▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բանաձև՝ հայ ժողովրդի, Արցախի և ՀՀ անվտանգությանը սպառնացող իրողության վերաբերյալ

ԲԱՆԱՁԵՎ

Հայ ժողովրդի, Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ազգային անվտանգությանն սպառնացող իրողության վերաբերյալ

Հայ ժողովուրդը 20-րդ դարավերջին վերականգնելով իր անկախ պետականությունը հայրենի բնօրրանի շուրջ 10 տոկոս տարածքում` դեռ չի հաղթահարել անցումային ժամանակաշրջանին բնորոշ համակարգային և կերպարային փոփոխման առանձնահատկությունները:

Հայ ժողովրդի քաղաքական վերնախավը, անցումային ժամանակաշրջանին բնորոշ, չի ազատվել անցյալով պայմանավորված պարտադրանքներից և բարդույթներից: Եթե անկախության առաջին տարիներին հայկական քաղաքական վերնախավին ներկայացված պարտադրանքներին ենթարկվելը և բարդույթներով ղեկավարվելը կարող էին ունենալ նաև օբյեկտիվ հիմքեր, ապա հաջորդող առնվազն քսան տարիներին բոլոր տեսակի պարտադրանքներին ենթարկվելը և բարդույթներով ղեկավարվելը գնահատվում են որպես պետական դավաճանություն և վնասարարություն:

88 թվականին սկիզբ առած ղարաբաղյան շարժումը, իր ոգով և էությամբ լինելով հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի շարունակություն և Հայկական անկախ պետականության վերականգնման ու Միացյալ Հայաստանի համար մղվող պայքարի կարևորագույն փուլ, չարտացոլվեց Հայկական նորագույն պետականության` Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքական վերնախավի կողմից վարած քաղաքականությունում և ընդունված որոշումներում:

Հայաստանի Հանրապետությունն իր իրավասությունը չբանեցրեց` չճանաչեց Արցախի անկախ հանրապետությունը նրա տարածքային ամբողջականությամբ, չճանաչեց նորագույն Հայկական անկախ պետականության` Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ռազմաքաղաքական նշանակությունը որպես հայ ժողովրդի ազգային անվտանգության և զարգացման առաջնահերթ ու կարևոր պայման, ապա նաև` ազգային ազատագրական պայքարում և ապագաղութացման գործընթացում հայ ժողովրդին ցեղասպանությամբ պատճառված վնասների ու Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման կարևոր հիմք:

Հայաստանի Հանրապետությունն իր իրավասությունը չօգտագործեց` չճանաչեց քեմալա-բոլշևիկյան գործարքի ապօրինությունը, չչեղարկեց Մոսկվայի պայմանագրի այն դրույթները, որոնցով մեր Հայրենիքը նվիրաբերվել էր Թուրքիային, հետամուտ չեղավ Թուրքիայի կողմից Հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթման դատապարտմանը:

Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց իր ինքնիշխան իրավունքը և պարտականությունը` ազգային զինված ուժերի միջոցով պաշտպանելու իր սահմանները. իրեն պատկանող այդ իրավունքը և պարտականությունը նա թողեց ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի Դաշնությանը, իսկ Արցախյան սահմանը թույլ տվեց դարձնել առևտրի առարկա օտար զինված ուժերի ներգրավման համար:

Հայաստանի Հանրապետությունը չճանաչեց իր ինքնիշխան իրավունքը և պարտականությունը` օտարերկրյա ռազմական բազա թույլատրելով իր տարածքում` չստանալով նյութական շահ և ռազմական անվտանգության օգուտ:

Նորագույն հայկական անկախ պետականությունը` Արցախի և Հայաստանի Հանրապետությունները, հայ ժողովրդի ազգային անվտանգության ապահովման համար միասնական քաղաքական, տնտեսական և ռազմական հիմքեր ներառող հայեցակարգ չընդունեց:

Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի Հանրապետությունների դեմ ագրեսիայի հետևանքով սանձազերծված պատերազմում Հայկական զինված ուժերի հաղթանակը չվերածվեց Ադրբեջանի  կապիտուլյացիայի, այլ ստացավ 1994 թվականի զինադադարի փաստաթղթի տեսք, որով Արցախի ու Նախիջևանի ազատագրումը մնաց անավարտ:

Արցախի և Հայաստանի սահմանների պաշտպանության առաջնայնություններն ու նպատակները, մեկ միասնական  քաղաքական և ռազմական հայեցակարգի տեսքով, իրենց արդարացի ձևակերպումը 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի վրա որպես անվերապահ ճշմարտություն չկայացան: Արցախի Հանրապետությունը շարունակեց իր գոյությունը որպես Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետականություն, որի անունից Հայաստանի Հանրապետության իշխանությունները կարող էին հանդես գալ երկու Հայկական պետականությունների համար անթույլատրելի վտանգավոր դիրքերից` Արցախի Հանրապետությանը պատկանող տարածքները դիտարկելով որպես Ադրբեջանին զիջելու կամ Ադրբեջանի հետ մեկ ընդհանուր պետության կազմում լիելու հնարավորություն  և Արցախապատկան տարածքներում օտար զինված ուժերի տեղակայում:

Հայաստանի Հանրապետությունը 25 տարի հրաժարվեց անկախ պետականության ընձեռած հնարավորություններից: Նրա քաղաքական վերնախավի ներկայացուցիչները չվերափոխվեցին, չտրանսֆորմացվեցին և չդարձան որպես անկախ հայկական պետականության քաղաքական, տնտեսական և ռազմական գործոն ներկայացնող անձինք: Նրանք շարունակեցին մնալ ԽՍՀՄ-ին բնորոշ` նշանակված և ենթակա դերակատարներ:

Հայկական պետականության անկախության համար ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքական, տնտեսական և ռազմական ոլորտում երկկողմ դաշնային պայմանագրերի կնքումը Արցախի Հանրապետության հետ, որոնք պետք է հնարավորություն ստեղծեին նորագույն Հայկական պետականության անվտանգության և զարգացման համար, փոխարինվեցին գաղութատիրական պայմանագրերով (Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի մասին, Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մասին,  Ռուսաստանի Դաշնության կառավարմանը հանձնելու կամ վաճառելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի, կապի, տրանսպորտի` երկաթգծի, և գազամատակարարման մասին, ԵԱՏՄ անդամակցության մասին և այլն):

Գաղութատիրական պայմանագրերի առկայության և գործածման հետևանքով Արցախի և Հայաստանի Հանրապետությունները զրկվել են ինքնուրույն և ի շահ հայ ժողովրդի գործելու ճկուն հնարավորությունից, ինչը հանգեցրել է Հայկական անկախ պետականության խոցելիության:

Հայկական անկախ պետականության խոցելիությունը և սպառնալիքները բնութագրվում են ներքոշարադրյալով`

–Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականության չվերականգնումը:

–Արցախի Հանրապետության չճանաչումը Հայաստանի Հանրապետության կողմից:

– Արցախի Հանրապետության  և Հայաստանի Հանրապետության միջև  որպես մեկ քաղաքական միավորի` քաղաքական, ռազմական և տնտեսական  փաստաթղթերի բացակայությունը:

-Թուրքիայի Հանրապետության կողմից Հայաստանի տարածքների բռնազավթման դատապարտման բացակայությունը Հայաստանի Հանրապետության անունից:

– Նախիջևանի գաղութացման և հայաթափման, հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դատապարտման բացակայությունը Հայաստանի Հանրապետության անունից:

–Ռուսաստանի Դաշնության սահմանապահ զորքերի առկայությունը հայ-իրանական և հայ-թուրքական սահմանին:

–Ռուսաստանի Դաշնության ռազմակայանի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում:

-Տարածաշրջանային և միջազգային քաղաքական ու ռազմական իրադրություններում Հայկական պետականությունը Ռուսաստանի Դաշնության կողմից որպես հասանելի գործիք օգտագործելը:

–Արցախի և Հայաստանի Հանրապետությունների սահմանակից և տարածաշրջանային այլ պետություններում  (Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիա, Սիրիա, Ադրբեջան) ներքաղաքական միջավայրի ապակայունացման, ներքին բախումների  ու ռազմական գործողությունների հետևանքով հայ ժողովրդի և Հայկական անկախ պետականության համար ծագած սպառնալիքներին ինքնուրույն` ի շահ հայ ժողովրդի արագ և ճկուն դիրքորոշման ցուցաբերման ու համապատասխան  ներգրավվածություն ունենալու հնարավորության խոչընդոտները Ռուսաստանի Դաշնության կողմից:

–  Միջազգային անվտանգության համակարգում Ռուսաստանի Դաշնության անհամաձայնության, նրա կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների մերժման,  արևմտյան առաջատար   պետությունների դիրքորոշումների հետ բախման հետևանքով առկա  բաժանարար գծերի պայմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքական, տնտեսական և ռազմական մեկուսացումը հանգեցնում է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների քաղաքական, տնտեսական և ռազմական անուղղակի մեկուսացման, ինչի հետևանքները համարժեք են միջազգային պատժամիջոցների տակ գտնվող պետությանը պատճառած վնասներին:

–Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ռազմաքաղաքական դաշնակցային պարտավորությունների  բացարձակ անգործությունը, Ռուսաստանի Դաշնության կողմից ստանձնած պարտականությունների չկատարումը:

–Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը` Ադրբեջանին հարձակվողական սպառազինություն  (Սմերչեր, Սոլնցեպյոկեր և այլն) մատակարարման  շարունակելիությունը, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության բարեկամա-ռազմավարական հարաբերությունների նշանակությունը Ռուսաստանի Դաշնության համար:

–Հայաստանի Հանրապետության տնտեսական, տրանսպորտային և հաղորդակցային մեկուսացումը և մեկուսացման շարունակության փորձերը, սահմանակից պետություններով տարանցիկ  երկաթգիծ, նավթամուղ և գազատար` Իրան-Հայաստան-Վրաստան ուղիների խափանումը Ռուսաստանի Դաշնության, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Մետաքսի ճանապարհի ապագա ծրագրում Հայաստանի ներգրավվածության խոչընդոտումը:

–Հայաստանի Հանրապետության Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունը հանդիսանում է համագործակցություն այնպիսի պետությունների հետ, որոնց քաղաքականությունը հակասում է Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ազգային շահին և հայ ժողովրդի ազգային անվտանգությանը:

–  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անգործությունը և նրա կողմից ստանձնած պարտականությունների չկատարումը կառույցի անդամ Հայաստանի Հանրապետության հանդեպ:

–«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի նախագծի վավերացումը, համաձայն որի` հայկական հակաօդային պաշտպանությունը կարգավորող մի մարմին է ստեղծվում, որը կառավարվելու է Ռուսաստանի Դաշնության կողմից խաղաղ կամ պատերազմական իրավիճակում Հայաստանի հակաօդային պաշտպանության հարցերում որոշումների կայացման ժամանակ, ինչը, ըստ էության, Ռուսաստանի Դաշնությանն է փոխանցում Հայաստանի և Արցախի հակաօդային պաշտպանության կառավարումը, գումարվում է առկա սպառնալիքներին:

Ուստի, ելնելով վերոգրյալից` «Ժառանգություն» կուսակցությունը կոչ է անում Ադրբեջանի կողմից ագրեսիայի հաջորդ փուլը կանխելու համար դադարեցնել առկա բոլոր տեսակի գործողությունները, որոնք խոցում են Արցախի և Հայաստանի Հանրապետությունների ազգային անվտանգությունը: Պահանջում է հրավիրել Արցախի և Հայաստանի Հանրապետությունների խորհրդարանների համատեղ նիստ և ընդունել միասնական ազգային անվտանգության և ռազմական հայեցակարգեր (որի նվազագույնը Հայրենի բնօրրանի 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքի ամբողջականության վերականգնումն է), հրաժարում ցանկացած տիպի բանակցություններից, որոնք պարունակեու են Արցախապատկան տարածքների հանձնում և օտար զինված ուժերի ներկայություն Արցախում:

 

«Ժառանգություն» կուսակցություն

29 հունիսի 2016թ., Երևան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին