակն է գործածել:  Նա այս կերպ փորձում է հասարակությանը համոզել, որ այնքան էլ ներողություն չի խնդել»:

Խոսելով ընդդիմադիրների քննադատությունների մասին, թուրքագետը հայտնեց, որ Էրդողանն իր ասածների  լրիվ հակառակ քայլն է կատարել, դրա համար գլխավոր ընդդիմադիր ԺԴԿ-ն ասաց. «Էրդողա՛ն, դու նախկինում ասում էիր, որ ես իմ թքածը չեմ լիզի, հիմա լիզեցիր, դու պետք է պատասխան տաս թուրք հասարկության առջև՝ նրանց անունից ներողություն  խնդրելու համար: Եվ այս առումով էրդողանը բավական ծանր վիճակում է հայտնվել: Բայց, պետք է նկատել, որ Էրդողանն  այս կերպ փորձեց փրկել ներքաղաքական վիճակը, մնալ պաշտոնին ու Թուրքիան դուրս բերել մեկուսացումից»:

Անի Կարապետյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին